Վահե Գրիգորյանի «ՍԴ նախագահ լինելու» առնչությամբ իշխանությունը հստակ դիրքորոշում չունի

Վահե Գրիգորյանի «ՍԴ նախագահ լինելու» առնչությամբ իշխանությունը հստակ դիրքորոշում չունի
28.06.2019 | 02:02

Դատական իշխանությունն իշխանության առանձին ճյուղ է, ու մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք այդ իշխանությանը. «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության տեսակետն է Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելու, այնուհետ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու առնչությամբ: Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ հստակեցնում է՝ գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանության շուրջ, պետք է տեսնել իրավական հարթությունում, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, պետք է իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված ու արդարացի իրականացնեն:


Նույն խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆՆ էլ կարծում է, թե մեր երկրում «սահմանադրացավ» է առաջացել: Ըստ նրա՝ խիստ անտրամաբանական է, որ, ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին, Վահե Գրիգորյանի հայտարարությունը քննարկման բուռն առարկա է դարձել. «Երբ Գրիգորյանի հայտարարությանը փորձում ենք բովանդակություն հաղորդել, ապա այսպիսի պատկեր ենք ունենում: Նախկինում հայտարարվում է ոչ լեգիտիմ նախագահի գոյության մասին, այնուհետև ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է ՍԴ անդամի թեկնածու ու ընտրվում է ՍԴ դատավոր, հետագայում էլ նման աշխարհացունց հայտարարությամբ հանդես գալիս»:


Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված արհեստական աղմուկին արձագանքում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ ու շեշտում՝ Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով համարվում է ՍԴ նախագահ, իսկ սահմանադրական նորմերի վերաբերյալ ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, հավելում է Սամսոնյանը, նա ԱԺ-ում հայտարարեց, թե այս պահից ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց անցել է մի քանի օր, ու նա այդպես էլ չի ստանձնել այդ լիազորությունները։ Պատգամավորի կարծիքով` եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ապա լուրջ խնդիրներ է ունենալու: Բացի այդ՝ մեկ անձը չի կարող իրավունքի աղբյուր լինել, որոշել սահմանադրական նորմերը, մեկնաբանել, ու հետո դրանք դառնան կատարման համար պարտադիր: Գործընկերոջ միտքը շարունակում է խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ. «Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան գործընթացով՝ ԱԺ որոշմամբ ու դրան հաջորդող իրավական ակտերով: ՈՒ եթե Գրիգորյանը կարծում է, որ տվյալ ակտերն իրավաբանորեն վիճարկելի են, ապա կարող է դիմել վարչական դատարան ու այնտեղ վիճարկել»:


Ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության՝ «Իմ քայլը» իշխող մեծամասնությունը չի կողմնորոշվել՝ պաշտպանու՞մ, թե՞ չի պաշտպանում ՍԴ ինքնահռչակ նախագահին, որը, ի դեպ, իրենց հովանավորությամբ է ընտրվել ՍԴ անդամ: Խմբակցության պատգամավորներ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հրաժարվում են հարցին կոնկրետ պատասխան տալուց: Գրիգորյանը, օրինակ, այսպես է մեկնում. «Այն մարմինը, որին ձեր հարցերը վերաբերում են, ասում է. «ժողովուրդ ջան, մենք քննարկումների մեջ ենք, ու հրապարակային կարծիքը կարող է խանգարել քննարկումների արդյունավետությանը»։ Եթե այդ սուբյեկտները, որոնք անմիջական քննարկման կողմերն են, չեն ցանկանում մեկնաբանել, ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ մենք ասենք, թե այսպես կամ այնպես ենք կարծում»: Իսկ Աննա Կարապետյանը զլանում է հարցին մի քանի անգամ անդրադառնալ. «Քանի որ այս հարցին արդեն մի անգամ անդրադարձել եմ, կարծում եք՝ մի անգամ և՞ս պիտի խոսեմ սրա մասին։ Ես այդ հարցին պատասխանել եմ, հիմա նույնությամբ կրկնում եմ Ձեզ համար` ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր»:


Հարցին «ևս մեկ անգամ անդրադառնալ» ասվածը պատգավորի՝ օրեր առաջ խորհրդարանում ունեցած մի քանի վայրկյանանոց զրույցն էր լրագրողների հետ, որի ժամանակ նա խուսափել էր հստակ պատասխաններ տալուց ու բուֆետ էր շտապել: Այն, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտնվել են երկու քարի արանքում ու չգիտեն՝ ինչ անել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ գառներն՝ անվնաս, փաստ է: Վահե Գրիգորյանի «ինքնաթագադրմանը» դեմ արտահայտվել չեն կարող, բայց և ինչպե՞ս «մերժեն» օրենքի տառին համապատասխան ընտրված Հրայր Թովմասյանին, հետո ինչպե՞ս են նայելու եվրոպացի գործընկերների աչքերին: Չնայած տիկին Կարապետյանը կարծես լավ է տիրապետում մերժելու արվեստին. լրագրողների հետ նրա շփումը գոնե դա է վկայում: Իր քիմքին ոչ հաճելի հարցեր լսելուց հետո շրջվում ու հեռանում է: Նախկիններին հաճախ հղում անող նորերը, փաստորեն, բավական նմանություններ ունեն նրանց հետ: Դեռ փառք տանք աստծուն, որ Կարապետյանը, մուննաթից բացի, անձնական վիրավորանք կամ անեծք չի հնչեցնում իրենց մասնագիտական պարտքը կատարողների հասցեին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao