«ՈՒր նայում ես, անորոշություն է, անհասկանալի անհաստատություն, հեղհեղուկություն»

«ՈՒր նայում ես, անորոշություն է, անհասկանալի անհաստատություն, հեղհեղուկություն»
03.05.2019 | 00:21

Կառավարության կազմը հազիվհազ ձևավորելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական հեղափոխություն անել, բայց խոստումներն ինքնին բարեփոխում դառնալու կարողություն չունեն: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Գալիք» կուսակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՅԱԴՅԱՆԸ: Նա նշում է, որ վարչապետի կողմից ստեղծված ֆոնը, թե իր կառավարությունը գտել է տնտեսական հեղափոխության իրականացման եթե ոչ կախարդական փայտիկը, ապա նշանաբանը, և աղքատությունը մեր ուղեղներից հանելն ու տնտեսական ակտիվիստ դառնալն է, կեղծ թիրախ է: Վստահ է` անգամ բոցավառ հեղափոխական դառնալու պարագայում զրկված ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորությունից, քանի որ բացակայում են դրա նախադրյալները: Կուսակցության հիմնադիրն ընդգծում է` տնտեսական հեղափոխությունը համաժողովրդական քայլերթով իրականացվող իշխանափոփոխություն չէ, այն իրականության փոփոխություն է պահանջում, իսկ դրա համար տարիների ծանր, հետևողական, մտածված և համակարգված աշխատանք է պահանջվում:

-Իշխանափոխությունից անցել է մեկ տարի, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ են ունեցել նոր կառավարիչները:
-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2019-ի մայիսից 2018-ի դեկտեմբեր տեղափոխելը ոչ թե կառավարման համակարգում առկա իրական վտանգներով էր պայմանավորված, այլ պարզապես միջոց էր հնարավորինս արագ և անարգել ամբողջացնելու լիակատար իշխանությունը: Անցած մեկ տարին գրեթե լիովին արտացոլում է կառավարության ծրագրի դատարկությունը, ինչը տեսնում ենք նաև տնտեսության մեջ, կրթության, մշակույթի, հասարակության, արտաքին հարաբերությունների և այլ ոլորտներում: ՈՒր նայում ես, անորոշություն է, անհասկանալի անհաստատություն, հեղհեղուկություն: Այդպես երկար չենք կարող դիմակայել: Այդ իսկ պատճառով պետք է օրվա հրամայական դարձած գաղափարական հենարան ձևավորել, որ հասանելի լինի հանրությանը: Հնչեղություն տալ նոր ու բարեփոխումների հայեցակարգ ներկայացնող գաղափարներին, որ մարդիկ էլ դրանց պաշտպանությունը երաշխավորեն ընտրություններով: Եվ եթե նոր իշխանափոխության առաջ կանգնենք, ապա պետությունն ավելի վտանգավոր, անհասկանալի և անկառավարելի պատահականությունների ձեռքում չհայտնվի:
-Քաղաքական դաշտում կա՞ այդպիսի մի ուժ, այլընտրանք, որ կարող է ու պատրաստ է ձեր նշած նոր ու տարբերվող հայեցակարգային մոտեցումներ առաջ քաշելու:
-Նախ պետք է ընդգծենք, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մի մասը տարբեր առիթներով հայտարարել է, թե սատարում են ներկա իշխանություններին, բայց իշխանությունը համագործակցելու մասին նրանց հայտարարություններին չի արձագանքում: Մյուս մասը ներկայանում է երկրի բարեփոխման իր մոտեցումներով, որոնք որոշ դեպքերում ավելի պիտանի են, քան այսօրվա իշխանությունների պատկերացումները: Բայց դրանք դրվագային են, ինչն այլընտրանք դառնալու համար բավարար չէ: Կան կուսակցություններ, որ պետության ներսում առկա հիմնախնդիրների մեծ մասի վերաբերյալ սեփական պատկերացումներն ունեն, նպատակներ են առաջ քաշում, բայց այդ նպատակներին հասնելու ճանապարհները չունեն: Այդ կուսակցություններում մտածող, մտահոգ, կրթված և լայնախոհ մարդիկ շատ կան, որոնք միմյանց (հուսով ենք` նաև մեզ հետ) համագործակցության ընդհանուր եզրեր կարող են գտնել՝ ի նպաստ երկրի բարօրության ու զարգացման: Եթե ամփոփվենք կուսակցական հարկաբաժիններում և գլուխներս դուրս չհանենք, երկրի այսօրվա հետ կապ չենք ունենա:
-Ձեր կուսակցությունը վերջերս է ստեղծվել, ինչու՞ հենց «Գալիք», և որո՞նք են կուսակցության գաղափարական հիմնական մոտեցումները:
-Կուսակցության անվանումն ընտրելիս կանգ առանք «Գալիք» անվան վրա, որպեսզի կուսակցությանն անդամագրվել ցանկացող մարդկանց չսահմանափակենք գաղափարախոսական որևէ շրջանակով՝ ժողովրդավար, կենտրոնամետ, սոցիալ-դեմոկրատ, պահպանողական, ազգային ժողովրդավար և այլն: Բացի այդ՝ փորձել ենք հաղորդել այն ուղերձը, որ հենց կուսակցության անդամների օգնությամբ և օժանդակությամբ հնարավոր է կառուցել վաղվա օրը: Մեր նպատակը տնտեսապես զարգացած պետություն կառուցելն է, որտեղ ժողովրդագրական դինամիկ աճ կլինի, պետական հոգածության տակ կլինեն կրթությունը, գիտությունն ու մշակույթը, առողջապահությունն ու բնակարանաշինությունը: Անհատը կկարողանա ընտրություն կատարել՝ ինքնուրույն գործ հիմնելու՞, թե՞ գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները պետական կամ մասնավոր ընկերություններում կիրառելու միջև: Ցանկանում ենք ունենալ այնպիսի պետություն, որը կարողանում է պաշտպանել և հետևողականորեն առաջ տանել իր շահերն ու քաղաքացու իրավունքները: Տնտեսական այս մոդելի շրջանակներում անգամ երկարաժամկետ ծրագրերով երկրում էական փոփոխությունների հասնել չենք կարող, հետևաբար հարկադրված ենք ընտրել այլ ճանապարհ: Մեզ անհրաժեշտ են ոչ պակաս մասշտաբային տնտեսական ծրագրեր, ինչպիսիք խորհրդային տարիներին էին իրականացվում մեր երկրում: Ոմանց համար միգուցե այսպիսի համեմատությունն անընդունելի է՝ խորհրդային ամեն ինչի նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունքի պատճառով, սակայն Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում արդյունաբերական, գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացման համալիր ծրագիր միայն այդ ժամանակահատվածում է եղել: Նման հնարավորություններով մասշտաբային ծրագրերի նկատմամբ հավակնություն ունենալը կարող է և թերահավատորեն ընկալվել, բայց դրան որպես հակափաստարկ կարող ենք բերել համախմբվելու մեր կարողությունն ու առանձնահատկությունը:
-Հնարավո՞ր է երկրի զարգացման տեսլական ունենալ այժմ գործող տնտեսական մոդելով:
-Նեոլիբերալ տնտեսավարման համակարգի տրամաբանությունը տնտեսությունը փակուղի է տանում: Կապիտալի կուտակման գործառույթն ինքնաբերաբար հասարակությանն ավելի ու ավելի է բևեռացնում, քայքայում է պետականության հիմքերը թե՛ տնտեսապես, թե՛ գաղափարապես ու բարոյապես: Կապիտալի՝ բանկային համակարգի կողմից ստեղծվող նորանոր գործիքները պետությանը թույլ են տալիս իրացնել իր հավակնությունները քաղաքացու սեփականության և ունեցվածքի հաշվին: Այսինքն` բևեռացումը դառնում է ծայրահեղ, սեփականության անձեռնմխելիության կանխադրույթը՝ երևութական: Դրա մասին են վկայում չվճարված հարկային տոկոսադրույքների համար մարդկանց տունը ձեռքից վերցնելու, չնչին տուգանքների վճարումներն ուշացնելու պատճառով ունեցվածքի վրա արգելանք դնելու և բազմաթիվ այլ օրինակները: ՈՒ դա փաստում է, որ քաղաքացիների իրավահավասարության կանխավարկածի երևութական կողմն անգամ չի կարող պահպանվել: Ասել է թե՝ նեոլիբերալ տնտեսական համակարգը և իրական ժողովրդավարությունը անհամատեղելի հասկացություններ են: Ներկա տնտեսական-գաղափարախոսական մոդելի պայմաններում հասարակության կյանքի որևէ բնագավառում էական որևէ տեղաշարժ իրականացնել հնարավոր չէ: Պետք է կարողանանք ձևավորել նոր տնտեսական միջավայր, որը թույլ կտա շրջանցել նեոլիբերալ տնտեսության թակարդները և գտնել զարգացման ուղին:
-Ո՞րն է ամենամեծ խնդիրը, որ հանդիպում ենք Ձեր նշած խնդիրների ճանապարհին:
-Երկրի ներքին կյանքի կառուցման հարցում պետության դերի նվաստացուցիչ վիճակն է ամենախնդրահարույցը: Պետությունը գործնականում զրկված է երկրում տնտեսական քաղաքականությունն ուղղորդելուց և տնտեսական, ֆինանսական գործընթացների վրա ռեալ ազդեցության լծակներից: Աղքատ բարեկամի կարգավիճակով՝ մի անկյուն է քշված: Բայց կարևորագույն խնդիրների լուծման համար մեզ շատ ժամանակ հատկացված չէ. կամ ի զորու կլինենք հաղթահարելու իրավիճակը և ոտքի կկանգնենք, կամ ոտքի տակ կընկնենք: Մոտ ապագայում պետք է կարողանանք լուծել երկրի պաշտպանունակության, պարենային անվտանգության, ժողովրդագրական, էթնիկական, առողջապահական, կրթության, գիտության, մշակութային, անվտանգության հիմնախնդիրները: Այդպիսի խնդիրներ լուծելու համար մասնավոր բիզնեսի, կապիտալի վրա հույս դնել չենք կարող` բազմաթիվ հիմնավոր պատճառներից ելնելով: Մասնավորը երբեք անհրաժեշտ ծավալներով ներդրումներ չի անի տնտեսության մեջ, մասնավորի նախընտրած ոլորտները ոչ միշտ են համընկնում այն պահանջմունքներին, որոնք առաջացել են պետության ներսում, ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել իր բիզնեսն ու ամբողջ շահույթն անվերադարձ դուրս հանել երկրից և այլն: Հետևաբար՝ պետությունն ինքը պետք է դառնա դրանց լուծման նախաձեռնողը, վերադարձնի այն լծակները, որոնք թույլ կտան վերահսկել և անխափան կառավարել տնտեսական գործընթացները: Տնտեսության բոլոր ճյուղերում կարողանա այնպիսի լծակներ ստեղծել, որոնք թույլ կտան հասարակական արդյունքի համեմատաբար արդար վերաբաշխում իրականացնել: Վերոնշյալները ոչ թե սահմանափակում են մասնավոր տնտեսության ու կապիտալի հնարավորությունները, այլ առավել համաչափ են դարձնում:
-Փաստորեն՝ «տնտեսական հեղափոխություն» անելու համար նախ և առաջ օրենսդրական ու բովանդակային բարեփոխումներ են պետք:
-Անշուշտ, առաջին կարևոր գործն այս ոլորտում, որ պետք է անենք, դաշտի բոլոր խաղացողների համար վստահելի, կանխատեսելի, գործընկերային օրենսդրական միջավայր ստեղծելը պետք է լինի: Երկրի ներկա վիճակը մեծ արագությամբ փոխելու համար միաժամանակ հսկայական տնտեսական նախագծեր պետք է իրականացնենք: Ճիշտ է՝ ահռելի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, բայց տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար այլ մեթոդ չկա: Այսպիսի մասշտաբային ծրագրեր կարող է և լիազորված է անելու միայն պետությունը: Մասնավորը կարող է իր օժանդակությունը բերել` համապատասխան ոլորտներում լրացուցիչ ներդրումներ անելով, հատկապես այն ոլորտներում, որոնք պետական ծրագրերի հաշվին դարձել են գրավիչ ու եկամտաբեր:
Տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է նաև զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը, մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերությունը: Պետք է ստեղծենք գերժամանակակից հաստոցաշինություն և սարքաշինություն, էլեկտրոնիկայի, էլեկտրական, բժշկական սարքերի ու սարքավորումների, ռազմական տեխնիկայի արտադրություններ: Զարգացնենք տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարությունը՝ ապահովելով երկրի տեղեկատվական անվտանգությունը: Վերականգնենք քիմիական արդյունաբերության անհրաժեշտ ուղղությունները՝ «Նաիրիտը», Վանաձորի «Քիմպրոմի» մի քանի ճյուղեր և այլն: Առաջիկա 8-9 տարիների ընթացքում պետք է կարողանանք լուծել երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ բնակչությանն ապահովելով հացահատիկով, մսամթերքով, կաթնամթերքով: Կարևոր է նաև ջրային անվտանգություն ապահովումը՝ աչքի տակ ունենալով Սևանի ջրառի հիմնախնդիրը: Էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով առաջիկա 10 տարիների ընթացքում կառուցենք մեկ կամ մի քանի ատոմակայաններ՝ ընդհանուր 1200-1500 մեգավատտ հզորությամբ, գազատուրբինային ջերմաէլեկտրակայաններ, զարգացնենք այլընտրանքային էներգետիկան: Անելիքներ ունենք բնապահպանության և ազգաբնակչության առողջապահական անվտանգության առումով: Դրա համար պետք է բնապահպանական նորմերը համընդհանուր դարձնենք հին և նոր արտադրությունների համար, վերահսկենք ներմուծվող դեղորայքի և բժշկական սարքերի ու սարքավորումների որակական համապատասխանելիությունը ներկայացվող պահանջներին: Բժշկական բոլոր ծառայությունները հասանելի դարձնենք քաղաքացուն և այլն: Երկրի ռազմական անվտանգության ապահովման նպատակով բանակին պետք է նորագույն զենք-զինամթերքով, զինտեխնիկայով, մթերքով, հանդերձանքով ապահովենք, հակառակորդի հետ սահմանի ամբողջ երկայնքով տեխնիկական և ինժեներական առումներով լավագույնս ամրացված դիրքեր ունենանք: Պետք է կարողանանք սպասարկել և նվազեցնել արտաքին պարտքը, ապահովենք արտահանման գերազանցությունը ներկրման նկատմամբ: Վերակառուցենք և լավագույն վիճակում պահպանենք ներքին ճանապարհային ցանցը, լիարժեքորեն վերականգնենք Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, նպատակահարմարության դեպքում մտածենք Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին:
Թվարկված խնդիրներից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի ժողովրդագրական սպառնալիքի ահագնացման հարցում: Հետևաբար՝ պետությունը պետք է ստեղծի և զարգացնի տնտեսության իրական, աշխատատար ու արդյունավետ ճյուղերը:
-Բացի թվարկվածներից կարևոր է նաև, թե ինչպիսի գաղափարախոսությամբ ենք առաջնորդվում, ու ինչ ենք սերմանում եկող սերնդին:
-Իհարկե, պետությունը պետք է ունենա պետական գաղափարախոսություն, որը քաղաքացուն կսերմանվի դեռ նախադպրոցական և դպրոցական տարիքից՝ դասագրքերի, ուսումնական ծրագրերի, մանկավարժական աշխատանքների և այլնի միջոցով: Հենց դրանք պետք է երեխայի մեջ վերաբերմունք ձևավորեն հայրենիքի, հասարակության, բնության, կենդանական աշխարհի նկատմամբ: Երիտասարդ տարիքում արդեն քաղաքացին պետք է զգա պետության հոգատարությունն ու օժանդակությունն իր նկատմամբ: Առաջնային խնդիր է պահպանել մեր մշակութային ինքնությունը` ի հեճուկս ժամանակակից գլոբալիստական մշակութային համահարթեցման քաղաքականության: Այժմ տեսնում ենք, որ հարվածի տակ են դրվում ազգային արժեքները՝ դավանանքը, հավատքը, ընտանիքը, սեռը: Հորինվում են աղանդներ, գենդերային հավասարություն, յուվենալ արդարադատություն, որ ոչ թե մարդու ու նրա իրավունքների պաշտպանությանն են միտված, այլ հասարակությանը համախմբման հնարավորությունից, իմաստից, բովանդակությունից զրկելու համար են օրակարգ նետվում: Փոքրամասնության հակաբնական պահանջների պաշտպանությունը հակադրվում է ազգային, հասարակական, ընտանեկան արժեքներին, հետևաբար նաև՝ մեծամասնության իրավունքներին: Տրոհվում են հասարակությունը, ընտանիքը` միմյանց դեմ հանելով ամուսիններին, երեխաներին ու ծնողներին: Սրանք լավագույնս մտածված և միջազգային կապիտալի աներեր հովանավորությունը վայելող գործիքներ են: Այս ամենի վերջնական նպատակն ամեն ինչ միանման, տարանջատված, հակադրված, համահարթեցված ու կառավարելի դարձնելն է:
-Ո՞րն է կուսակցության դիրքորոշումն ու պատկերացումն Արցախյան հարցի լուծման մասով:
-Արցախի խնդիրը մեր պետականության համար լակմուսի դեր ունի: Այն իր զարգացումների հետագծով ճշգրտորեն ներկայացնում է երկրի հնարավորությունների ընթացքը: Այստեղ ձախողումը կդառնա պետականության գահավիժման սկիզբը: Լայնամասշտաբ պատերազմական գործողությունների տարբերակը (նույնիսկ մեզ համար դրական ելքով) պետք է ձախողում համարել, քանի որ մարդկային այդքան ռեսուրսներ չունենք, բացի այդ` անթույլատրելի է ռազմավարական օբյեկտները հարվածի տակ դնելը: Ինչ վերաբերում է մեր պատկերացումներին, ապա տարածքներ խաղաղության դիմաց թեզն ընդունելի չէ, ավելին` բառապաշարից աստիճանաբար պետք է հանել փոխզիջումային տարբերակ հասկացությունը, որքան էլ «միջազգային հանրության» ականջին դա արդարացի թվա: Ոչ մի պարագայում պատասխանողի կամ խաղաղություն հայցողի կարգավիճակում չպետք է լինենք, քանի որ դա թշնամու կողմից ընկալվում է որպես իր սանձերը լիովին բաց թողնելու հնարավորության ազդանշան: Բանակցային գործընթացի մեր կողմից դրվող առաջին նախապայմանը պետք է հետևյալը լինի` պատերազմի վերսկսման փորձի դեպքում Արցախը կճանաչվի որպես Հայաստանի Հանրապետության անբաժան մաս: Չպետք է թույլ տանք, որ թշնամու կողմից հրահրվող սահմանային միջադեպերը անպատիժ մնան: Պետք է կարողանանք օգտագործել Ադրբեջանի բազմազգ հանրության միջէթնիկական կոնֆլիկտների առկայությունն ու մեր պայքարի ճանապարհին օժանդակենք ինքնորոշման նպատակ ունեցող ազգերին:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao