«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Մենք իրավունք չունենք աղքատացնելու արվեստը»

«Մենք իրավունք չունենք աղքատացնելու արվեստը»
07.05.2019 | 03:41

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին ջազի ու դասական երաժշտության սիրահարները: Առիթը նոր ձևաչափով համերգն էր, որն արտասահմանում վաղուց նորություն չէ, իսկ Հայաստանում ներկայացվում էր առաջին անգամ: «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» խորագիրը կրող համերգային երեկոյի մտահղացումը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆՆ է: Հնչեցին Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունների դասական տարբերակները: Աշխարհահռչակ ջազ երաժիշտ Դյուկ Էլինգթոնն այս թեմաներին տվել է ջազային մեկնաբանություն, որը հանդիսատեսի դատին հանձնեց հայկական պետական ջազ նվագախումբը:


«Հետաքրքիր է, թե դասական երաժշտությունը, որ մենք անգիր գիտենք, ինչպես է հնչում 20-րդ դարի հնչյուններով»,- համերգի նախօրեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Վահան Մարտիրոսյանը: «Իրատեսի»՝ «Եթե համերգը երկու տարբերակ ունի, կարելի՞ է կանխատեսել, որ հանդիսատեսն էլ երկու մասի կբաժանվի» հարցին ի պատասխան հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑՆ ասաց, որ այս համերգով ներգրավելու են թե՛ դասական, թե՛ ջազային երաժշտությամբ հետաքրքրվող ունկնդիրներին. չբացառեց նաև, որ ջազային որոշ մեկնաբանություններ կարող են համոզիչ չլինել, մանավանդ դասական երաժշտության սիրահարների համար: Բայց և այնպես, ջազ նվագախմբի ղեկավարը վստահ է, որ այստեղ ոչ թե հակադրություն կա, այլ այլընտրանք: Մրցակցային շեշտադրումն առհասարակ բացառվում է. պարզապես ներկայացնելու են գեղեցիկ արվեստի երկու մեկնաբանություն:
Հետաքրքրվեցի՝ կա՞ն ստեղծագործություններ, որ հնարավոր է ներկայացնել այս ձևաչափով, ըստ այդմ, համերգային այս նախագիծը կունենա՞ շարունակություն:


Վահան Մարտիրոսյանն ասաց, որ բոլոր ստեղծագործությունները հնարավոր է այս ձևաչափով մատուցել, բայց պետք է լինի այն մարդը, որը դա կանի, ինչպես արեց Էլինգթոնը: Արմեն Հյուսնունցը հավելեց, որ նման օրինակներ արդեն եղել են, ջազային երաժիշտները պարբերաբար անդրադարձել են դասական նմուշներին, բայց մտահղացումն ու առաջին փորձը Դյուկ Էլինգթոնինն է. «Ձայնագրությունն ու գործիքավորումն արվել են 1968-ին: Երբ ձայնագրման ստուդիան ներկայացրել է պայմանագիր կնքելու առաջարկը, բացառիկ հնարավորություն է ընձեռել նրան՝ ձայնագրել ինչ ուզում է: Եվ էլինգթոնը բավականին հետաքրքիր գաղափար է մտահղացել: Փորձաշրջանի ընթացքում գնալով կապվում էի այս մեկնաբանություններին: Սա նման է շատ համեղ ուտելիքի. որքան համտեսում ես, այդքան կախվածությունը մեծանում է: ՈՒրախ կլինեմ, եթե առիթ ունենամ այդ գործիքավորումները նորից հնչեցնելու մեր նվագախմբի կատարմամբ»:


Մեր՝ «Համերգացանկը կազմելիս հաշվի առնու՞մ եք հանդիսատեի պահանջարկը» հարցին պատասխանեց Վահան Մարտիրոսյանը. «Գիտե՞ք, մեր աշխատանքը երբեք չի գնում դեպի հանդիսատեսի ցանկությունը: Մենք կրթական դեր ենք կատարում նաև։ Երբ ուսուցիչն ինչ-որ բան է բացատրում, նա չի մտածում՝ աշակերտներին դուր կգա՞ իր մատուցած դասը, թե՞ ոչ, այլ աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալու: Մենք ներկայացնում ենք այն, ինչին հավատում ենք. եթե դահլիճում թեկուզ մեկն ասի` առաջին անգամ եմ եկել դասական համերգի ու նորից կգամ, մենք բավարարված կլինենք: Սա է մեր աշխատանքը՝ հարստացնել ունկնդրին: Մենք իրավունք չունենք աղքատացնելու արվեստը»:
Վերջին հարցս վերաբերում էր մարզային հյուրախաղերին. ի՞նչ պարբերականությամբ են դրանք կազմակերպվում, ինչպիսի՞ն է մարզային հանդիսատեսը, մշակութային անցուդարձից հեռու լինելը չի՞ հեռացնում նրանց արվեստից, մշակույթից: Պարզվեց՝ հակառակ միտումը կա:
Արմեն Հյուսնունցը նկատեց, որ երկար տարիներ ամեն ինչ բևեռացված էր Երևանում, հիմա կա հակառակ մոտեցումը. «Դժվար է, բայց մասնավորապես մեր նվագախումբը վերջին երեք տարիներին փորձում է պարբերաբար ելույթներ ունենալ մարզերում: Այնտեղ ֆանտաստիկ հանդիսատես կա՝ կարոտած, պատրաստակամ, երբեմն ավելի արժևորող, քան երևանյան հանդիսատեսը: Այնտեղ երևի լավի ու վատի սահմանը քիչ է ջնջված, չկա այն խառնաշփոթը, ինչին կարելի է հանդիպել Երևանում»:


Ջազ նվագախմբի ղեկավարն ակնկալում է, որ այս տարի նույնպես առիթ կունենան մարզեր գնալու, հետամուտ են, որ ելույթներ լինեն սահմանամերձ շրջաններում, ներգրավվեն նաև զինվորակաները: Նրա կարծիքով՝ եթե բանակում երկու տարի ծառայող երիտասարդին, որն ինչ-որ չափով կտրված է ավելորդ ինֆորմացիայից, մատուցես որակյալ արվեստ, դա կարևոր հետք կթողնի նրա կյանքում:
Բայց առանց աջակցության մարզեր չես գնա, մարզերի հանդիսատեսը վճարունակ չէ, իսկ տրանսպորտը, տեխնիկական խնդիրները, գիշերակացը ծախսատար են: Նվագախմբերը չունեն այդ միջոցները:
«Երկու տարբերակը» կգնա՞ մարզեր, թե՞ ոչ, համերգի կազմակերպիչների խոսքով, կախված է հանդիսատեսի արձագանքից:
Արդեն համերգից հետո կարող ենք արձանագրել, որ սպասված ու յուրօրինակ այս նախագիծը նույնչափ յուրօրինակ ու ջերմ արձագանք գտավ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao