Ռուսաստանի ՀՆԱ-ն 28% անկում է գրանցել

Ռուսաստանի ՀՆԱ-ն 28% անկում է գրանցել
21.05.2020 | 10:08

Անցած տարվա համեմատ ՌԴ ՀՆԱ-ն ապրիլին կրճատվել է 1/3-ով: Նավթի գնանկումը համարյա նույն բացասական ազդեցությունն ունի, ինչպես կորոնաճգնաժամը՝ գրում է Անդրե Բալենը Handelsblatt-ում: Տարբեր մաթեմատիկական մոդելների համաձայն՝՝մայիսի 18-ին Ռուսաստանը հասել է ճգնաժամի պիկին: Բայց փորձագետները նախազգուշացնում են երկրորդ ալիքի մասին, եթե սահմանափակումները չափազանց վաղ հանվեն: Այնուամենայնիվ, Կրեմլը արդեն մի քանի օր առաջ որոշել է փուլ առ փուլ թուլացնել կարանտինը՝ «ոչ աշխատանքային օրերը»: Շատ ռեգիոններում հապճեպ բացել են ձեռնարկությունները, որովհետև տնտեսությունն արդեն աղետալի վիճակում է: Ապրիլին ՌԴ ՀՆԱ-ն 28% անկում է ունեցել՝ նշվում է ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվության մեջ, որի համաձայն՝ բոլոր արդունաբերական ապրանքների ու ծառայությունների գինը 6,3 տրիլիոն ռուբլի է (80 միլիարդ եվրո), որ 2,4 տրիլիոն ռուբլով պակաս է 2019-ի ապրիլից:


Հաշվի առնելով փաստը, որ այս ընթացքում ռուբլին կորցրել է արժեքի 15%-ը եվրոյի ու դոլարի համեմատ, միջազգային համեմատության մեջ անկումը ավելի նշանակալից է: Ամսվա վատ ցուցանիշները սպասելի էին: Մարտի համեմատ ՀՆԱ-ն 1/3 է անկում գրանցել: Ռուսաստանում ապրիլին սահմանված սահմանափակումներին ավելանում է նավթի գնանկումը: 2019-ի ապրիլին ռուսական Urals նավթի մեկ բարելը 71,5 դոլար էր, այս տարի՝ 18,2: Oxford Economics-ի ավագ տնտեսագետ Եվգենի Սլեպցովի խոսքով՝ կարանտինը ավելի մեծ դեր է խաղում ՀՆԱ-ի կրճատման մեջ, քան նավթի գնանկումը:

Նրա հաշվարկով՝ հարաբերակցությունը 3:2 է: Այս պատճառով սահմանափակումների կրճատումը, հավանաբար, կբարելավի մայիսի ցուցանիշները: «Կարանտինի պայմանների աստիճանական թուլացումը պետք է նպաստի, որ տնտեսաան ակտիվության անկումը նվազ նշանակալից լինի, քան սպասվում էր»՝ հույս ունեն Ալֆա բանկի վերլուծաբանները: Բայց ամբողջ ուժով ՌԴ տնտեսությունը դեռ երկար չի աշխատի: Ռեստորաններն ու հյուրանոցները նվազագույնը մինչև հունիս փակ կմնան: Թեպետ նավթային ոլորտը ուրախանում է դանդաղ աճող գներով, մայիսի սկզբից ստիպված էին կրճատել նավթարտադրությունը: Քանի որ շատ հորատող սարքեր հնացած են, արդեն հիմա պարզ է, որ ոչ բոլոր հանքավայրերում հնարավոր է վերականգնել նավթի հանույթը: Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի՝ 28 տնտեսագետների հարցման արդյունքները ցույց տվեցին, որ ՌԴ ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կկրճատվի հավանաբար 10,7%: Իրավիճակը մի քիչ կբարելավվի երկրորդ կիսամյակում, բայց ՀՆԱ-ի անկումը կմնա 4% երրորդ եռամսյակում և 2,8% չորրորդ եռամսյակում: ԿԲ-ի կանպատեսումով՝ ՀՆԱ-ի տարեկան անկումը կլինի 4-6%: Նախաճգնաժամային մակարդակին ՌԴ ՀՆԱ-ն կվերադառնա միայն 2022-ին:
Անդրե Բալեն | Handelsblatt


Հ.Գ. Կորոնավարակի առումով դրական տեղաշարժ նույնպես չկա՝ երեկ մահաթվի հակառեկորդ գրանցվեց, բայց և նվազել է վարակաթիվը:
«Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակն աստիճանաբար կայունանում է», հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք անցում ենք կատարում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է՝ հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին», - ասել է ՌԴ վարչապետը: Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 164 000 մահճակալ են առանձնացրել, 24 000՝ 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում: Իսկ Պուտինը լռում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ