«Ազգային ժողովն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցի՞ն»

«Ազգային ժողովն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցի՞ն»
13.05.2019 | 19:04

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ըստ էության, մեկ տարվա հաշվետվությունն էր հանրության առջև, որը ներկայացվեց մոտ 50 էջից բաղկացած փաստաթղթերով։ Իսկ լրագրողները, վարչապետի խոսքերը մեջբերելով, հիշեցրին նրան մեկ տարի առաջ նրա արած հայտարարություններն ու քննադատությունները, փորձելով համադրել, թե որքանով է խոսքը գործի հետ համընկնում։ Քանի որ ասուլիսում հնչեցին քաղաքական, տնտեսական բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր, մենք հետաքրքրվեցինք Հայաստանում տիրող բարոյահոգեբանական իրավիճակով, նշելով, որ մարդկանց կողմից բացասաբար է ընկալվում տարբեր կազմակերպությունների կողմից ոչ ավանդական սեռական հարաբերությունների գովազդի տարածումը։ Շատերը մտավախություն ունեն, որ ազգային արժեքներին (հավատ, մշակույթ, բանակ) փոխարինելու են գալիս հայի կերպարին անհարիր «արժեքներ»։ Արդյոք դա հարցականի տակ չի՞ դնում Հայաստանի անվտանգությունը։


«Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ում եղել է ժամանակ, երբ մամուլում քննարկվել է, որ իշխանության վերնախավում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ կան, դա 2000-ականների սկիզբն էր։ Այդ թեմայով եղել է քաղաքական գործընթաց և կուսակցության ներկայացուցիչը սպառնացել է հրապարակել գեյ պաշտոնյաների ցանկը, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան տարել են ԱԱԾ մեկուսարան, նա այնտեղից դուրս է եկել, երբ խոստացել է մոռանալ այդ թեման։ Համենայն դեպս, դրա մասին են վկայել հետագա գործընթացները։ Կամ խոսում են սեռը փոխած անձանց մասին։ Ես ոստիկանությունից տեղեկանք եմ պահանջել, և, ըստ այդմ, այս պահին Հայաստանում սեռը փոխած 18 անձ կա, որոնց բոլորին նախկին իշխանությունները տվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Այս ամբողջ իրավիճակը մենք ստացել ենք որպես ժառանգություն։ Հին արժեքները ո՞րն են, որ ազգային արժեքի անվան տակ երկիրը թալանվում էր, դա՞ էր արժեքը, կոռուպցիա՞ն էր արժեքը։ Երբ հայրենասիրական կոչերի տակ բանակը թալանում էին, դա՞ է հին արժեքը, ընտրությունները կեղծե՞լն է հին արժեքը։ Եթե սրանք են արժեքները, ապա, այո, հին արժեքները չկան։ Եվ ուզում եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ, ըստ էության, խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցություն է, նրա ծրագրային առանձնահատկությունը ազգային ինքնության և ինքնիշխանության պահպանումն ու զարգացումն է։ Այսինքն, հեղափոխությունից հետո՞ են հայտնվել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ։ Այդ ավանդապաշտ ուժերը, երբ այդ մարդկանց տվել են ՀՀ քաղաքացու անձնագիր, ասում են` անձնագրում գրել են Լիլիթ, սեռը` արական։ Այսինքն, օժտել են նրան բոլոր իրավունքներով, հիմա էլ ասում են, որ պետք է նրան խարույկի վրա վառել։ Բա վառեիք։ Մեզ մեղադրում են, որ մենք ՀՀ քաղաքացուն, որին դուք անձնագիր եք տվել, չենք վառում։ Եթե հարցը սրա մեջ է, ապա մենք ոչ մեկին չենք պատրաստվում վառել։ Մենք պատրաստվում ենք ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանել, որովհետև ձեր ընդունած Սահմանադրության մեջ գրված է` ՀՀ-ի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ Եվ խտրականությունը կախված սեռից, տարիքից, սոցիալական վիճակից, արգելվում է։ Սակայն մենք մեր ազգային ինքնության և ավանդույթների ջերմ պաշտպաններն ենք։ Ի դեպ, վերջերս ես մի քանի բարձրաստիճան հոգևորականի հարցրել եմ, թե սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողը իրավունք ունի՞ եկեղեցի գնալ, մոմ վառել, խոստովանել, ինձ ասացին` այո, իրավունք ունի։ Այսինքն ստացվում է, որ Ազգային ժողովն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցի՞ն»։


Ինչ վերաբերում է մշակույթին, որ ասում եք` մշակութային արժեքներ, տեսեք, ՀՀ-ի 350 հազար աշակերտ և 350 հազար ուսուցիչ երեք անգամ պետական միջոցներով այցելել է համերգներ, թանգարաններ, թատրոններ։ Այսօր երաժիշտները դպրոցներում դաս են անցկացնում, բացահայտելով երեխաներին` ինչ բան է իսկական երաժշտությունը։ Այսօր դպրոցներում գրողները պետական ֆինանսավորմամբ շփվում են երեխաների հետ, հաղորդ անելով իրենց արվեստին, և այսպես շարունակ։ Այս իրողությունում ասում են` ազգը մշակույթից կտրվում է։ Իսկ եթե խոսքը նախարարության միավորման մասին է, օրինակ, Գերմանիայում գոյություն չունի մշակույթի նախարարություն կամ կրթության և գիտության նախարարություն։ Կան բազմաթիվ երկրների օրինակներ. ԱՄՆ-ում ևս չկա մշակույթի նախարարություն, սակայն նա ունի հսկա մշակույթ, որն ամբողջ աշխարհը պահում է իր տիրապետության տակ»,- պատասխանելով մեր հարցին` ասաց վարչապետը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao