«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Եռատոնի տոները կամ մեղա Եռաբլուրին

Եռատոնի տոները կամ մեղա Եռաբլուրին
10.05.2019 | 11:53

Իսկզբանե ասեմ՝ «տոները» ունի նրբերանգներ իմաստը: Երեկ Հայաստանն ու Արցախը նշում էին մի քանի հաղթանակներ միաժամանակ: Շատ տարբեր էին նշում՝ Երևանում, օրինակ, գերակայում էր 1945-ի մայիսի 9-ի հաղթանակը՝ երկրորդ համաշխարհային պատերազմում, ու շրջում էր «Անմահ գունդը»: Մայիսի 8-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց պատերազմի վետերաններին ու ԱԺ-ում իրենց ներկայացուցիչն ունենալու խնդրանքին՝ պատասխանեց՝ «Ես կլինեմ ձեր ներկայացուցիչը»: Բնավ որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով՝ չեմ կարող չհարցնել՝ Գեորգիևյան ժապավեններն ի՞նչ գործ ունեն Հայաստանում, ի՞նչ է խորհրդանշում «Անմահ գնդի» ընթացքը: Ես, որ Մեծ հայրենականում պապ եմ կորցրել, ոչ մի ցանկություն չունեմ նրա դիմանկարով փողոց դուրս գալու: Ոչ այն պատճառով, որ պապիս չեմ տեսել կամ չեմ հիշում, միանգամայն հակառակը՝ միշտ եմ զգացել պապի կարիք, այլ չեմ հասկանում՝ ի՞նչ պիտի անեն նրանք, որ պապեր, տատեր, ծնողներ, քույրեր, եղբայրներ են կորցրել ու իրենք են նաև զոհվել կամ փրկվել սովետական համակենտրոնացման ճամբարներում, որ ամբողջ թափով գործում էին ոչ միայն 30-ականներին, այլև՝ պատերազմում հաղթանակից հետո: Հատկապես հաղթանակից հետո: Չեմ հասկանում՝ ի՞նչ պիտի անեն նրանց ժառանգները, որ 1946-ին հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան ու հայտնվեցին Սիբիրում: Պատկերացնու՞մ եք նրանց Գեորգիևյան ժապավեններով: Թե սու՞տ է, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ինչու՞ է, ուրեմն, հատվածական մեր հիշողությունը:


Չեմ հասկանում՝ ինչու՞ են պատմությունը կեղծում մերօրյա Հայաստանում: Մերօրյա պատմությունը: Տարեցտարի: Ամեն մայիսի 8-ից սկսվում է Արկադի Տեր-Թադևոսյանի փառաբանման անխափան գործընթացը՝ իբրև Շուշիի ազատագրման հերոսի, ու շարունակվում: Անխնա աղավաղվում են պատմական փաստերը: Ու ոչ ոք չի ասում՝ դադար տվեք: Հարգարժան հեռուստաընկերություններ, հերիք է կեղծիք սփռեք: Թանկագին լրագրողներ, հերիք է սուտը տարածեք: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարում է՝ Վազգեն Սարգսյանը չէր հավատում, որ Շուշին կգրավվի, ինչու՞ որևէ մեկը չի հարցնում՝ հա՞ որ: Բա ինչպե՞ս գրավվեց: Երբ հայտարարվում է, թե մայիսի 6-ին նշանակված հարձակումը հետաձգվեց իբր ձյան պատճառով, մեկ էլ Արկադի Տեր Թադևոսյանի՝ հակառակորդին ապակողմնորոշելու հանճարեղ մտահղացման, ինչու՞ ոչ ոք չի հիշում, որ հենց այդ օրերին Երևանում լույս ընծայվող թերթերից մեկում անհամաձայնություն էր հայտնվել՝ պատրաստ չենք, ապարդյուն զոհեր ենք տալու, պետք չէ հիմա գրոհել, լավ նախապատրաստվել է պետք: Փաստորեն՝ այն ժամանակ մամուլն այնքան ազատ էր, որ նույնիսկ պետական գաղտնիքներ էր հրապարակում: Ու հենց այդ, ոչ թե ձյան, պատճառով հարձակման օրը փոխվեց, ու դա Արկադի Տեր-Թադևոսյանի որոշելիքը չէր: Նա ընդամենը դաշտային հրամանատար էր: Շուշիի ազատագրման ծրագիրը ոչ ոք դաշտային հրամանատարին չէր վստահի: Նա կատարող էր: Գուրգեն Դալիբալթայան կար, ում մասին Վազգեն Սարգսյանն ասում էր, որ պատմությունը նրա մասին «Դուք»-ով պիտի խոսի: Վազգեն Սարգսյան կար, որ ցերեկ-գիշեր խառնած՝ վերջին շտկումներն էր անում: Եվ «Հարսանիք լեռներում» անվանումը Շուշիի ազատագրման մարտական գործողությունը ստացել է հենց նրա պատվին, որովհետև Վազգենը կռվող տղաներին էր խոստացել ամուսնանալ, երբ Շուշին ազատագրվի: Ոչ թե Արկադի Տեր-Թադևոսյանն է հնարել: Եվ Վազգեն Սարգսյանի հրամանով Շուշին գրոհող հայ զինվորների համազգեստին սպիտակ խաչ են դրել, որ տղաները սխալմամբ միմյանց վրա չկրակեն ու Աստծո օգնությունը լինի նրանց բազկին: Ու Շուշիի ճանապարհին դեռ կանգնած տանկի վրայի սպիտակ խաչը հենց Վազգեն Սարգսյանի հրամանով է գծվել: Գուրգեն Դալիբալթայանն ու Վազգեն Սարգսյանը այսօր Եռաբլուրում են, ասպարեզում մնացել է Արկադի Տեր-Թադևոսյանը ու ստում է սրտի ուզածի չափ՝ ինքը ծրագրել է, ինքը հրամանատարել է, ինքն էլ գրավել է: Ինչու՞ է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը: Ժամանակ եղավ, որ հայտարարեցին՝ առաջին նախագահն էլ դեմ է եղել Շուշիի ազատագրմանը: Սուտ, որ օրվա իշխանությունները սիրով սփռեցին ու հաստատեցին՝ խաղաղ խրամատներում իրենց համազգեստավոր լուսանկարներով: Գուցե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ գիրք կգրի ու պատմի, որ Շուշիի ազատագրման օրը ինքը Թեհրանում էր՝ Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի (1934-2017) հրավերով: Թեհրանում էր նաև Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը: Իրանի նախագահը փորձում էր կոնֆլիկտի հաղթահարման միջնորդական առաքելություն իրականացնել: Եվ՝ տեղյակ էր՝ ինչ է կատարվելու Ղարաբաղում, բայց լռում էր: Հենց հանդիպումից առաջ հաղորդվեց, որ Շուշին ազատագրվել է: Մայիսի 8-ին հապճեպ՝ ԱԳՆ-ի ջանքերով արագ սարքված այցով, Բուլղարիա էր մեկնել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Ինչու՞: Որովհետև ոչ ոք չէր կարող ասել՝ ինչո՞վ գրոհը կավարտվի: Ինչպես այդ ժամանակների բոլոր իրավիճակներում՝ կամիկաձեի դերը Վազգեն Սարգսյանն էր ստանձնել: Ձախողման դեպքում հայտարարվելու էր՝ նախագահը երկրում չէր, Աժ նախագահը երկրում չէր, Վազգենն ինքնակամ գրոհի հրաման էր տվել: Ու դա ներքին պայմանավորվածություն էր Արկադի Տեր-Թադևոսյանը չգիտի՞ այդ մասին: Ուրեմն՝ ոչինչ չգիտի Շուշիի ազատագրման նախապատրաստման մասին: Գիտի՞, ուրեմն ինչու՞ է լռում: Թող պատմի՝ ինչ է եղել իրականում: Կեղծիքով պատմություն չեն մտնում: Շուշիի ազատագրման ժամանակ զոհված զինվորների հիշատակին անարգանք է այդ կեղծիքը: Անարգանք է իրականությանն ու ճշմարտությանը: Ջնջել բոլորի անունները՝ Գուրգեն Դալիբալթայանի ու Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, և պատմության գրատախտակին գրել միայն Արկադի Տեր-Թադևոսյանի անունը, ապարդյուն ջանք է: Ապարդյուն ու անպատվաբեր: Արժանապատվություն չունեցող մարդկանց է ձեռնտու աղավաղել պատմությունը ու հարմարացնել օրվա քաղաքական կոնյունկտուրային: Բայց տարեցտարի տիրաժավորվող սուտը սկսում է ճշմարտության ուրվագծեր ստանալ ու ժամանակն է Կոմանդոսին իր տեղը հիշեցնել՝ ազատամարտի դաշտային հրամանատարի, որ բախտ է ունեցել առնչվել Շուշիի ազատագրմանը տեղում: Ընդամենը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ Կոմանդոսը զանազան ծառայություններ էր մատուցում նախահեղափոխական Հայաստանի իշխանություններին՝ ԵԿՄ-ն տրոհելու ու անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում անհրաժեշտ անհեթեթությունն ասելու, ու արտոնություն էր ստանում հերոսի ճաճանչափայլ լուսապսակ կրելու, հասկանալի էր: Ինչու՞ է նույն սուտը շարունակվում հետհեղափոխական Հայաստանում: Նոր արժեքնե՞րն էլ հիմնված են երեկվա ստի ու կեղծիքի վրա, թե՞ Շուշիի ազատագրումն ու ընդհանրապես Ադրբեջանի դեմ համաժողովրդական ռազմական հաղթանակը արժեք չէ նոր անվանվող Հայաստանում: Պատահական չէ, որ հաջորդ օրը Արցախ շտապող Աժ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 8-ին ոչ մի րոպե չգտավ շնորհավորանքի երկու բառ ասելու: Ճիշտ ինչպես՝ 6 ժամ ասուլիսող վարչապետը: Իրենց ի՞նչ: Իրենք չեն հաղթել: Նախկինների նախկիններն էին: Քայլողները չէին: Փաստորեն՝ ԵԿՄ-ն այսօր նախագահող (որ նույնպես նոնսենս է) Սասուն Միքայելյանի լեզվի սայթաքումը չէր հայտարարությունը, որ 2018-ի հաղթանակն ավելին է պատերազմի հաղթանակից: Իսկ դա, բացի ամեն ինչից, նշանակում է նաև, որ կոմանդոսներն ու կոմանդոսիկները այսօր էլ պահանջարկ ունեն ու պատմության կեղծարարությունը պարարտ հող ունի նաև ներկա Հայաստանում: Մեղա Եռաբլուրին:
՝

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao