Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

«Ես վստահ եմ, որ նոր սերունդը մեզնից լավ է պահելու այս երկիրը»

«Ես վստահ եմ, որ նոր սերունդը մեզնից լավ է պահելու այս երկիրը»
13.05.2016 | 09:41

Ֆրանսիայում 1977-ին հիմնված «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության նպատակն է նորոգել և պահպանել հայոց պատմական հայրենիքի ավերված հուշարձանները՝ եկեղեցիներն ու վանքերը։ «Ամեն տարի տարեկան հաշվետու ժողովներ ենք հրավիրում: Այս տարի ծրագրերն անհամեմատ շատ են,- մեզ հետ զրույցում ասաց «Երկիր և մշակույթ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:- Անցյալ տարի Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին անվանումը՝ Նալբանդ) գյուղում Չիչխանավանքը վերականգնեցինք ու վերաբացեցինք, այս տարի ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները պետք է վերջացնենք: Չեմ ուզում փնովել որևէ մեկին, բայց մենք սկսած գործը ավարտին ենք հասցնում: Եթե պատմական միջավայրի տարածքը չի բարեկարգվել, համարում ենք, որ գործը չի ավարտվել: Խորհրդային տարիներից մինչ օրս մեր հուշարձանները մասնակի են վերականգնվում, չեն ավարտվում աշխատանքները: Շուրջ քսան տարի է՝ Քոբայրի վանք են նորոգում, մի քանի տարի` Սանահինի վանք: Բայց երբևէ, գոնե վերջին քսան տարիներին, չգիտեմ մի դեպք, որ պատմական հուշարձանի տարածքը բարեկարգվի»:


Ի՞նչ է ենթադրում բարեկարգումը` հետաքրքրվում եմ: Զրուցակիցս հստակեցնում է, որ ցանկացած հուշարձանի տարածք ունի պատմական հարուստ շերտ` տապանաքարեր, խաչքարեր, հենապատեր, աստիճաններ և այլն: Շուռ եկած տապանաքարերը պետք է կանգնեցնել, վերադասավորել, հողից մաքրել, վնասված տապանաքարերը կպցնել, հենապատերը ամրացնել, աստիճանները կարգի բերել, տարածքը ճիմապատել, ճեմուղիներ պատրաստել, հուշարձանի շուրջը եզրամայթեր ամրակայել, որ ջուրը չթափանցի հիմքերի մեջ, ծաղիկներ տնկել: Ինչո՞ւ ոչ` ցուցանակ տեղադրել` հուշարձանը ներկայացնել հանրությանը, զբոսաշրջիկներին: Որոշ տեղեր պետք է նույնիսկ ցանկապատել, որ կենդանիները մուտք չունենան:


«Հուշարձանը ավարտուն տեսքի բերելու համար որքա՞ն ժամանակ է պահանջվում» հարցին ի պատասխան ճարտարապետն ասաց, որ աշխատանքները որոշակի կարգուկանոն են ենթադրում: Սկսում են հնագիտական աշխատանքներից, որից հետո նոր միայն ճարտարապետները մուտք են գործում հուշարձանի տարածք: Հնագիտական աշխատանքները անկանխատեսելի են, հստակ ժամանակ սահմանել հնարավոր չէ: Չիչխանավանքում, օրինակ, վեց տարի պեղումներ են արել: Արդեն սկսել են Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները: Առաջին փուլում նախատեսում են գիտահետազոտական աշխատանքներ, հնագետներն արդեն աշխատում են: Նաև տեղացիների են վերցնում աշխատանքի` վճարովի հիմունքներով: Հուլիսից կմիանան կամավորները:

Անգեղակոթ


«Երկիր և մշակույթը» ամեն տարի կամավորներ է հավաքագրում դրսից,- ասում է Ստեփան Նալբանդյանը:- Կան մարդիկ, որ ամեն տարի գալիս են: Տարիքը, մասնագիտութունը կապ չունեն, միայն անփաչահասները չեն կարող միանալ ծրագրին: Նրանք գալիս են հայրենիք, որ մասնակցեն հեռավոր գյուղերի հուշարձանների վերականգնման աշխատանքներին: Սկզբում բողոքում են պայմաններից, հետո ընտելանում են, սիրում գյուղը: Գյուղ ասելով՝ նկատի ունեմ մեր բնաշխարհը, մշակույթը, պատմությունը, կենցաղը, խոհանոցը: Շատերը սիրահարվում են, ամուսնանում: Շատերը գալիս են, էլ չեն վերադառնում: Այն էլ ասեմ, գալիս են իրենց սովորություններով` կարճ շորտերով, կարճ համազգեստով, հետո զգալով, որ սխալ են հագնված, գյուղերում ընդունված չէ, փոխում են հագուստը»:

Չիչխանավանք


Վերադառնալով ծրագրերին` ճարտարապետն ասաց, որ օգոստոս ամսին կայանալու է Կապանի Շիկահող գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաբացման ու վերաօծման արարողությունը: Համայնքը հավատքի ոչ մի օջախ չունի, պատմություն ունի, որ ավերված է: Բացի այդ, Շիկահողը Մելիք-Նուբարյանների տոհմական գյուղն է եղել: Մենք գյուղին ենք հանձնում եկեղեցին, վստահ լինելով, որ կպահեն, կպահպանեն այն:
Օգոստոսի կեսին բարձրանալու են Տանձափարախ: Շուրջ հինգ տարի է՝ ԵԿՄ կամավորականները, «Հավատք ու ժառանգություն» խմբի արշավականները, Բեխ թաղամասի բնակիչները մասնակցում են Սյունիքի մարզի Բեխի կամ Տանձափարախի անապատի բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներին: Արշավախումբը ղեկավարում է Ստեփան Նալբանդյանը: Նրա խոսքով` աշխատանքներն այստեղ չեն էլ ավարտվի, միտք չունեն վերականգնելու, նպատակը ավելի շատ մաքրելն է` պատմությունը բուսածածկույթի ու հողի շերտերից ազատելը, գետնի տակից հանելը: Տանձափարախ վանական համալիրը կղմինդրապատ է եղել: Կարիք չկա պատերը շարելու, ծածկ դնելու: Անտառը հոշոտելու է այդ ամենը:

Վանական համալիրը, որի կենտրոնում գտնվում է բազիլիկ եկեղեցին, Կապան քաղաքի Բեխ թաղամասից մոտ 5 կմ հեռավորության վրա է, խիտ անտառի մեջ: Ճանապարհը դժվարամատչելի է, այնտեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով: Գյուղացիները որպես ուխտավոր են այցելում: Տարբեր վայրերից գալիս են նաև «Վարդապետի աղբյուրից» ջուր խմելու, որը, ասում են, բժշկող ուժ ունի:


Արշավախմբի ղեկավարն ասաց, որ սեղանատունը միտք ունեն կացարան դարձնել ուխտավորների և զբոսաշրջիկների համար, ինչը նաև որոշակի եկամուտ կբերի գյուղի բնակիչներին: Տանձափարախը, սակայն, ուսապարկ սիրող զբոսաշրջիկների համար չէ, ավտոճանապարհ այստեղ չկա: Միայնակ մնալը նույնպես խորհուրդ չի տրվում (կացարանը նաև այդ նպատակով են սարքում), տարածքում վայրի կենդանիներ կան` արջ, վարազ, լուսան, սկյուռ, եղնիկ:


2012-ին վերաբացվեց Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Սակայն այստեղ դեռ անելիքներ կան: «Սկսել ենք պատմական տարածքի, եկեղեցուն կից քարայրների վերականգնման աշխատանքները, որ հնարավոր լինի հանգստանալ, սուրճ խմել, համակարգչից օգտվել, գիրք կարդալ: ՈՒղեկցողներ, լուսաբանողներ կլինեն: Շատ եմ տեսել, որ օտարերկրացիները բարձրանում են քարայրները, կուրախանան, եթե կարողանան մի բաժակ սուրճ խմել: Եկեղեցու արևելյան կողմում Մելիքի Օհանի ապարանքը, կարելի է ասել, վերաստեղծելու ենք, ամբողջովին քանդված է, նպատակ ունենք մշակութային կենտրոն դարձնել: Դա նոր ծրագիր է, ու, ինչպես միշտ, սկսելու ենք պեղումներից: Հողի տակից ինչ հնարավոր է, հանում ենք, որ իմանանք՝ ինչ անենք»:


Ստեփան Նալբանդյանը նշեց նաև, որ Անգեղակոթում կա մի կոթող, որտեղ, ըստ Մորուս Հասրաթյանի գիտական վարկածի, թաղված է Վարդան Մամիկոնյանը: Եթե հարկ լինի, հնագիտական ուսումնասիրություն կանեն, մինչ այդ գիտաժողով է հրավիրվելու: Գիտահետազոտական ու նախագծման աշխատանքներ են տարվելու նաև Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի մոտ գտնվող Օխտը դռան վանքում, որին կհաջորդեն վերականգնման աշխատանքները: Ծրագրերը շատ են, ճարտարապետը հավելեց նաև, որ ամեն տարի երեք-չորս օրով երիտասարդ ճամփորդականները բարեկարգում են, մաքրում պատմական որևէ տարածք՝ «Հավատք ու ժառանգություն» ծրագրի շրջանակում:
Կամավորները հայրենիքը ներսից ճանաչելու հնարավորութուն են ունենում: Նույն նպատակին են ծառայում վերջին շրջանում մեծ տարածում գտած խմբարշավները: Ստեփան Նալբանդյանը համոզված է, որ այդ ճանաչողությունը ոգևորում է, բորբոքում սերը հայրենիքի նկատմամբ, ուզում ես ապրել, աշխատել, ստեղծագործել հայրենիքում. «Երկիրը սիրելու համար նախ պետք է ճանաչել այն: Երիտասարդներն ուզում են ամեն ինչ իմանալ, սովորել, մի բան գողանալ մտքիցդ, մի բան տանել: Ես ֆեյսբուքյան իմ էջում պատմական մեր միջավայրի մասին տարբեր պատմություններ, նկարներ եմ տեղադրում: Չեք պատկերացնի՝ ինչ արձագանք է ունենում, ինչքան շնորհակալություններ են հայտնում, ասում են` տեղը սովորեցինք, վաղը գնում ենք: Լուսանկարները տարածում են: Ես ուրախանում եմ: Հենց այդ հայրենիքը սիրող, ոգևորված երիտասարդությունը այս օրերին պաշտպանեց մեր երկրի սահմանները: Ես վստահ եմ, որ երիտասարդ սերունդը մեզնից լավ է պահելու այս երկիրը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Անգեղակոթ
  • Բեխ
  • Բեխ
  • Բեխ
  • Բեխ
  • Բեխ
  • Բեխ
  • Բեխ
  • Բեխ
  • Չիչխանավանք
  • Չիչխանավանք
  • Չիչխանավանք
  • Գորիս
  • Գորիս
  • Գորիս
  • Գորիս
  • Գորիս
  • Գորիս
Դիտվել է՝ 7257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ