Գերնախագահ

Գերնախագահ
21.12.2019 | 19:18

Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին է համարյա 20 տարի: Լրագրողների հարցերին հազվադեպ է պատասխանում, առավաելևս՝ իր նախագահական ժամկետի ավարտի մասին: Սակայն մամլո ասուլիսում նա խոսեց, գրում է Քրիստինա Հեբելը Der Spiegel-ում: Վերջին տարիներին Պուտինը ԶԼՄ-ների համար ավելի մատչելի չի դարձել, անգամ Կրեմլի պուլի լրագրողները նրան միայն էկրանին են տեսնում: Այդ պատճառով տարեկան ամփոփիչ ասուլիսները Պուտինի աշխարհը հասկանալու հազվադեպ հնարավորություններից են: Դա միակողմանի կանոններով ծես է, որ Պուտինը կազմակերպում է արդեն 15-րդ անգամ: Պուտինն ու նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ընտրում էին նրանց, ում թույլատրվում էր հարց տալ: Եվ, իհարկե, հազիվ թե ինչ-որ պատահականություն էր գործում: Պուտինն ունի թեմաներ, որոնց մասին ուզում է խոսել և թեմաներ, որոնցից խուսափում է: Քննադատող ռուսալեզու քիչ ԶԼՄ-ներ հարցի հնարավորություն ստացան: Ամռանը Մոսկվայում մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաները մնացին չհիշատակված: BBC-ի լրագրողի հարցը նախագահի դուստրերի բիզնեսի մասին լղոզվեց: Պուտինն անտեսեց նաև РБК-ի լրագրողի հարցը՝ Ռուսաստան-Բելառուս միությունը չի՞ ստեղծվում, որ նա կարողանա մնալ իր պաշտոնին 2024-ից հետո: 3 տարի հետո Պուտինի նախագահության ժամկետն ավարտվում է: Սահմանադրության համաձայն՝ նա այլևս չի կարող թեկնածությունն առաջադրել: Ու՝ ի՞նչ է լինելու: Մեկ անգամ նա արդեն Դմիտրի Մեդվեդևի հետ պաշտոնը փոխանակել է: Ծրագրու՞մ է նույնն անել: Ի՞նչ մտադրություններ ունի: Ուզու՞մ է «բելառուսական լուծումն» օգտագործել, թե՞ կփոխվի Սահմանադրությունը: Նախկինում նախագահը բարձրաձայնում էր Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, հիմա խոսում է միայն մեկ հոդվածի մասին՝ առավելագույնս երկու նախագահական ժամկետների մասին հոդվածում կարելի է ջնջել երկու բառը: Դա ազդանշան է, որ նա պատահաբար չի հղում: Պուտինի պես մարդը հենց այնպես բարձրաձայն չի մտածում: Նա ակնարկում է, որ մտադիր չէ Սահմանադրության մեջ մեծացնել նախագահի իրավասությունները: Դա նշանակում է, որ 2024-ը կլինի նրա նախագահության վերջին տարին, որի մասին արագ հաղորդեցին ռուսական ԶԼՄ-ները: Իրո՞ք այդպես կլինի՝ գիտի միայն մեկ մարդ՝ նա ինքը: Դա վերաբերում է նաև խորհրդարանի իրավունքների, նախագահի ու կառավարության իրավասությունների ընդլայնմանը, որ նա հնարավոր է համարում: Իժնչ է դա նշանակում՝ Պուտինը չասաց: Նա հաճույքով երկար խոսում է Ուկրաինայի մասին, նորից է հիշեցնում իր պահանջները, որոնց համաձայն խաղաղությունը Դոնբասում հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի կատարման դեպքում: Դա չի զարմացնում: Նոր չեն նաև Պուտինի պնդումները Թրամփի դեմ մտացածին մեղադրանքների մասին:


Միակ անակնկալն էր, որ պատասխանելով Der Spiegel-ի հարցին՝ Պուտինն ասաց, թե Բեռլինի Տիրգարտեն զբոսայգում Վրաստանի քաղաքացու սպանության գործով իրավական օգնության ոչ մի հարցում ռուսական կողմից չի եղել: Դա նախագահն ասել է նաև Փարիզում, նորմանդական սամիթում: Հիմա նա ասում է, որ եղել են միայն բանակցություններ հատուկ ծառայությունների մակարդակով: Ստեղծվում է տպավորություն, որ նախագահը չի ցանկանում բարդացնել ռուս-գերմանական հարաբերությունները:
Ռուս լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էին աղբի, ճանապարհների կառուցման ու դեղամիջոցների վատ որակի խնդիրները: Այս հարցերից հետո Պուտինը լիովին մտնում է բարերարի դերի մեջ, որ հաճույքով է խաղում՝ նրա պրես-շոուն վերածվում է սոցիալական աշխատանքի ժամի, բայց պատասխանները հաճախ մնում են անորոշ: Քանի որ հարցերը շատ փափուկ են ու սկսվում են շնորհակալությամբ, իսկ լրացուցիչ հարցեր թույլատրված չեն, Պուտինը հանգիստ կարող է կազմակերպել իր շոուն:
Քրիստինա Հեբել, Der Spiegel


Հ.Գ. ՌԴ նախագահի տարեվերջյան ասուլիսի մասին Էմանուել Գրիշպանը
Le Temps-ոււմ գրում է, որ Վլադիմիր Պուտինը իր հեռավոր ապագան ծրագրում է իբրև Ռուսաստանի ղեկավար: Հեռանա՞լ: Ոչ: Փոփոխություննե՞ր: Այո: Վլադիմիր Պուտինը ջանում էր ստեղծել տպավորություն, որ ինքը իշխանության նպատակ չունի, սակայն բազմիցս է ակնարկել, որ չի պատրաստվում թոշակի անցնել: Նա իրեն հատուկ խորհրդավորությամբ է պատասխանում այդ հարցերին: Պատասխանելով չորրորդ ժամկետի ավարտից հետո 2024-ի մտադրությունների մասին հարցին՝ Պուտինը հաստատեց երկար ժամանակ շրջանառվող լուրերը Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին: «Ի՞նչ կարելի է անել այդ ժամկետների վերաբերյալ: Հանել «անընդմեջ» բառը: Մերը երկու ժամկետ անընդմեջ է, ձեր խոնարհ ծառան երկու անընդմեջ ժամկետ ծառայել է, հետո հեռացել ու ուներ վերադառնալու սահմանադրական իրավունք, որովհետև դա արդեն անընդմեջ չէր»՝ ասաց Պուտինը: «Երկու անընդմեջ ժամկետների սահմանափակումը մեր որոշ քաղաքագետների ու հասարակական գործիչների մտահոգում է: Հավանաբար, կարելի է հանել»՝ ասաց Պուտինը ու առաջին անգան բարձրացրեց խորհրդարանի իրավասությունների ընդլայնման հարցը: 2024-ի վերաբերյալ իր մտադրությունները բացահայտելու փոխարեն՝ նա նախազգուշացրեց, որ կարող է նվազեցնել իրավահաջորդի իրավունքները:


«Ինչ-որ մեկը հավատու՞մ է, որ 2024-ից հետո Պուտինը կվճռի կորցնե՞լ իշխանությունը: Բոլոր ածանցյալ հետևանքներով,- հռետորական հարց է տալիս ընդդիմադիր Բորիս Վիշնեևսկին: -Նույնիսկ եթե հանենք «անընդմեջ» բառը, մնում են վաղուց քննարկվող բազում վարկածներ, որ ինչպես գտնում է նրա շրջապատը, թույլ կտա պահպանել իշխանությունը: Խորհրդարանական կառավարում, Պետխորհրդի ուժեղացում, Բելառուսի հետ միացում»: Յուրաքանչյուր սցենարում Վլադիմիր Պուտինը կղեկավարի ուժեղացված կառույց՝ ի վնաս նոր նախագահի: «Սահմանադրությունից «անընդմեջ» բառը հանելու հնարավորության մասին հայտարարությամբ Պուտինը ցույց է տալիս, որ հակված չէ իր լիազորություններն ընդլայնել Լուկաշենկոյի պես»,-գտնում է քաղաքագետ Ալեքսանդր Մակարկինը՝ ընդգծելով Կրեմլի հիասթափությունը երկու պետությունների ինտեգրման գոծընթացից, որտեղ «ամեն հարցով գործի 90 տոկոսն արված չէ»՝ ինչպես տրտնջաց Պուտինը: Նրա հույսերը ավելի շատ այն իրադարձությունների հետ են, որ ծավալվում են ոչ թե Բելառուսում, այլ՝ Կենտևոնական Ասիայում՝ «Արդիական է ոչ թե բելառուսական, այլ՝ ղազախական փորձը»՝ գտնում է քաղաքագետը: Ամռանը անխորտակելի նախագահը հեռացավ պաշտոնից, որ ստանձնել էր 1990-ին՝ անկախության հաստատումից, որ դառնա ցմահ գլխավոր առաջնորդ, որ բարձր է համաժողովրդական ընտրվող նախագահից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ