...Որպեսզի բոլորիս աչքերը ոչ թե տեսածն անտեսեն, այլ իրատեսորեն տեսնեն

...Որպեսզի բոլորիս աչքերը  ոչ թե տեսածն  անտեսեն, այլ իրատեսորեն  տեսնեն
14.05.2019 | 01:45

Այս հրապարակման վերտառության միտքը պատկանում է Ք. ա. 1-ին դարի հռոմեացի մտածող Պուբլիլիոս Սիրոսին, որն էլ իր խորունկ փիլիսոփայությամբ դարձավ ընթերցողին ներկայացվող իմ այս մտահոգության վերնագիրը: Երիցս ճիշտ են դարերի ու մարդկության բազմազան փորձություններին դիմակայած-թրծված այս խոսքերը: Միտք, որի ճշմարտությանը մեզնից յուրաքանչյուրը բազմիցս է համոզվել նաև մեր անկախ հանրապետության վերջին 20-25 տարիներին զանազան բնագավառներում կատարված պետական միջոցների ու ազգային հարստությունների առ և ապուռի, անխնա կողոպուտների ենթարկելու գործելաոճերով:
Խոստովանեմ, որ այս խոսք-հոդվածս շարադրել եմ ափսոսանքների ու դառնությունների խոր մտահոգություններով: Քանզի այն վերաբերում է մեր ժողովրդի նյութական մշակույթի անգնահատելի արժեք պետական պահպանության տակ վերցված հուշարձանահամալիրներից մեկին՝ Հայաստանի միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց Ամբերդին (Անբերդ, Հանբերդ): Վստահ եմ, որ ընթերցողներից շատերն են տեսել ու հմայվել Արագած լեռան հարավային լանջի եռանկյունաձև հրվանդանի վրա դարեր առաջ հիմնադրված այդ համալիրի հիասքանչ հուշարձաններով, որը Երևանից գտնվում է 53-55 կմ, իսկ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից՝ 67 կմ հեռավորությունների վրա: Այս համալիրը՝ մեր օրերը հասած այժմյան իր հուշարձաններով ու տեսքով, հիմնականում կառուցվել է 10-13-րդ դարերում՝ Կամսարական, Բագրատունի, Պահլավունի, Վաչուտյան իշխանների կողմից, եղել նրանց կարևոր հենակետերից ու վարչական կենտրոններից (Վաչուտյանների): Համալիրի մերձակայքում առկա են նաև ավելի վաղ շրջանի՝ կիկլոպյան շինության, Ք. ա. 3-1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանների և անցյալի այլ հուշարձանների հետքեր: Հրվանդանին մասնավոր հմայք են հաղորդում նաև նրա երկու կողմերից հոսող Ամբերդ և Արքաշեն գետերը, շրջակա լեռներն ու կանաչին տվող բլուրները։


Այս կարևոր համալիրում (իշխանական դղյակ, բաղնիք, մատուռ, Կաթողիկե կամ Վահրամաշեն եկեղեցի, պարիսպներ և այլն) առաջին անգամ հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ իրականացվել են 1936 թ.՝ ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի և Լենինգրադի պետական Էրմիտաժի միացյալ արշավախմբի ջանքերով, որի աշխատանքները ղեկավարել է ականավոր արևելագետ, հնագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Այնուհետև այդտեղի պեղումները ղեկավարել են Նիկոլայ Տոկարսկին, Սերգեյ Հարությունյանը (1964-72 թթ.): 1970-1976 թթ.՝ «Պատմական հուշարձանների հայկական ընկերության» պատվերով ու միջոցներով և ճարտարապետ Յ. Թամանյանի նախագծերով վերանորոգվել են Վահրամաշեն եկեղեցին, պալատական բաղնիքի շենքը: Ընդ որում, այդ տարիներին՝ բարդ տեղանքներում ճանապարհի բացակայության հանգամանքներով պայմանավորված, վերանորոգման աշխատանքների շինանյութի մի զգալի մասը այդտեղ է տեղափոխվել ուղղաթիռով: Վերջին ժամանակներում այդտեղ վերականգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.: Ամբերդի վերաբերյալ հրատարակվել են մի շարք գիտական ու գիտահանրամատչելի գրքեր, հոդվածներ:


Ամբերդի համալիրը Հայաստանի պատմության ու մշակույթի, զբոսաշրջության համար ակնհայտ հետաքրքրություն ներկայացնող հուշարձաններից է: Այս ամենը նկատի ունենալով է, որ ՀՀ կավարությունը 2017 թ. մայիսի 18-ի թիվ 541Ն որոշմամբ՝ փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 7-ի թիվ 312 որոշման մեջ՝ լրացումներ ու փոփոխություններ կատարելով, որոշել է (այդ որոշումից ստորև մեջբերվում են միայն Ամբերդին վերաբերող կետերը).
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Անտառուտի (19,3438 հեկտար) և Օրգովի (25,7330 հեկտար) համայնքներում գտնվող «Ամբերդ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցը:
2. Սահմանել`
1) «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 45.07 հեկտար.
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Անտառուտի (19,3438 հեկտար) և Օրգովի (25,7330 հեկտար) համայնքների ղեկավարներին պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը սահմանված կարգով փոխադրել հատուկ պահպանվող հողերի դասին:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով կնքել համապատասխան 45.07 և 12,9909 հեկտար հողերի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝ 23. «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց
4) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
ե) արգելոցի տարածքում զբոսավարի, ուղեկցորդի, էքսկուրսային, մշակութային և հանրային սննդի ծառայությունների մատուցում` սահմանված ռեժիմներին համապատասխան»:
Ահա այս որոշման կետերը, մասնավորապես «ե» կետի «հանրային սննդի ծառայությունների մատուցումը», կյանքի կոչելու նպատակով էլ Արագածոտնի հուշարձանների պահպանության ծառայության պետ Մանուկ Մանուկյանը՝ իր որդիների հետ 2017 թ. ձեռնամուխ է եղել Ամբերդի պահպանական գոտու մերձակայքում 2000 քմ հողատարածքը սեփականաշնորհելու գործին և այն ձեռք բերել 8 միլիոն դրամով: Ապա, 2018 թ. շինարարության նախագիծ է կազմել-հաստատել տվել և այս տարվա ապրիլի 1921ից էլ ձեռնամուխ եղել տարածքը շինարարության համար նախապատրաստելու գործընթացին։
Այդ մասին ապրիլի 29-ին՝ Մ. Մանուկյանի Sputnik.Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանին տված տեղեկություններով էլ շինարարության համար նախագծված «նախագիծը հաստատել է Օրգով գյուղի ավագանին, այնուհետև` մարզային կազմակերպությունը, կառավարությունը, մշակույթի նախարարությունը և քաղաքաշինության կոմիտեն, դրանից հետո արդեն գյուղապետը շինարարության թույլտվություն է տվել։ Նա հավելեց, որ հողատարածքը չի մտնում հատուկ հսկվող գոտու մեջ և հուշարձանի տարածքից դուրս է, և այնտեղ երբեք գերեզմանոց չի եղել, ինչպես պնդում են սոցիալական ցանցերում»: Իրավական տեսակետից էլ կարծեք թե ամեն ինչ կատարվել է օրենքի ու օրինականության շրջանակներում: Ավա՜ղ…


Ավա՜ղ և ցավոք, այս դեպքն այնքան էլ այդպես չէ, ինչ թվում է առաջին հայացքից: Քանզի այն ակնհայտորեն պատմամշակութային արժեքի նվաստացման փորձ է և բոլոր առումներով դատապարտելի արարք: Այն էլ ավելի դատապարտելի է նաև այն առումով, որ այդ արարքը իրականացվում է հուշարձանապահպան պաշտոնյայի կողմից, որը պատասխանատու է Արագածոտնի մարզի հուշարձանների պահպանության գործի համար: Երկար տարիներ աշխատելով Հայաստանի հուշարձանների պահպանության բնագավառում, քաջատեղյակ եմ Արագածոտնի հուշարձանների պահպանության մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի հանգուցյալ պապի, հոր՝ Ամբերդ համալիրի երկարամյա հսկիչների, նվիրյալ ու հոգատար աշխատանքներին: Վերջինիս վախճանվելուց հետո այդ գործում, 15-17 տարի առաջ, նրան փոխարինեց որդին՝ Մանուկ Մանուկյանը, որը ևս օրինապահորեն էր կատարում այդ աշխատանքը: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2010-2011 թթ. Մ. Մանուկյանը նշանակվեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» Արագածոտնի մարզային ծառայության պետ:


Նրա ջանքերով անցած տարիներին կանխվել են մարզի տարածքում հուշարձանների նկատմամբ իրականացված մի շարք ոտնձգությունների, գանձախուզությունների դեպքեր, նույնիսկ հարուցվել հուշարձաններին հասցրած ավերում-վնասների վերաբերյալ մի քանի քրեական գործեր։ Եվ ահա այդպիսի արգահատելի արարք, որը կատարվել է հենց իր և իր որդիների կողմից: Անչափ վրդովված եմ: Քանզի իր այդ արարքով նա ոտնատակ է տվել ոչ միայն իր, այլև իր հայրիկի բարի հիշատակը և վնաս պատճառել հուշարձանին: Ի միջի այլոց, երևի շատերի հիշողության մեջ դեռևս թարմ կլինի, որ մի քանի տարի առաջ՝ 2014 թ., ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» նախկին տնօրեն Վ. Պողոսյանի կողմից էլ նախաձեռնվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոցի հենց պահպանական գոտում՝ բաղնիքից քիչ հեռավորության վրա, սրճարան կառուցելու փորձը: Սկսված շինարարությունը մի կերպ կասեցվեց հայրենասեր մի խումբ երիտասարդների ձեռնարկած կոնկրետ և արդարացի բողոքների քայլերով: Դրանից առաջ էլ՝ 2011 թ. մայիսի 25-ին, այդ նույն ՊՈԱԿի ենթակայության տակ գտնվող և 2000 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ առնված «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում՝ Երևանի HSBC բանկի 15-ամյակին, 2014 թ.՝ գործարար Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը նվիրված անթույլատրելի միջոցառմների ժամանակ՝ հենց Զվարթնոց տաճարի որմերի վրա, տեղադրվել էին մետաղական կարկասներ և կատարվել այլ կարգի ոտնձգություններ: Եվ ահա ականատես ենք լինում հուշարձանապահպան նույն կառույցի հուշարձանի նկատմամբ իրականացվող նմանատիպ մի նոր՝ երևի թե հերթական, ոտնձգությանը ... Ի գիտություն ընթերցողի, փաստեմ, որ հիշյալ ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 312Ն որոշմամբ ստեղծվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության 1988 թ. հուլիսի 19-ի թիվ 289 հրամանով ստեղծված «Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիայի» վերակազմավորման հիման վրա (տնօրեններ՝ Ս. Առաքելյան, Վ. Պողոսյան, 2017-ից՝ Ա. Թարվերդյան):


Այստեղ ամենևին խնդիրն այն չէ, թե իրավական տեսակետից սեփականաշնորհումով տեր դարձած այդ 2 հազար քմ տարածքն Ամբերդ հուշարձանի պահպանական գոտու մեջ է, թե նրան մերձակա: Այլ այն, որ ինչպես կարող է մեր հուշարձանների պահպանության գործին զինվորագրված մարդը, հանուն սեփական շահի, բուլդոզերով վանդալիզմի ենթարկել մի տարածք, որտեղ տեսանելի են միջնադարյան տապանաքարեր, ոչ հեռու էլ՝ 1-ին հազարամյակին վերաբերող դամբարաններ։ Միթե՞ կարելի էր չտեսնելու տալ տապանաքարերն ու բուլդոզերի շերեփի հողաշերտի մոտ մեկ մետրի հասնող քերվածքում ի հայտ եկող և փշրանքների վերածվող խեցեղենի ու ոսկորների բեկորները։ Չէ՞ որ մեր մեծ ու փոքր պատմամշակութային յուրաքանչյուր արժեք Հայաստան աշխարհի պետականության ու մշակույթի վկայախոսն ու խորհրդանիշն է։ Եվ ինչպե՞ս կարելի է այդպիսի բարբարոսական վերաբերմունք ցուցաբերել այսպիսի արժեքների նկատմամբ։ Չարագուշակ մի երևույթ, որն ակնհայտորեն հիշեցնում է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի անտառ-գերեզմանատան և այլ հայկական գերեզմանատների հիմնահատակ կործանումը...
(շարունակելի)


Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao