Մարդու մասնավոր կյանքն ու դրա պաշտպանությունը

Մարդու մասնավոր կյանքն ու դրա պաշտպանությունը
22.07.2013 | 17:39

Մարդու մասնավոր (անձնական) կյանքի իրավաբանական բնույթի նկատմամբ գոյություն ունեն տարբեր տեսակետներ, որոնց բազմազանությունը, առաջին հերթին, արտացոլում է այդ կյանքի բարդ բովանդակությունը:

Մարդու մասնավոր կյանքի բովանդակությունը բավականաչափ տարաբնույթ է. մասնավոր կյանքն ընդգրկում է մտերիմ, զուտ անձնական հարաբերությունները, ընտանեկան կարգավիճակը, բարեկամական ու ընկերական կապերը, մշակութային պահանջները, միջանձնային հարաբերությունները, հանգստի անցկացման եղանակները, որոնք հիմնված են համակրանքների, մտածելակերպի, ստեղծագործության վրա: Առանձնացնում են անձնական կյանքի հետևյալ կողմերը.
1. Զուտ անձնական (մտերիմ)
2. Կենցաղային
3. Ընտանեկան
4. Գույքային
5. Մշակութային
6. Կազմակերպչական
7. Սանիտարահիգիենիկ
8. Առողջապահական
9. Ժամանցի
10. Հաղորդակցման:
Որոշ հեղինակներ պնդում են, որ «մասնավոր կյանք» կատեգորիան չի ենթարկվում խիստ սահմանման, քանի որ, առաջին` իրենցից յուրաքանչյուրն այդ հասկացության մեջ դնում է սեփական անհատական բովանդակությունը, և երկրորդ` այստեղ խոսքը յուրաքանչյուր մարդու կյանքի հիմքում դրված ու անձի ազատության հետ անմիջականորեն կապված հարաբերությունների մի խմբի մասին է:
Սակայն ակնհայտ է, որ մասնավոր կյանքը մարդու գործունեությունն է հարաբերությունների հատուկ ոլորտում, որոնք ենթակա են պետության, հասարակական հարաբերությունների, քաղաքացիների կողմից հսկողությանը, դա անձնական նախասիրության ոլորտ է, որն ազատ է ազդող գործողության միջամտությունից:
Ընդհանրացնելով, կարելի է եզրակացնել, որ մասնավոր կյանքը այն ամենն է, ինչը յուրաքանչյուր մարդ պարտավոր է համարում գաղտնի պահել իրեն շրջապատող բազմաթիվ անձանցից` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական, և այն պետք է դառնա պետության իրավական պաշտպանության օբյեկտ:
Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը նշանակում է, որ մարդն իրավասու է կառուցելու իր կյանքն ընտանիքում, ընկերների և այլ անձանց հետ ոչ ֆորմալ շփման մեջ` այնպես, ինչպես ցանկանում է:
Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը մեկուսացման ազատությունն է, շփման ազատությունը, նամակագրության, հեռախոսազրույցների, փոստային, հեռագրային և այլ հաղորդագրությունների ազատությունը, օրագրեր ու անձնական թղթեր վարելու գաղտնիքը, մտերմիկ և ընդհանրապես անձնական կյանքի գաղտնիքը, բժշկական գաղտնիքը, որդեգրման գաղտնիքը:
Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը պարունակում է.
1. Անձնական ազատության անձեռնմխելիությունը:
2. Կացարանի անձեռնմխելիությունը:
3. Փաստաթղթերի անձեռնմխելիությունը:
4. Հեռախոսային բանակցությունների, անձնական բնույթի այլ հաղորդագրությունների անձեռնմխելիությունը:
Ընդհանուր առմամբ, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը ձևավորվում է երկու մեծ բաղադրիչներից.
- առաջին` մարդու ծառայությունից դուրս, արտադրական իրավիճակից դուրս, հասարակական շրջապատից դուրս գտնվելու հնարավորության ապահովումն է` պետությունից ու հասարակությունից որոշակի անկախության վիճակում,
- երկրորդը մարդուն իր մասին տեղեկատվության հսկողությունն իրականացնելու և անձնական, հատկապես ինտիմ բնույթի տեղեկությունները չբարձրաձայնելու հնարավորության ապահովումն է:
Իրավական ընկալման մեջ մարդը միայն այն ժամանակ կարող է իրեն անձ զգալ, երբ ի վիճակի է կարգավորելու այլ անհատների, հասարակության ու պետության հետ իր փոխհարաբերությունների պատշաճ ու անհրաժեշտ չափերը:

Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 4764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao