Ե՛վ տագնապած, և՛ գլխիկոր

Ե՛վ տագնապած, և՛ գլխիկոր
06.04.2018 | 01:14

Նախարարների դեմքերից խինդն ու ինքնավստահությունը մի տեսակ փախել էին, նրանց հայացքում տագնապ էր և սպասողական վիճակ: Ոչ, սա պատմվածքի սկիզբ չէ, այլ 2018-ի ապրիլի 5-ին կառավարության նիստից առաջ մեր տեսածի նկարագրությունն է: Հասկանալի է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության վերջին նիստն էր. ապրիլի 9-ին բոլոր նախարարները հրաժարական պետք է տան: Եվ մինչ կառավարության անդամների հոգին «կրծում» է հարցը, թե ինչ է լինելու, Կարեն Կարապետյանը նիստը սկսեց հերթական հանձնարարականներով: Մի քանի օրից նոր կառավարությունը կձևավորվի, և կկայանա ՀՀ նոր նախագահի երդմնակալության արարողությունը: Քաղաքական և տնտեսական դաշտում ի՞նչ սպասելիքներ կան նոր նախագահից և վարչապետից՝ փորձեցինք ճշտել կառավարության երեկվա նիստից հետո: «Մեծ, շատ մեծ սպասելիքներ ունեմ»,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այդպես էլ չհստակեցնելով, թե որն է իր մեծ սպասելիքը:

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին էլ հարցրինք՝ ԼՂՀ խնդրի կարգավորման և տնտեսության ակտիվացման հարցում ի՞նչ սպասելիքներ կան: «Եղել են Սահմանադրության փոփոխություններ, հստակեցված և բաշխված են յուրաքանչյուրի լիազորությունները: Կարևորը, որ համակարգը լավ գործի՝ հավատացած եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց փոխնախարարը: Ինչպե՞ս կզարգանան տնտեսական դաշտում գործընթացները վարչապետի փոփոխությունից հետո՝ հարցրինք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: «Ի՞նչը պետք է փոխվի, նույն կուսակցությունն է ղեկավարում»,- եղավ պատասխանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ