Yerevan Perspectives International Music Festival
 

Սևանի երկուշաբթին

Սևանի երկուշաբթին
16.07.2019 | 10:41

Երեկ տեսախցիկների առաջ Սևան մտան Գեղարքունիքի մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը, Սևանի քաղաքապետը և բողոքող ձեռներեցները՝ ապացուցելու, որ Սևանում կարելի է հանգստանալ՝ առանց կյանքը վտանգելու: Քայլը, մեղմ ասած, հուսահատ էր:


Իսկ լողին նախորդել էր ճանապարհ փակելը: Նրանք առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից հետո հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ, խոստում էին պոկեցին, որ կխոսեն կառավարության պատկան մարմինների ղեկավարների հետ և կհայտնեն: Բողոքողները պահանջում են, որ առողջապահության նախարարը հաստատի՝ Սևանում լողալը վտանգավոր չէ: Այդպես փակվեց Երևան-Սևան ճանապարհը և գուցե ամբողջ օրը չբացվեր, եթե պատահաբար չհայտնվեր Սասուն Միքայելյանը ու չհամոզեր բացել՝ պայմանով. «Եթե կառավարության անդամները մինչև չորեքշաբթի հայտարարություն չանեն Սևանի վերաբերյալ, ես էլ կգամ ու էս մարդկանց հետ կփակեմ ճանապարհը: Ես չեմ կարող ասել, որ Սևանը մաքուր է, իրենք պետք է ասեն, բայց Սևանը մաքուր է, ի՞նչ է եղել: Ճիշտ է, մի պահ անցնելուց նկատել եմ, որ կանաչ է, բայց երեկ չէ առաջին օրը անցել եմ, լրիվ մաքուր էր: Եթե կա բան, թող հայտարարեն: Եթե թունավորված է լիճը, ձկները ինչի՞ չեն սատկում»:
Մարդիկ ուզում են աշխատել, և դա ճիշտ է՝ Սևանում հանգստյան սեզոնը կարճատև է: Իսկ եթե ջուրը վտանգավո՞ր է: Մարզպետի խոսքով՝ մի քանի անգամ ջրի փորձաքննություն է իրականացվել և վերջին արդյունքներով՝ ջրիմուռների ակտիվությունը նվազում է: Նա խնդրի երկարաժամկետ լուծումը տեսնում է լճի մակարդակի բարձրացման մեջ՝ շրջակայքը նախապես մաքրելով. «Այս խնդիրը նոր չէ, 2011-12 թ. սկսած՝ լճի մակարդակը չի բարձրացվել, մինչև 2011 թ. լճի մակարդակը բարձրացվել է և բացասական գործոններ չեն եղել, սակայն դրանից հետո այդ բացասական գործոնները գլուխ են բարձրացրել: Իսկ ամենագլխավոր պատճառը կլիմայի գլոբալ տաքացումն է, ինչի դեմ պետք է պայքարել: Պետք է ափերը մաքրել ու ջրի մակարդակը բարձրացնել»:


Ցուցարարները պնդում էին, որ Սևանի աղտոտվածության հայտարարությունները միտումնավոր են, որ Սևան քիչ մարդ գա, նրանք օրինակ էին բերում գովազդները՝ բոլորին հրավիրում են Քոբուլեթի, մեկին չեն ասում՝ Սևան գնա: Եվ ոչ ոք չէր ասում, թե ինչքան խնդիրներ են հանգուցվում Սևանում՝ սկսած ձկնագողությունից՝ վերջացրած կեղտաջրերի լիճ լցվելով, արանքում էլ բնապահպանականը: Մենք չսովորեցինք, որ Սևանը պահպանել է պետք, ոչ թե շահագործել մինչև վերջին կաթիլն ու վերջին օրը: Սևանը մեզ համար ամեն ինչ է, իսկ մե՞նք Սևանի համար: Փաստացի՝ ամենամեծ վտանգը Սևանի համար ոչ թե ջրիմուռներն են, այլ՝ սպառողի հոգեբանությունն ու վերաբերմունքը, սպառողի, որ չի մտածում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սևանի ջրիմուռների հարցը միայն Սևանին չի վերաբերում՝ եթե ջուրը իրոք թունավոր ու վտանգավոր է, ինչու՞ բնապահպանության ու առողջապահության նախարարները չեն արգելում ջրառը լճից և թույլ են տալիս, որ Արարատյան դաշտը ոռոգվի այդ ջրով: Թունավոր նյութերի կուտակումները սննդամթերքի մեջ ո՞վ է վերահսկելու, որևէ մեկը պատասխանատու՞ է, որ շուկայում հայտնված սննդամթերքը կարող է ոչ պակաս թունավոր լինել, քան լճի ջուրը:

Դիտվել է՝ 1200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao