«Լոշարիկի» խորհրդավոր առաքելությունը

«Լոշարիկի» խորհրդավոր առաքելությունը
05.07.2019 | 10:43

14 նավաստիներ զոհվեցին ռուսական սուզանավում հրդեհի պատճառով: Սուզանավը հատուկ գործողությունների համար էր ստեղծված, օրինակ, աշխատանքը ստորջրյա մալուխների հետ՝ գրում է Քրիստոֆ Զայդլերը Spiegel-ում: Եվրոպայի ու ԱՄՆ-ի ինտերնետ կապը իրականացվում է օվկիանոսի հատակով անցնող մոտավորապես 20 մալուխներով: Արդեն որոշ ժամանակ ՆԱՏՕ-ում անհանգստացած են, որ ռուսական սուզանավերը հայտնվում են տեղեկատվության փոխանցման կարևորագույն միջոցների մոտակայքում: Վտանգն ակնհայտ է՝ նա, ով կարող է հասնել թվային երակներին, կարող է լրտեսել, բայց նախևառաջ կարող է կարճ ժամանակում միլիարդների տնտեսական վնաս տալ: Հավանաբար հրդեհից տուժել է ռուսական հատուկ նշանակության սուզանավերից մեկը, որ ի վիճակի է նման առաքելության: Ռուսական РБК-ի տվյալներով՝ հրդեհը АС-12 սուզանավի վրա է բռնկվել՝ «Լոշարիկ» անունով, որ կարող էր այդ նպատակներին ծառայել: Եթե տեղեկատվությունը հաստատվի, նշանակում է, որ սուզանավը պատկանում է ՌԴ ստորջրյա ուսումնասիրությունների գլխավոր վարչությանը: Խոսքը ՌԴ գլխավոր շտաբի ստորաբաժանման մասին է, որին վերագրում են գաղտնի գործողությունների Ջեյմս Բոնդի ոճով: «Դա շատ առանձնահատուկ սուզանավ է»,-ասել է Առլինգտոնի ռազմածովային ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Մայքլ Կոֆմանը, որ զբաղվում է Ռուսաստանի ստորջրյա ակտիվության ուսումնասիրությամբ և ՌԴ ստորջրյա ուսումասիրությունների գլխավոր վարչությունը անվանում է «ռուսական երկրորդ ռազմածովային նավատորմ»: Նրա խոսքով՝ նավերն օգտագործվում են «հատուկ առաքելությունների» համար, օրինակ՝ ծովի հատակից տեղեկատվության հավաքման, այնտեղ ինֆրակառույցների հաստատման՝ գաղտնալսումների սարքերի տեղակայման և այլն: Կոֆմանը ենթադրում է, որ «Լոշարիկը» կարող է սուզվել մինչև 1000 մետր, ինտերնետում խոսում են 6000 մետրի մասին: Սուզանավն անվանվել է մուլտհերոսի՝ ձիու անունով, որի մարմինը բազմաթիվ գնդերից է կառուցված: Նավը հավաքված է մի քանի գնդանման հատվածներից: Շնորհիվ այդ կառուցվածքի՝ կարող է դիմանալ ջրի ճնշմանը շատ մեծ խորություններում: Վերլուծաբան Սաթոնը իր բլոգում գրում է, որ տիտանի խառնուրդով կառուցված գնդանման հատվածներից ամեն մեկը 6 մետր տրամագիծ ունի: Անձնակազմին քիչ տեղ է մնում՝ մոտ 1000 խորանարդ մետր: Պարզ չէ՝ որտեղ է վթարը եղել: РБК-ի տվյալներով՝ ռուսական տարածքային ջրերում: ՌԴ ստորջրյա ուսումասիրությունների գլխավոր վարչությունը օպերացիոն բազա ունի Մուրմանսկի մարզի Օլենիե գուբա հատվածում, որտեղ նաև ՌԴ ռազմածովային բազան է: 2018-ին նորվեգական Barents Observer ամսագիրը շատ էր գրում Օլենիա գուբայում ՌԴ ստորջրյա ուսումասիրությունների գլխավոր վարչության ակտիվության մասին:
Քրիստոֆ Զայդլեր, Der Spiegel


Հ.Գ. Անդրե Բալենը Handelsblatt-ում գրում է, որ ռուսական միջուկային սուզանավում 14 նավաստիներ են զոհվել: Աղետը հիշեցնում է «Կուրսկի» կործանումը: «Սա մեծ կորուստ է նավատորմի ու ամբողջ բանակի համար»՝ ասել է Վլադիմիր Պուտինը: Դա հարված է Պուտինի կառուցած քաղաքական համակարգին: «Լոշարիկը» «Կուրսկ» չէ՝ ՌԴ զինված ուժերում իրավիճակը 2019-ին տարբերվում է իրավիճակից, երբ Պուտինը ՌԴ նախագահ դարձավ 2000-ին, բայց երկու աղետները զուգահեռներ ունեն: Երկու աղետներն էլ եղել են ՌԴ Հյուսիսային նավատորմի հայտնի օբեյկտներում՝ գաղտնիության բարձրագուն աստիճան ունեցող սուզանավերում: Երկուսն էլ վարժանքների մեջ էին ճակատագրական պահին: Թեպետ «Լոշարիկում» «Կուրսկից» քիչ մարդիկ են զոհվել՝ 2000-ի օգոստոսին այնտեղ 118 նավաստի կար, դա վերջին 10 տարում ամենամեծ աղետն էր: Վերջին 20 տարիներին Պուտինը ստեղծում էր «ուժեղ Ռուսաստանի» միֆը՝ առաջին հերթին հենվելով բանակի ինտենսիվ սպառազինման ու մոդեռնացման վրա՝ գերձայնային արագությամբ նոր միջուկային հրթիռներ, առավելագույնս ճշգրիտ նոր թևավոր հրթիռներ, ատոմային ստորջրյա անօդաչուները առանցքային կետերն էին, որ անցած տարի՝ իր վերընտրությունից առաջ Պուտինը պարծենում էր Ռուսաստանի ռազմական ներուժով: Այնուհանդերձ, նորից ու նորից, հատկապես նման մեծ դժբախտ դեպքերից հետո, ծագում է զինված ուժերում անվտանգության չափորոշիչների հարցը: Բանակի կորուստների մասին պաշտոնական տվյալներ չկան 2010-ից, երբ գլխավոր դատախազ Յուրի Չայկան նշեց 478 զոհված զինծառայողների մասին: Արդեն այն ժամանակ իրավապաշտպանները կասկածում էին այդ թվերին: «Մոր իրավունք» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Վերոնիկա Մարչենկոն ռուսական բանակում մահացությունը տարեկան 2000-2500 է հաշվում: Ուկրաինայի կոնֆլիկտը սկսվելուց հետո մահացության տվյալները Պուտինը պետական գաղտնիք հայտարարեց: Հարց է՝ հասարակությանը հայտնի կդառնա՞ն աղետի իրական պատճառները՝ մեծ գաղտնիության պատճառով: Թվում է, որ տեխնիկան դեռ շատ ավելի կարևոր է մարդկային կյանքից: Ռազմական գաղտնիքի պահպանությունը ավելի կարևոր է աղետի պատճառներն իմանալու հասարակության իրավունքից: Լիովին հնարավոր է, որ «Ի՞նչ է եղել «Լոշարիկում» հարցին ի վիրջո պատասխանեն՝ հրդեհ: Ինչպես Պուտինը մի անգամ կարճ պատասխանեց Լարի Կինգի հարցին՝ «Ի՞նչ եղավ «Կուրսկին»՝ խորտակվեց:


ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հուլիսի 1-ին Բարենցի ծովում սուզանավում զոհված 14 ծովայինների պաշտոնները և կոչումները: Զոհվել են 7 առաջին աստիճանի կապիտաններ, նրանցից երկուսը՝ Ռուսաստանի հերոսներ, 3 երկրորդ աստիճանի կապիտաններ, 2 երրորդ աստիճանի կապիտաններ, կապիտան-լեյտենանտ և բժշկական ծառայությունների փոխգնդապետ: Զոհվածների անունները չեն հրապարակվում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե սուզանավին և նրա գործողություններին վերաբերող տվյալները պետական գաղտնիք են պարունակում:
ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է ծովայինների հերոսության մասին: «Կրիտիկական իրավիճակում սուզանավի ծովայինները գործել են հերոսաբար, հրդեհով բռնկված տարածքից նրանք առաջին հերթին դուրս են բերել արդյունաբերության քաղաքացիական անձին, նրա հետևից փակել են լյուկը, որ թույլ չտան, որ հրդեհը տարածվի ամբողջ սուզանավով, իսկ իրենք մինչև վերջ պայքարել են սուզանավը փրկելու համար, իրենց կյանքի գնով կատարել են խնդիրը, հրդեհի օջախը մարել են, փրկել են իրենց ընկերներին և սուզանավը», - ասել է Շոյգուն:


Սուզանավը տեղափոխվել է Սևերոմորսկի բազա՝ ՌԴ Հյուսիսային նավատորմի կենտրոնակայան: Սևերոմորսկը փակ քաղաք է: «Տելեգրամ-Կանալ»-ը 14 մարդու և նրանց պաշտոնների ցանկ է հրապարակել՝ ասելով, թե նրանք են զոհվածները: Ըստ «Տելեգրամ-Կանալ»-ի լուրերի՝ զոհվածների անունները հրապարակվելու են Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև 2000-ին կործանված «Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի անդամները: Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնազերծեց «պետական գաղտնիքի» կնիքի տակ պահվող տեղեկությունը՝ Նա ասաց, որ լրատվամիջոցներում խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է: Պուտինի և Սերգեյ Շոյգուի՝ Կրեմլում հանդիպման ժամանակ նախագահը հետաքրքրվել է՝ խոշոր հրդեհից հետո ի՞նչ վիճակում է սուզանավի միջուկային ռեակտորը, Շոյգուն ասել է. «Միջուկային ռեակտորն ամբողջովին մեկուսացված է, դրա մոտ մարդ չկա: Անձնակազմը ձեռնարկել է ռեակտորը պաշտպանելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Ներկայում այն սարքին է»: Շոյգուն հավելել է, որ հրդեհը բռնկվել է սուզանավի մարտկոցային հատվածում: 14 նավաստիների մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao