Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կորած, չհասկացված պոետը անհասկանալի պատճառներով կորսված մարդկայնությունն է»

«Կորած, չհասկացված պոետը անհասկանալի պատճառներով կորսված մարդկայնությունն է»
24.07.2018 | 12:28

Ընթերցողի սեղանին արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ երկու նոր գրքերն են՝ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուն և «Անհաշտ վեպերը», որտեղ տեղ են գտել «Սուրբ ստրուկներ» և «Եթե բացառենք գիշերը» գործերը:

-Ինչու՞ անհաշտ:
-Այն պարզ պատճառով, որ վեպերը, իրոք, անհաշտ են թե՛ իրականության հետ և՛ թե իրար հետ։ Առաջինը՝ «Սուրբ ստրուկները», երգիծավեպ է կամ, ավելի ճիշտ, սարկաստիկ վեպ։ Թեև իմ շատ գործերում և՛ հումոր կա, և՛ ծաղր, բայց ժանրային առումով սա իմ առաջին երգիծական գործն է, եթե չհաշվենք իմ երկու պիեսները՝ «Մերժված հրեշտակի խիղճը» և «Երկիր Նաիրին», որոնք այդպես էլ չբեմադրվեցին։ Մյուսը՝ «Եթե բացառենք գիշերը», վեպ է կորած արվեստագետի, կորսված անհատականության մասին։ Ընկերներիցս ոմանք պնդում էին, որ վեպը առանձին գրքով պիտի լինի, միասին հրատարակելը ճիշտ չէ, բայց, դե, հո մի տարում երեք գիրք չէի՞ հրատարակի. թիթիզություն կլիներ։
-Գրքի ծնունդը ո՞ր դեպքում է համարվում գրական նորություն, կարևոր իրողություն: Ինչպե՞ս է ընդունվում մեր երկրում գրական երկարամյա փորձ ունեցող, գոնե գրական շրջանակներում հեղինակություն ունեցող գրողի աշխատանքը։
-Այս հարցը պետք է տալ գրողների միության անդամ գրականագետներին, ովքեր, բացառությամբ մեկ-երկուսի, անգամ տուն առաքելու դեպքում չեն կարդում, առավել ևս,չեն գրախոսում ոչ մի գիրք, գրականության ինստիտուտի ժամանակակից գրականության բաժնին, համալսարանի ժամանակակից գրականության ամբիոնին, ժամանակակից արվեստի անվան տակ եթերը տգիտությամբ լցրած հեռուստաընկերություններին, գրադարաններին, որոնք սովոր չեն ժամանակակից հեղինակների գրքերը գնելու: Նույնիսկ երկու դեպք է եղել, երբ գրադարանից ինձ զանգել են, ասել, որ ընթերցողները պահանջում են Ձեր գիրքը, բայց մենք չունենք, եթե ուզում եք Ձեր գիրքը կարդան, բերեք, նվիրեք: Դե հիմա ասեք, ի՞նչ պետք է անի որևէ մեկը իր հրատարակած լավ կամ վատ գրքով ամենաթողության այս պատի դեմ։ Էսօր մենք էնքան նեղն ենք ընկել, որ փառք ենք տալիս մեր ատած սովետին։ Եթե սովետի օրոք պետությունը չպահանջեր ժամանակակից գրողների գործերը վերածել ֆիլմերի, ո՛չ Հրանտի, ո՛չ Զորայր Խալափյանի, ո՛չ Աղասի Այվազյանի, ո՛չ Թոթովենցի և ո՛չ էլ շատ շատերի գործերն ու սցենարները ֆիլմեր չէին դառնա, որոնցով էսօր հպարտանում ու հիանում ենք։ Իսկ առհասարակ, ինձ համար, որպես հեղինակի, ցանկացած ժողովածուի լույսընծայում իրադարձություն է, զարգացման ևս մեկ փուլ իմ ստեղծագործական տարածքում։
-Պատմվածքների ժողովածուում ի՞նչ գործեր են ընդգրկվել:
-«Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն վերահրատարակություն է։ Այն մաս էր կազմում 2015 թ. նախագահի մրցանակ ստացած «Ագռավները Նոյից առաջ» գրքին, և մի տեսակ, ասես, մնաց վեպի ստվերում, թեև էնտեղ շատ արժեքավոր պատմվածքներ կան՝ «Արևելյան պատի տակ», «Լուսնի մահվան օրը, «Ժառանգություն», «Երկրորդ կիրակին ներառյալ» և այլն։ Դրա համար էլ, երբ գրողների միությունը ինձնից գիրք հրատարակելու ցանկություն հայտնեց, ես դա առաջարկեցի։
-Սկզբում թվում է, թե իրական պատմության հենքի վրա կառուցված հումորային վեպ է, իսկ հետո սկսվում է աբսուրդը, քաղաքական աբսուրդը: «Սուրբ ստրուկները» քաղաքակա՞ն վեպ է:
-Սկսենք վերնագրից. միջնադարյան կաթոլիկ աշխարհում որոշ ծնողներ, Աստծուն իրենց նվիրվածությունը ապացուցելու համար, սեփական զավակներին նվիրում էին եկեղեցուն, և այդ երեխաներն այնտեղ կատարում էին ամենակեղտոտ ու ամենասև աշխատանքները։ Այդ երեխաներին անվանում էին «սուրբ ստրուկներ»։ Ես ընդհանրություն եմ տեսել միջնադարյան ծնողների և իմ հերոսների ծնողների միջև, ովքեր իրենց թողած պատգամներով հարամում են սեփական ժառանգների կյանքը, ստիպում կյանքը վատնել սուտ, անհեթեթ բաների վրա։ Շատ դժվար էր ինձ համար հերոսի հարցը, որպես կանոն, հերոսները վերջում են մեռնում, իսկ իմ հերոսը հենց սկզբից արդեն դիակ է, և ես նրան պիտի ապրեցնեմ։ Քաղաքակա՞ն է։ Մեզ այդպես է թվում, որովհետև բոլորովին վերջերս մենք այդ քաղաքական իրավիճակում էինք։ Բայց քիչ չեն այն կեղծ պատգամները, որոնք, վեպում նկարագրված դիակի պես, մարդիկ քարշ են տալիս ողջ կյանքի երկարությամբ՝ խեղաթյուրելով, արժեզրկելով անգամ սրբազան ապրումներն ու արժեքները՝ սեր, հայրենիք, զինվոր, պատերազմ ու խաղաղությունը, ծնունդ ու մահ: Այդտեղ ոչ միայն քաղաքական գործչի, նաև ժողովրդի կերպարն է, ի վերջո, ովքե՞ր էին դիակին սրբացնում՝ նրան կերակրող-հագցնող-լողացնող-ման տվողները, այսինքն՝ ժողովուրդը։
-Դուք չեք խնայում ո՛չ ժողովրդին, ո՛չ իշխանավորներին: Հետաքրքիր է` ե՞րբ եք գրել վեպը, թավշյա հեղափոխությունից առա՞ջ, թե՞ հետո:
-Հասկանալի է, որ հեղափոխությունից առաջ՝ հունիսին արդեն գիրքը կար։ Ովքեր գրում են, գիտեն, որ վեպը մեկ օրում չի գրվում։ Իսկ ես, առհասարակ սովորություն ունեմ ամիսներով գործը թողնելու դարակում, որպեսզի հետո օտար աչքով կարդամ։ Մանավանդ, Ֆելիքս Մելոյանի մահից հետո խմբագիր չունեմ (եթե նկատել եք, գիրքը խմբագիր չունի), մի քիչ ավելի երկար մնաց դարակումս։ Ի դեպ, շատ հեղինակներ են ասում, որ այս հեղափոխությամբ իրենց գործերը դարձան ժամանակավրեպ։ Ես այդպես չեմ կարծում։ Ես հրապարակախոսական հոդված չեմ գրել, այլ վեպ: «Քաջ Նազարը» կամ «Մեծապատիվ մուրացկաններն» էլ մեր օրերում չեն գրվել, բայց արդիական են բոլոր ժամանակներում: Թեև, իրոք, այլ բան է, երբ դու բռնապետի մասին գրում ես նրա կենդանության օրոք, այլ բան է, երբ գրում ես նրա մահից հետո։ Բայց դա խիզախության հարց է, ոչ թե գրական արժեքի։
-Ինչ-որ բան կփոխվե՞ր, եթե վեպը այսօր գրեիք:
-Դժվար թե: Մի քիչ կասկածներ ունեմ գործի լեզվի հետ կապված։ Անձամբ ես կարծում եմ, որ չարժե շքեղ լեզվով գրել բացասական հերոսի մասին և լեզվի միջոցով սիրել տալ նրան։ Բացասական հերոսին պիտի խղճան, ծաղրեն, արհամարհեն, բայց ոչ սիրեն։ Եվ դրա համար ընտրեցի պարզ, անպաճույճ լեզուն։ Բայց մինչև վերջ վստահ չեմ՝ ճի՞շտ արեցի։
-«Սուրբ ստրուկների» ավարտը հույսի տեղ չի թողնում: Ժողովրդից հայրենիքի պաշտպանության անվան տակ մետաղ են կորզում, հետո ոսկուն են անցնելու: Հնարավոր չէ՞ իրապես պաշտպանել մեր երկիրն ու մեզ և՛ ներսից, և՛ դրսից:
-Չեմ կարծում, թե վերջաբանը հույսի տեղ չի թողնում։ Ժողովուրդը գողանում է սրբացված դիակը, ոչնչացնում։ Եթե չկա դիակը, չկան նաև նրա ծառաները, և կարևոր չէ, որ նրանք որոշում են՝ չարժե նոր բանտ կառուցել, «երկրի վրա մի կողպեք ես դնում, և բանտն իր կալանավորներով պատրաստ է»։ Նրանք ևս ճիշտ չեն գնահատում իրավիճակը: Ի դեպ, սա իմ այն գործերից է, որոնք կարելի է մարգարեական համարել։
-«Եթե բացառենք գիշերը» վեպը նախապատմությու՞ն ունի:
-Ես էլ չհասկացա, թե ինչու այս գործի հերոսները որոշեցին գրողներ լինել։ Ոստիկանի կերպարը նախապես կար, իսկ գրողները պարզապես պարտադրվեցին, և ես չկարողացա նրանց այլ կերպ ստեղծել: Առհասարակ էս վեպում մի քիչ սրիկայություն եմ արել. հերոսուհին ասում է, որ չի սիրում իր գործերում օգտագործել ինքնակենսագրական դրվագներ, որովհետև երբ նման բան է անում, իրեն թվում է՝ սեփական կենսագրությունն է կողոպտում։ Իրոք, սա իմ կարծիքն է, որը ես ասել եմ իմ հերոսուհու բերանով։ Մյուս կողմից էլ այստեղ օգտագործել եմ իմ կենսագրությունից մի քանի բան. նախ՝ որ հերոսուհին արձակագիր է, հորաքրոջ զույգերի և տատի թաղման, ռևիզոր հարևանի և հավ մորթելու, ռադիոյով պատմվող հերոսուհու ծննդյան պատմությունը և այլն, բացարձակ ճշմարտություններ են։ Ես ունեմ հորաքրոջ զույգ տղաներ, և իրոք այդպիսի դեպք պատահել է, Երևանում մենք ունեինք ռևիզոր հարևան, և ես նրանց լոգարանում, իրոք, կես ժամում մորթել եմ մոտ երեսուն աքլոր, իսկ իր ծննդյան պատմությունը, որ հերոսուհին պատմում է ռադիոյով, իմ ծննդյան պատմությունն է, ես իրականում ծնվել եմ ոչ թե Կարճաղբյուրում, այլ Ծովակում, այն ժամանակ՝ Զաղալու, որովհետև մեր գյուղում բուժկետ չի եղել, և իրոք ծնվել եմ ձախ ձեռքս դուրս հանած, ուսով, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքում, և մայրս անընդհատ հիշում էր այդ ծանր օրը և հիանում անգրագետ տատմոր արհեստավարժությամբ, որ երկուսիս կյանքն էլ փրկել է:
-«Եթե բացառենք գիշերը» վեպում ասում եք. «Գրասեղանի վրա կուտակված թղթերին նայելով զգացի, թե որքան եմ հոգնել գրականությունից՝ ինչպես հոգնում են խանդոտ ամուսնուց, ծեր ծնողից կամ կրծքի երեխայից»: Այս համեմատություններով ընդգծում եք գրի ծանրությու՞նը, անխուսափելիությու՞նը, թե՞ կարևորությունը։
-Ընդգծում եմ այն, որ գրականությունն էլ կարող է հոգնեցնել, բռնանալ քեզ վրա, խղճիդ վրա, շահագործել քո նվիրվածությունը, ինչպես դա անում են հայրենիքը, ընտանիքդ, հարազատ մարդիկ, իր կամքը պարտադրել՝ թույլ չտալով ապրել, ինչպես ուզում ես։
-Թվում է, թե իրադարձություն է դառնում գրողի անհետացումը, իրականում ընդգծում եք անկարևորությու՞նը։
-Անձամբ ես շեշտը չեմ դրել հերոսի գրող լինելու վրա, էլ չասես, որ գրողն էլ սովորական մարդ է՝ սեփական չնչինության գիտակցումով։ Ես խոսում եմ մեր միջից մարդու և մարդկայնության անհետացման մասին։ Եթե հիշում եք, ոստիկանը հարցնում է՝ ու՞ր գնաց մարդը. որ երեկ մեր կողքին էր, մեր մեջ, ինչու՞ լքեց մեզ, ու՞մ արժան համարեց իր կյանքը։ Կորած, չհասկացված պոետը անհասկանալի պատճառներով կորսված մարդկայնությունն է։
-Գրողն իր կտակում չինովնիկներից պահանջում է մահից հետո իր արձանը չկանգնեցնել։ Մեր օրերում մի՞թե կենդանության օրոք մեծարվող գրողներ չկան։ Ավելին, գովազդն այնքան մեծ դեր ունի, որ տաղանդը պարտադիր չէ բեսթսելլերների ցանկում հայտնվելու համար։
-Չեմ կարծում, թե որևէ նորմալ գրողի երազանքը բեսթսելերների ցանկում հայտնվելն է։ Առավել ևս մեզ մոտ, երբ էդ ցանկը կազմում են աստված գիտե ովքեր։ Եթե հիշում եք, գործում կա նաև գրողների միության նախագահի կերպար, որը, իհարկե, այժմյան նախագահը չէ, այլ հորինովի կամ, ավելի ճիշտ, հավաքովի կերպար է։ Նա հերոսին ասում է. «Քանի մարդը կա՝ ա՛նձն է որոշողը. քո երկար լեզուն, արդարության քո անպտուղ որոնումները, տաղանդը պատճառ չեն, որ քեզ հանդուրժեն»։ Այսինքն, հերոսին հարվածում են մարդիկ, ովքեր պիտի որ օգնեին, ովքեր նրա հետ լծված են նույն սայլին. մեկին դուր չի գալիս, որ իրենից տաղանդավոր է, մյուսը վրեժ է լուծում, որ իր ջահելության վկան է, երրորդի արած գողությունից է տեղյակ: Ամեն մեկն էլ մի պատճառ ունի ատելու։ Այնպես որ, մեր օրերում փոխվել են տաղանդի գնահատման ձևերը, այսօր ինչքան անտեսված ես, այնքան տաղանդավոր ես, իսկ իմ հերոսին հետմահու փառքը չի գայթակղում, նա ապրող մարդ է և այսօր է ուզում իր ստեղծածի արդյունքը տեսնել, դրա համար էլ գրում է այդ կտակը։
-Հերոսը խոստովանում է. «Ես ստոր արարած եմ, ձայնս վաճառել եմ հինգ հազար դրամով»: Ես հաստատեցի՝ իրոք որ սրիկա է, գոնե տասը հազար ուզեր»։ Մեր կյանքի բոլոր մանրուքները երևան եք հանել, սկսած խղճի ու ձայնի վաճառքից. ինչպես է հաջողվում ողջ այդ պատությունը համեմել հումորով, անչար, ես կասեի՝ ներողամիտ ծաղրով։
-Հիշու՞մ եք, դպրոցական տարիներին մտածում էինք` ուսուցիչները հաց չեն ուտում... հիմա՝ գրողներն էլ սովորական մարդիկ են, ունեն իրենց կարիքները, թուլության պահերը, և պետք չէ նրանցից վերերկրային արարքներ սպասել. վերերկրային ինչ ունեն՝ իրենց գործերում է։ Ձայն վաճառելն ի՞նչ մի հանցանք է, համաշխարհային գրականության մեջ ավելի վատ արարքներ գործած մեծություններ կան, քան իմ կորած պոետը իր վաճառած ձայնով: Ամեն մեկն ապրում է, ինչպես կարողանում է. գրողի հոգին ու միտքն էլ են ախտերի հանդեպ ընկալունակ, նրա ստամոքսն էլ նույն կառուցվածքն ունի, ինչ մյուսներինը, ինչու՞ ներողամտորեն չնայել:
-«Սոցիալական անարդարության, մարդու իրավունքների խախտման, կանանց բռնության, սեռական փոքրամասնությունների և նման թեմաներով գործեր ունե՞ս։ Պե՛տք է։ Թարգմանվելու հնարավորություն կա». սա, կարծում եմ, հնարովի առաջարկ չէ:
-Իհարկե, հնարովի չէ. որտեղից գալիս է փողը, այնտեղ էլ գնում է մարդու միտքը։ Չե՞ք տեսնում՝ մեր երկրում եթե որևէ մեկը վճարում է արվեստի համար՝ միջազգային ծրագրերն են, որոնք նախօրոք հանձնարարում են թեման։ Մեր նախարարությունը գրականությանը պատվերներ չի տալիս, հազիվ խորովածի ու թթի փառատոներ է կազմակերպում, դեռ ստամոքսից վերև չեն բարձրացել, կամաց-կամաց կհասնեն սրտին, գլխին, հոգուն: Մնում է հուսալ, որ երբ նրանք հասնեն հոգուն, մեր երկրում գրողը, որպես տեսակ, վերացած չի լինի։

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ