Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Վերևներում դեռ իրենց այգին են ջրում

Վերևներում դեռ իրենց այգին են ջրում
07.05.2019 | 03:47

Պարգևավճարների տխրահռչակ պատմությունից հետո պարզ դարձավ, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիների տարաբաժանումը սև ու սպիտակ ճակատներով չի սահմանափակվում, գունային բարիկադները երբեմն շատ լղոզված են։ Ասելիքը կոնկրետացնելով արձանագրենք` քաղաքապետարանի 1700 աշխատողի աշխատավարձերի շուրջ 30 % բարձրացումը ոչ բոլորին է ոգևորել։ Երևանի` որպես համայնք ձևավորումից ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է։ Իսկ ինչո՞վ է հիմնավորվում այս «թռիչքը»։ Եթե կեսկատակ-կեսլուրջ արձանագրենք, որ քաղաքի մաքրությունն «ապահովում» են բնության սանիտարները` ագռավները, վերոնշյալ բարձրացումներն առավել անտրամաբանական են թվում, իսկ հասունացող աղմուկը` միանգամայն տրամաբանական։ Թանգարանների և գրադարանների աշխատողները հիշեցնում են, որ իրենք 70-80 հազար դրամ են ստանում, դասախոսների և գիտաշխատողների մասին էլ չենք խոսում։ Ի դեպ, խոսքը այն մասնագետների մասին է, ովքեր համապատասխանում են «հպարտ քաղաքացու» բնութագրին` ունեն բարձրագույն կրթություն, աշխատանքային երկա՜ր տարիների փորձ, երեք լեզուների իմացությունն էլ չի բացառվում։ Կարո՞ղ էին բարեփոխումները սկսել այս կետից։


Ամիսներ առաջ զրուցել էի բիզնես կառավարման փորձագետի հետ, և հիմա նրա խոսքից հատված մեջբերեմ։ «Պրոֆեսիոնալները ստեղծում են գումարներ, տգետները` գրպանում։ Եթե մեր կառավարությունում 5 պրոֆեսիոնալ մասնագետ լինի, մեկ տարի հետո կտեսնենք, որ բյուջեն բազմապատկվել է։ Ժողովուրդը գուցե չգիտի դա ոնց է արվում, չի կարող սահմանել իր ցանկությունը, բայց եթե դա անես, ցույց տաս ժողովրդին, կասի` այ սա էի ուզում։ Մենք ունենք այդ պոտենցիալը։ Շատ մեծ պոտենցիալը մտցրել են շատ փոքր արկղի մեջ, ու դա այնքան ցավալի է։ Դա նույնն է, որ մեծ նավը գետի մեջ դնես ու ասես` նավարկիր»։ Խոսքը պրոֆեսիոնալների և պոտենցիալի օգտագործման մասին է։ Ստացվում է` ոչ մեկը կա, ոչ մյուսը։ Ցանկություն է պետք արդյունավետ «նավարկման» համար, իսկ վերևներում դեռ իրենց այգին են ջրում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao