Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Քվեաթերթիկում ունենալ միայն Բինալի Յիլդիրիմի անունը

Քվեաթերթիկում ունենալ միայն Բինալի Յիլդիրիմի անունը
08.05.2019 | 11:24

Թուրքիայի ԿԸՀ-ն երեկ չեղարկեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները՝ մարտին ընդդիմության թեկնածուի անսպասելի հաղթանակից հետո: Նոր ընտրությունները նշանակված են հունիսի 23-ին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱԶԿ-ն վիճարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ ուղեկցվել են կոռուպցիայով ու խախտումներով: Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում 13000 ձայնի առավելությամբ հաղթել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էկրեմ Իմամօղլուն: Կուսակցության փոխնախագահ Օնուրսալ Ադիգյուզելը հայտարարեց՝ կրկնակի ընտրությունները նշանակում են, որ Թուրքիայում արգելված է հաղթել իշխող կուսակցությանը: «Քաղաքական համակարգը, որ արհամարհում է ժողովրդի ցանկությունը և օրենսդրությունը, ժողովրդավարական չէ ու լեգիտիմ չէ: Պարզապես բռնապետություն է»՝ գրեց Ադիգյուզելը Թվիթերում: Ապրիլին ԿԸՀ-ն հաստատել էր, որ ԺՀԿ-ի թեկնածու Էկրեմ Իմամօղլուն ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ: Սոցցանցերով հեռարձակվող իր հայտարարությամբ քաղաքապետը դատապարտել է ԿԸՀ որոշումը և մեղադրել ԿԸՀ-ին իշխող կուսակցությանը ճնշմանը տրվելու համար: «Մենք երբեք չենք նահանջի մեր սկզբունքներից,-ասաց Իմամօղլուն իր կողմնակիցներին:- Այս երկրում ապրում են 82 միլիոն հայրենասերներ, որ մինչև վերջ պայքարելու են հանուն ժողովրդավարության»: Իմամօղլուի կողմնակիցերը ընտրողներին հանդարտության կոչ են արել. «Եկեք միասին լինենք, հանգիստ սպասենք: Մենք կհաղթենք, մենք նորից կհաղթենք»:


Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները մարտի 31-ին և համարվում էին յուրօրինակ հանրաքվե նախագահ Էրդողանի կառավարմանը վստահության հարցով:
Թեպետ ԱԶԿ-ի գլխավորած կոալիցիան ընդհանուր առմամբ 51% ստացավ, ընդդիմադիր ԺՀԿ-ն հաղթեց Անկարայում, Իզմիրում, Ստամբուլում: Նախկինում Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր: ԱԶԿ-ն վիճարկում է Անկարայի ու Ստամբուլի ընտրությունները, ընդդիմությունը պնդում է, որ կառավարությունը փորձում է քվեարկության արդյունքները իր օգտին դարձնել:


BBC-ի Ստամբուլի թղթակից Մարկ Լոուենն ասում է, որ Էրդողանը երբեք չի հանձնի Ստամբուլն առանց մարտի: «Նա, ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում»՝ բազմիցս ասել է նախագահը: Նա հաստատ մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել երկրի տնտեսական մայրաքաղաքը: Բայց նրա մարտավարությունը ռիսկային է: Մեկ տարում 30% անկում ունեցած թուրքական լիրան նորից է ընկնում: Քաղաքական անկայունությունը չի օգնի արդեն ռեցեսիայում գտնվող տնտեսությանը: Էրդողանի տնտեսական պրոբլեմների պատճառով էլ նրա կուսակցությունը տանուլ տվեց Ստամբուլում: Էկրեմ Իմամօղլուի հանրաճանաչությունը, որ պաշտոնապես հայտարարվել էր քաղաքապետ ապրիլին, արագ աճում է: Նա ոչ միայն գրավում է իր կուսակցության կողմնակիցներին, այլև
ուրիշների ընտրողների: Վերընտրությունները կարող են ավարտվել նրա ավելի վստահ հաղթանակով, եթե չլինեն խոշոր բախումներ, որից զգուշանում են նրա կողմնակիցները:
Էրդողանի կուսակցությունը ևս այդ հարցով երկու մասին է բաժանվել: Նրա հիմնական կողմնակիցները համոզված են, որ մարտյան ընտրությունները խախտումերով են անցել: Բայց շատ կուսակիցներ ընդունում են, որ պարտվել են ու գտնում են, որ պարտության հերքումը ավելի կխարխլի ժողովրդավարության վերջին մնացորդները Թուրքիայում:
BBC


Հ.Գ. «ԿԸՀ-ի որոշումը կարևոր քայլ է Թուրքիայում ժոսղովրդավարության ամրապնդման համար: ԿԸՀ-ն կայացրել է ամենաճիշտ որոշումը», - հայտարարել է Էրդողանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր՝ ՏԻՄ ընտրությունները վճռորոշ և կենսական նշանակություն ունեն երկրի և վերջին 16 տարիներին Թուրքիան ղեկավարող իր քաղաքական ուժի ապագայի համար:


Ստամբուլի քաղաքապետ հայտարարված ու բեկանված Էկրեմ Իմամօղլուն, բնականաբար, դատապարտել է ԿԸՀ-ին իշխող ուժին ենթարկվելու համար` որոշումը որակելով դավաճանություն: Իսկ Ստամբուլում ժամեր շարունակ կաթսաների և թավաների զրնգոցը չէր դադարում՝ ստամբուլցիներն իրենց բողոքն էին հայտնում ընտրությունների արդյունքները չեղարկելու դեմ:


Ստամբուլում առաջադրվել էր նախագահի մերձավոր դաշնակից և նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Փաստորեն՝ նրա հաղթանակի համար Էրդողանին մնում է ինչ-որ կերպ արգելակել Էկրեմ Իմամօղլուի առաջադրումը և քվեաթերթիկում ունենալ միայն Բինալի Յիլդիրիմի անումը: Վերջին 20 տարում ՍԶԿ-ն առաջին անգամ պարտվել է նաև Անկարայում՝ քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածու Մանսուր Յավաշը: Ազգային Մեծ ժողովում ելույթ ունենալով՝ Էրդողանը քննադեց ԿԸՀ-ի որոշումը քննադատող գործարար շրջանակներին: «Թուրքական տնտեսությունը սաբոտաժի է ենթարկվում, իմացեք ձեր տեղը»՝ սպառնաց նա: Իսկ գիտի՞ իր տեղը Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ ՏԻՄ ընտրություններում ընդամենը 51% ստացավ՝ փաստացի ընտրողների 49%-ը դեմ է նրա վարած քաղաքականությանը, իսկ դա հեղափոխական իրավիճակ է՝ հավելած տնտեսական իրավիճակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao