«Խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքն ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները»

«Խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքն ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները»
16.07.2013 | 18:22

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Մոսկվայում վթարի հետևանքով 18 մարդու մահված պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով, այն բանից հետո, երբ Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով, ինչը հայկական սոցցանցերում բողոքի առիթ է դարձել։

Օմբուդսմենի նամակում ասավում է հետևյալը.

«Ընդունե՛ք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:

Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:

Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար»։

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao