Հրաչյա Հարությունյանի դուստրը պահանջում է

Հրաչյա Հարությունյանի դուստրը պահանջում է
17.07.2013 | 13:15

ՙՇուրջ քսան տարուց ավելի է` բեռնատար մեքենաներ է վարում, բայց որ ավտովթարի պատճառ լինի, երբևէ չի եղել: Նա ընտանիքի շատ լավ հայր է՚,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես հորը ներկայացրեց օրերս Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, որն ասուլիսի էր եկել հորեղբոր տղայի` Արթուրի, հորաքրոջ աղջկա` Անահիտի, և փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ: Մեկ տարի չկա, որ Հարությունյանը մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն երբեք իր աշխատանքային կազմակերպության, պայմանների մասին հարազատներին ոչինչ չի տեղեկացրել: Այսօր նրանք դեպքի առնչությամբ և Հրաչյա Հարությունյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանում են միայն լրատվամիջոցների միջոցով, ոչ մի կապ չեն կարող հաստատել նրա հետ, իսկ փաստաբանների հետ այսօր հավանաբար կխոսեն:

Հրաչյա Հարությունյանի քրոջ դուստրը` Անահիտը, վտանգավոր է համարում դեպքը քաղաքականացնելը: ՙԹողեք ամեն ինչը, այստեղ մարդու արժանապատվությանն են կպնում, մարդու ազատազրկման հարցն է դրված: Մարդը գնացել է մեր ազատությունը պաշտպանելու, որ հիմա հանգիստ ապրենք: Մի ամիս շարունակ եղել է շրջափակման մեջ, գալուց մեկ ամիս ոչ մեկիս չէր ճանաչում: Ախր չեք տեսնում, որ մեքենան ձախ տանելով, փորձում է իրեն զոհել ու փրկել մարդկանց՚,-ասաց նա, իսկ Արթուրն անդրադարձավ դատարան կանացի խալաթով բերելու հանգամանքին: ՙԷսքան ժամանակ լսե՞լ եք, որ Ռուսաստանում կատարված տարբեր հանցագործությունների մեղավորներին դատարան այդպես բերեին: Եթե չլիներ մեսիջ, չեչենների հետ էլ նման կերպ կվարվեին՚,-ասաց Հրաչյա Հարությունյանի եղբորորդին:
Այս հանգամանքին առավել մանրամասն անդրադարձավ փաստաբան Տարոն Սիմոնյանը` ընդգծելով, որ դրանով խախտվել է մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրի, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթները: ՙԵթե մարդը կոմայի մեջ է ու նրան դեղամիջոցներով են արթնացրել, դա նույնպես անմարդկային վերաբերմունք է: Սա պատժելի է ներպետական օրենսդրությամբ և միջազգային նորմերով՚,-ասաց փաստաբանը:
Դստեր հիմնական պահանջն այն է, որ ՀՀ իշխանություններն օգնեն և միջնորդեն, որպեսզի հայրը պատիժը Հայաստանում կրի: Այս առնչությամբ էլ փաստաբանը նշեց. ՙՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական մեխանիզմներն առկա են և Հայաստանն էլ կարող է անձի նկատմամբ արդարադատություն իրականացնել՚:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao