Բաց նամակ

Բաց նամակ
19.07.2013 | 01:12

Հայաստանի
Հանրապետության
Ազգային անվտանգության ծառայության
պետ
գեներալ
ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ
ՀՅԴ գործով ՊԱՉ-ի
քաղբանտարկյալ
ԱՐՄԵՆԱԿ ԼԵՎՈՆԻ
ՄՆՋՈՅԱՆԻՑ


Մեծարգո պարոն Հակոբյան
Ցավում եմ, որ սույն նամակս ազատագրական պայքարի մեր տարած հաղթանակների շնորհավորանքներով չեմ սկսում, այլ նրա մարտիկ(ներ)ի դեմ կատարվող տարատեսակ խոշտանգումների փաստերով։ Տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի հունիսի 20-ի երեկոյան, ոչ աշխատանքային ժամին, 95# խուցը, ուր պարտադրված պատիժ եմ կրում նաև ես, ենթարկվեց անօրինական, չնախատեսված և գրաֆիկից դուրս «խուզարկության»։ Նման ասպատակության տեսակին ես ծանոթ եմ դեռևս 1985-91 թթ. ԼՂՀ Հադրութի շրջանից, որն այն ժամանակ իրականացնում էին խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ելուզակախմբերը։ Ասպատակության «նպատակը» անօրինական հեռախոսի հայտնաբերումն ու առգրավումն էր։ Այս առումով հարկ եմ համարում նշել երկու կարևորագույն փաստարկ.
1. Հեռախոսի հայտնաբերման և առգրավման դրդապատճառը «բացատրվում» է «դրսից եկած սվոդկայի» իրողությամբ։
2. Ադմինիստրացիային ինքնակամ հանձնված հեռախոսը փորձ է կատարվում արձանագրել հենց ի՛նձ վրա։
Մարդկային բանականությունը թույլ է տալիս մտածել, որ ԱԱ ծառայությունը անուղղակի կերպով անցանկալի անձ է ճանաչում և անվստահություն հայտնում ինձ` հեռախոսի գաղտնալսում և բացահայտում իրականացնելով, ապա այն արձանագրելով ինձ վրա որպես խախտում, օրենքով սահմանված կարգով արգելում է սույն թվականի նոյեմբերին իմ մասով պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու բացառիկ հնարավորությունը։
Սակայն մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ «գործ է սարքվում» մի գործչի դեմ, որը գալիս է արցախյան շարժման ակունքներից, 10 տարի պատերազմել է տարբեր ճակատներում, կազմակերպել և մասնակցել է հենց Ադրբեջանի վարչական տարածքներում հատուկ գործողությունների իրականացմանը, որոնց մի զգալի մասը դեռևս պահվում է որպես պետական գաղտնիք և դեռ երկրի անվտանգության գոնե մի չնչին մասն էլ վստահված է եղել իրեն։ Ապա ինչպես կարելի է բացատրել 20 տարի մեզ բանտում անօրինաբար պահելուց հետո նման զավեշտալի գործերի սարքումը։ Նշում եմ մեզ, քանզի ՀՅԴ գործով քաղբանտարկյալ Արսեն Արծրունու վրա էլ գործ է սարքվում արդեն ամսից ավելի։
Մինչդեռ համոզված եմ, որ ԱԱԾ-ում չի գտնվի անգամ նոր սերնդի թեկուզ մի ենթասպա, որն իր մասնակցությունն ունեցած լինի գործերի սարքմանը։ Թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ դա հակասում է ծառայության «modus vivendi»-ի տրամաբանությանն ու փիլիսոփայությանը։
Կարևորում եմ նշել հետևյալ արգումենտները.
ա) 1997-ից ՌԴ հատուկ ծառայությունները դադարեցրել են մեր դեմ որևէ տեսակի հետապնդումներ իրականացնել։ Դա պայմանավորվեց այն հանգամանքով, որ մենք այլևս չէինք կարող տարածաշրջանում ելցինյան նավթային քաղաքականությանը լուրջ խոչընդոտ հանդիսանալ,
բ) ՀՅ դաշնակցության վերնախավը չունի ոչ լծակներ և ոչ էլ պատճառներ մեզ ազատազրկման մեջ պահելու,
գ) ոչ Ադրբեջանի հատուկ ծառայությունների և ոչ էլ այն ժամանակվա Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Շուկյուռ Ռզաևի քինախնդրությունը չի կարող հանգեցնել նման էժանագին միջոցներով մեր դեմ գործերի սարքմանը։
Ի դեպ, փաստերն այլ բան են վավերագրում...
Մեծարգո պարոն Հակոբյան, խնդրում եմ Ձեզ կարգադրել համապատասխան ծառայություններին` բացահայտել, թե որն է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից դրդվող այս զավեշտի իրական պատճառը, և թե ինչո՞ւ է նա ամեն անգամ ասեկոսեների միջոցով հարվածի սլաքն ուղղում ՔԿ վարչության պետ, գեներալ Հայկ Հարությունյանի կողմը։ Խնդրում եմ նաև պարզեք, թե ո՞վ(քեր), ե՞րբ և որտե՞ղ են կայացրել մեզ վրա գործ սարքելու որոշումը, այն ակնկալիքով, որ այդ բոլոր փաստարկները կներկայացնեք ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին։
ՀՀ նախագահի կեցվածքն այս խնդրի շուրջ կարող է նվազեցնել, բացառել կամ հաստատել ձևավորվող այն կարծիքը, որ նախարար Թովմասյանը երբևիցե չէր կարող շրջանցել ՀՀ նախագահի որդեգրած քաղաքականությունը առանց նախագահի համաձայնության։
Նախապես շնորհակալ եմ։
Հաջողություն եմ մաղթում Ձեր աշխատանքներին։

Հ. Գ.- «Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Աստվածաշունչ, Մատթ., 5։10)։
01 հուլիսի, 2013 թ.

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao