Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Քաղաքականության զիգզագները

Քաղաքականության զիգզագները
17.05.2019 | 00:44

Անքննելի են քաղաքականության կեռմանները. ո՞վ կսպասեր, որ Պոմպեոն Սոչիում Լավրովին ու Պուտինին կհանդիպի, Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին ատաղձագործ կդառնա, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտում կհայտնվի ու ընդդիմադիր կդառնա։ Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանը՝ ընդդիմադիր: Մարդ, որ 10 տարի «ընդդիմադիր» ու «թշնամի» հասկացությունները նույնացրել է։ Մարդ, որ 10 տարում միլիարդատեր, թե միլիոնատեր դարձավ և հիմա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու փորձի և կոռուպցիայի մեջ։ Թեպետ՝ տրամաբանորեն գործել է իբրև նախագահ ու պաշտպանել սահմանադրական կարգը։ Անմեղության կանխավարկածը հարգելով՝ դատարանին թողնենք մեղքի ու անմեղության խնդիրը, տարօրինակը դատական նիստերին զուգահեռվող իրավիճակն է: Ակտիվիստների պահվածքը։ Նույն տրամաբանությունը թելադրում է, որ պաշտոնավարման ընթացքում և հետո՝ 20 տարիներ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող բոլոր մեղադրանքները մեկընդմիշտ հերքելու հնարավորություն է տրված, եթե մեղավոր չէ։ Ինչու՞ են, ուրեմն, նրա կողմնակիցները մոլեգնում։ Եթե մեղավոր է, ինչի՞ մասին է խոսքը։ Նրանք, ովքեր խոսում են անձնական վրեժից, գիտակցու՞մ են, որ ընդունում են ինչ-որ մեղք, որի համար վրեժ է լուծվում։ Ռոբերտ Քոչարյանի օգտի՞ն է, թե՞ նրա դեմ «կողմնակիցների» պահվածքը։ Դատապաշտպանները պարտավոր են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, և պետությունը պարտավոր է ապահովել նրանց անկաշկանդ գործունեությունը:

Այդքանը։ Մոռանալով՝ ինչպես էին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք դատավարություններն ընթանում, ինչ ճնշումներ էին դատարանի վրա գործադրվում ու ինչպես էին դատավորներն ամիսներով «հիվանդանում»։ Նրա բախտը դարձյալ բերել է՝ հիմա ընդդիմության գրասենյակները ջարդուփշուր չեն արվում, ընդդիմադիրները չեն ունեզրկվում, չեն կալանավորվում, ջրցաններով փողոցներից չեն քշվում: Առավել ևս՝ գլխավոր դատախազը խոստացել է, որ դատարանում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև ՀՀ բոլոր նախագահներին ենք տեսնելու ու լսելու։ Փաստացի՝ նաև Արցախի։ Սա այն գործն է, որով անկախության քննությունն է հանձնելու ոչ միայն գործը վարող դատավորը, այլև դատական համակարգը։ Նաև՝ քաղաքական համակարգը։ Դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը քանիցս փորձել է քաղաքական ուժերին համախմբել, կուսակցություն ստեղծել: 10 տարում երբեք առաջին դեմքով քաղաքականություն չմտնելով, երրորդ դեմքով մշտապես ներկա է եղել: Ոչ միայն 1-2 հարցով ինքնահարցազրույցներով ու օրվա իշխանության քննադատությամբ, այլև քաղաքական համարվող անձանց ու խմբերի հետ կապերով։ «ՈՒժեղ ընդդիմություն» ձևավորելու հայտարարությունը այսօր ոչ միայն ապրիորի է, այլև տպավորություն է ստեղծում, որ երկրորդ նախագահը փորձում է քաղաքական կերպար ներկայանալ: Իզուր ջանքեր են: Իբրև վարչապետ Հայաստան գալու առաջին օրից է քաղաքական կերպար եղել ու մնացել է քաղաքական՝ նույնիսկ երբ Աֆրիկայի սաֆարիներում որսով էր զբաղված։


Քաղաքական քիչ թե շատ կշիռ ունեցող որևէ կուսակցություն իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, եթե ուզում է ընտրություններում հաջողության հասնել: Երկրորդ նախագահի տանիքի տակ ապաստան կորոնեն նրանք, որ ուզում են կայանալ, բայց փող չունեն, և երկարաժամկետ գործելու հեռանկարներ են որոնում՝ քաղաքական ասպարեզում առաջին ջութակ նվագելու հույս ունենալով 10 տարի անց: Բայց որտե՞ղ կլինի այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, իրենք կամ մենք բոլորս՝ ոչ ոք չի կարող կանխատեսել։ Քաղաքականության զիգզագները Վանգաներ չեն ընդունում։ Հայաստանում չեն եղել ու չեն լինելու Նոստրադամուսներ։ Չի կարելի այս դատավարությունը վերածել օրակարգի թիվ 1 հարցի: Չի կարելի Հայաստանի ու Արցախի միջև կեղծ հակադրություն ստեղծել։ Չի կարելի թույլ տալ, որ կառավարեն կրքերը, երբ բանականությունը լռում է։ Հիշեցում նրանց, ովքեր Ռոբերտ Քոչարյանին անվանում են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հիմնադիր. Լևոն Տեր-Պետրոսյանին մի դափնեզրկեք՝ նրա օրոք է կնքվել գործող հայ-ռուսական համագործակցության համաձայնագիրը, նրա օրոք է բացվել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, նրա օրոք է Հայաստանը անդամակցել ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին:

Եթե «հայ-ռուսական համագործակցություն» է անվանվում «Գույք՝ պարտքի դիմացը», ՀԷՑ-երի զիգզագաձև վաճառքը ՌԴ-ին ու տնտեսության ռազմավարական ճյուղերի ռուսականացումը, դա ավելի շուտ քրեական, քան քաղաքական գործ է։ Հիշեցում նրանց, որ Սերժ Սարգսյանին անվանում են արևմտամետ, արևմտամետը 2013-ին ոչ թե Մաքսային միություն կմտներ, այլ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կստորագրեր։


ԵՄ-ի մասին։ Անքննելի են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիգզագները։ Մարդը չի սիրում Բրյուսելը, ու՝ վերջ։ ԵՄ ԱլԳ-ի 10-ամյակին նրա մասնակցությունը անեկդոտ է, որից, սակայն, ծիծաղդ չի գալիս։ Բրյուսել առաջին այցից հետո վարչապետը պահանջներ էր ներկայացնում ԵՄ-ին, որ բնավ չի կիսում իր էյֆորիկ տրամադրություններն ու ժողովրդավարության ռահվիրայի առաջ ռևերանսներ չի անում, երկրորդ այցը տևեց... 5 ժամ։ Խիստ անհրաժեշտ էր նախ Լյուքսեմբուրգ գնալ, այց, որ չարդյունավորվեց որևէ պայմանագրով, հետո պարզապես անհրաժեշտ էր Պեկին թռչել՝ Սի Ցզինպինը կարմիր գորգը փռել էր, թեպետ դարձյալ որևէ պայմանագիր չստորագրվեց։ Նիկոլ Փաշինյանը խոսեց մագաղաթներից, Սի Ցզինպինը Խաչատրյանի ու Թումանյանի անունը տվեց, մեկ էլ ասաց, որ պատրաստ է «Հյուսիս-Հարավի» կառուցմանը մասնակցել: Փաստացի՝ նախագահը տեղյակ չէ Մետաքսի մեծ ճանապարհից ու Հայաստանի հետ համագործակցությունը սահմանափակում է տեղում մի քանի միլիոնանոց ծրագրերով, Հայաստանում միլիարդի հույս ունեն։ Չհիշեցնեմ, որ օրեր առաջ Պեկինում Ալիևի հետ հանդիպմանը Սին քննարկում էր այլ մակարդակի հարցեր ու նախագծեր:


Վերադառնանք Բրյուսել: ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ԵՄ մայրաքաղաք անօրակարգ էր՝ մասնակցություն Եվրախորհրդի նախագահի պաշտոնական ընթրիքին, ոտքի վրա հանդիպում Ադրբեջանի նախագահին ու մի անհաջող լուսանկար։ ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն արտաքին քաղաքական օրակարգում ունեցող պետության առաջին դեմքը չի կարող մեկնել Բրյուսել ու թեկուզ 20-րոպեանոց հանդիպում չունենալ Դոնալդ Տուսկ-Ժան-Կլոդ Յունկեր-Ֆեդերիկա Մոգերինի եռյակի կամ նրանցից մեկնումեկի հետ։ Եթե ԵՄ-ն Ադրբեջանի հետ ստորագրեր համագործակցության համաձայնագիրը, որ տարիներով քննարկվում է, տնտեսական մասը համաձանեցված է, մնում է քաղաքական մի կետ (Բաքվի պահանջն է՝ արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բրյուսելը չի ընդունում), Նիկոլ Փաշինյանի անբովանդակ այցը հիմնավորված կլիներ։ Բայց Բրյուսելը ոչ միայն Բաքվի հետ համաձայնագիր չստորագրեց, այլև ԱլԳ-ի Հռչակագիրը չընդունվեց Բաքվի՝ իր տարածքային ամբողջականությունն արձանագրող կետի բացակայության հիմքով առարկության պատճառով, և միայն Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն արեց իր անունից։ Թեպետ անցած տարիներին այդպիսի կետ եղել է։ ՈՒրեմն՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը խուսափում Բրյուսելից (նրա ականջին ինչ-որ մեկն ասե՞լ է՝ ասիական քաղաքակրթությունը գերակա է եվրոպականին, ու ապագան Ասիայում է, ոչ թե մաշված Եվրոպայում կամ անկայուն ԱՄՆ-ում) ու հիմքեր չի՞ ստեղծում իր պահվածքը քաղաքական դեմարշ որակելու։ Ինչի՞ և ու՞մ դեմ։ Սա կարող է դարի հարցը դառնալ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, համենայն դեպս, հոդված է հրապարակել Euobserver-ում` ընդգծելով՝ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի ԵՄ հետ գործընկերային ծրագրից և շարունակելու է խորացնել հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ: Նա արձանագրել է՝ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում. «Օրինակ՝ տևական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կենսական իրավունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար, քննություն է, թե որքանով են մեր դաշնակիցները հետևողական մեր տարածաշրջանում իրական խաղաղությանը աջակցելու և մեր ժողովուրդների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու հարցում»։


Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ ոտքի վրա հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաջորդ բանակցությունների օր ու վայր չի քննարկել՝ կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ։ «Ազատությանը» նա ասել է. «Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը 3 կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը» և վստահություն է հայտնել, որ բանակցությունները շարունակվելու են: ԱլԳ համաժողովում, պատասխանելով «Ազատության» հարցին, Էլմար Մամեդյարովը հայտարարել է՝ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցի. «Այս բոլոր տարիներին, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և նախկին, և գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ի՞նչ փաստաթուղթ է դրված, ինչու՞ պետք է ինքներս մեզ խաբենք»։ Բացի սուբստանտիվ բանալիից՝ Մամեդյարովը այլ «բանալի» էլ է գտել «Ես հարց ունեմ՝ ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմից»: «Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը»,- հակադարձել են նրան ու ստացել նույն «սուբստանտիվը», որ Բաքուն շարունակ կրկնում է. «Հայաստանը շրջանցող երկաթուղային ճանապարհը բացե՞ց, գազամուղը կառուցե՞ց, քի՞չ է միթե, բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնց մասին այսօր խոսեցինք, բոլորը Հայաստանը շրջանցել են։ Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ ստացան Հայաստանի հասարակ քաղաքացիները Ադրբեջանի հետ հակամարտությունից: Ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, աղքատության մակարդակը գրեթե 40 տոկոս է, մի օր մեքենայով գիշերը Թբիլիսիից գնացեք Երևան»: Թերևս ժամանակ չի եղել նրան հիշեցնելու սոցիալական բողոքների ալիքն ու աղքատության մակարդակը Ադրբեջանում և հարցնելու՝ իր հոբբի՞ն է մեքենայով գիշերը Երևանից Թբիլիսի գնալը: Դա թողնենք Զոհրաբ Մնացականյանին։ Լավ նախարար ունենալը լավ է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Քաղաքականության ևս մի զիգզագ՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ՔՈ-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Փաստորեն՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, ոչ էլ բիզնեսմեն, ընդամենը ԲՀԿ խմբակցության ղեկավարն է՝ սա համարենք Գագիկ Ծառուկյանի ներկա՞ն, թե՞ ապագան։ Եվս մեկ դարի հարց։
Իսկ ընդհանրապես՝ փաստացի մենք զբաղվում ենք ամեն ինչով, որի հանրագումարը ոչինչն է, մինչդեռ ժամանակը տրված է գործի համար։

Դիտվել է՝ 716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao