Պուտինն Իտալիայում՝ ինչպես տանը

Պուտինն Իտալիայում՝ ինչպես տանը
06.07.2019 | 13:32

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հանդիպեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Երրորդ անգամ: Ինչպես նախորդ անգամներին՝ նա նորից ուշացավ հանդիպումից: Պուտինի ու պոնտիֆիկոսի զրույցը տևեց մեկ ժամ՝ այդպես է նախատեսված պապական արարողակարգով: Հավարտ հանդիպման Ֆրանցիսկոս պապը ՌԴ նախագահին նվիրեց 18-րդ դարում Սուրբ Պետրոսի հրապարակի ուրվանկար, որ նա «չմոռանա Հռոմը»: Պուտինը պապին նվիրեց Պետրոս ու Պողոս առաքյալների սրբապատկեր, Անդրեյ Կոնչալովսկու «Մեղք» ֆիլմը՝ «Սա շատ լավ ֆիլմ է» ասաց նախագահը (ֆիլմը նվիրված է Միքելանջելո Բուոնարոտիին):

Պապի ու նախագահի հանդիպումը անցավ փակ դռների հետևում, հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություններ չեղան: Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը հաղորդեց, որ Ֆրանցիսկոս պապը ՌԴ նախագահի հետ քննարկել է միջազգային արդիական խնդիրները, հատուկ ուշադրությւոն դարձնելով Սիրիայի, Ուկրաինայի ու Վենեսուելայի իրավիճակին: Նույն թեմաներն էր նշել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հանդիպումից առաջ: Նա նաև ասել էր, որ Ռուսաստանն ու Վատիկանը «մերձ կամ նույնական դիրքերից» են վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին, կրոնական էքստրեմիզմին, տնտեսական ու տեխնոգեն աղետների կանխարգելմանը և քրիստոնյաների պաշտպանությանը կոնֆլիկտի գոտիներում: Ուշակովի խոսքով՝ 2016-ին Հավանայում Ֆրանցիսկոս պապի ու պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումից հետո երկու եկեղեցիների հարաբերությունները «նոր մակարդակ» են ստացել: Ռուսաստան պապի այցի հարցի քննարկում հանդիպմանը ծրագրված չէ. «Ես կարծում եմ՝ ոչ մեր կողմից, ոչ Վատիկանի կողմից այդ հարցը չի դրվի»՝ ասել էր Ուշակովը: Ժամանակակից պապերից որևէ մեկը Ռուսաստան չի այցելել: Հունիսի սկզբին Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարեց, որ ուղղափառ հոգևորականներն ու հավատացյալները դեռ պատրաստ չեն պապին ընդունել. «Մենք նախընտրում ենք աստիճանական, առանց կտրուկ քայլերի առաջ գնալ»:

Պապի հետ երրորդ հանդիպմանը Պուտինը ուշացավ մոտ կես ժամ, պապի հետ նրա զրույցը սկսվեց 45 րոպե ծրագրվածից ուշ: Ռեյտերսը գրում է, որ նա ուշացել էր 1 ժամ: 2013-ի նոյեմբերին Պուտինն ուշացել էր 50 րոպե, 2015-ի հունիսին՝ 1 ժամից ավելի:

BBC

Հ.Գ. Մոսկվայի պատրիարքությունում Պուտինի և Ֆրանցիսկոսի հանդիպումը կարևոր ու օգտակար են անվանել՝ ընդգծելով, որ կողմերը միանման դիրքորոշում ունեն ավանդական արժեքների պահպանման, հալածված քրիստոնյաների իրավունքների պաշտպանության և «համաշխարհային քաղաքականության մի շարք հարցերի» վերաբերյալ:

Kremlin.ru կայքի հաղորդումով՝ ՌԴ նախագահը Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելայի ու վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Մատարելան ՌԴ նախագահին ընդունել է Կվիրինալի պալատում, Կոնտեն՝ Կիջիի: Մադամա վիլլայում՝ Իտալիայի կառավարության ընդունելությունների տանը կայացել է ճաշկերույթ՝ քաղաքացիական հասարակությունների ռուս-իտալական ֆորումի մասնակցիների հետ: Այցի ավարտին Ֆյումիչինո օդակայանում Պուտինը հասցրել է հանդիպել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Այցի նախօրեին Corriere della Sera-ին հարցազրույցում Սիլվիո Բեռլուսկոնիի մասին հարցին Պուտինը պատասխանել է. «Մեզ կապում են երկարամյա բարեկամական հարաբերությունները: Սիլվիոն համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչ է, իսկական լիդեր, իր երկրի շահերը միջազգային ասպարեզում հաստատուն պահպանող: Հարգանք է հարուցում նրա անկեղծ ձգտումը մեր երկրների հարաբերությունների ներուժի պահպանման ու բազմապատկման հարցում: Մեզ չի հաջողվում հաճախ հանդիպել, բայց երբ առիթը ներկայանում է, նա երբեք իրեն թույլ չի տալիս քննարկել ներքաղաքական հարցեր: Ինչպես և ես»: Բեռլուսկոնին էլ հետ չի մնացել: «Առաջ, Իտալիա» կուսակցության նախագահը Ֆեյսբուքում գրել է, որ Հռոմի օդանավակայանում իր և Պուտինի գիշերային հանդիպումն ապացուցում է իրենց բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը. «Մեր զրույցը առիթ էր հաստատելու մեր միջև առկա հարգանքն ու ջերմ բարեկամական կապերը, Իտալիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների հիմնարար կարևորությունը»: ««Առաջ, Իտալիա» կուսակցությունը կշարունակի ջանքերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդար և անարդյունավետ մեխանիզմի հաղթահարման ուղղությամբ՝ պարտավորություն, որն ավելի լայն աջակցություն է գտնում մեր երկրում և Եվրոպայում»,- հավելել Է Բեռլուսկոնին:

Համատեղ ասուլիսում վարչապետ Ջուզեպե Կոնտեն նշեց երկու երկրների հիանալի հարաբերությունները՝ չնայած եվրոպական պատժամիջոցների ստեղծած ծանր պայմաններին: «Պահը շատ բարդ է, գլոբալ: Իտալիայի ու Ռուսաստանի հարաբերությունները համապատասխանում են մեր փոխադարձ շահերին: Իտալիան Եվրոպայում երկրորդ արտադրողն է և չպետք է վախենա գլոբալացումից ու օգտագործի բոլոր հնարավորությունները: Իսկ Ռուսաստանը առաջարկում է կարևորագույն հնարավորություններ մեր ընկերություններին ու ձեռնարկություններին»՝ ասաց Կոնտեն: Նա հիշեցրեց, որ Ռոսաստանը Եվրոպայից դուրս Իտալիայի արտահանման հինգերորդ շուկան է, որտեղ աշխատում են 500 ձեռնարկություններ ու ընկերություններ:

Արտաքին քաղաքական հարցերից՝ Կոնտեն ասաց, որ Պուտինի հետ քննարկել են Լիբիայի, ՄԱԿ-ի դերը բարձրացնելու, Սիրիայի ճգնաժամի, Ուկրաինայի, ԵՄ-ՌԴ հարաբերությունների, փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրի ճակատագրի հարցերը: Պուտինն անդրադարձավ տնտեսական համագործակցությանը: Նա շեշտեց, որ Իտալիան կարևորագույն առևտրական գործընկեր է՝ 2018-ին ապրանքաշրջանառությունը 13 տոկոսով ավելացել է՝ հասնելով 27 միլիարդ դոլարի: ՌԴ նախագահը հրավիրել է մասնակցել միջազգային արդյունաբերական Իննոպրոմ 2020 ցուցահանդեսին Եկատերինբուրգում: 2018-ին ՌԴ Իտալիային է մատակարարել 23 միլիարդ խորանարդ մետր գազ, որ սպառման 35 տոկոսն է: Համագործակցության ուղղություններից են արդյունաբերական կոոպերացիան, ճանապարհաշինարարությունը, բարձր տեխնոլոգիաները, գենետիկան, բժշկությունը, դեղագործությունը, հումանիտար-մշակութայինը: Հուլիսի 20-ին տիեզերք կգործուղվի իտալացի տիեզերագնաց:

Ասուլիսում Հռոմի պապի հետ հանդիպման մասին Պուտինն ասել է. «Քննարկել ենք Ռուսաստանի ու Վատիկանի հարաբերությունների զարգացման հարցեր, պայմանավորվել ենք հատուկ ուշադրություն դարձնել մշակույթի, կրթության ու առողջապահության ոլորտներում համագործակցությանը: Անդրադարձել ենք Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանության թեմաներին, Սիրիային մարդասիրական աջակցությանը: Կարևոր է, որ Ռուսաստանի ու Վատիկանի դիրքորոշումները համահունչ են ավանդական արժեքների պահպանության, միջկրոնական ու միջքաղաքակրթական երկխոսության զարգացման հարցերում»:

ԵՄ-ՌԴ հարաբերությունների վերականգնման հնարավորության հարցին ՌԴ նախագահը պատասխանել է. «Ամեն ինչ մեզնից չէ կախված: Մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր հատվածը, եթե, իհարկե, արհեստական խոչընդոտներ չդրվեն մեր առաջ: Շանս միշտ կա, հեռանկար միշտ կա: Մենք բնական գործընկերներ ենք բազմաթիվ ոլորտներում: Աշխարհագրորեն մոտ ենք, քաղաքակրթական միասնական կոդ ունենք, այդ պատճառով ես չեմ տեսնում հարաբերությունների վերականգնման ճանապարհին անհաղթահարելի արգելքներ: Բայց, կրկնում եմ, մեր եվրոպացի գործընկերներից շատ բան է կախված»: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այնքան էլ չի համաձայնել. «Ես ինձ թույլ կտամ ասել, որ երբ նախագահ Պուտինը, մեր բարեկամ Վլադիմիրն ասում է, որ ամեն ինչ Ռուսաստանից չէ կախված, չափազանց համեստ է, իրականում Ռուսաստանը, իրավիճակը հաղթահարելու համար կարող է մեծ դեր կախաղ: Անկասկած, պետք է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, որ դեպի առաջ քայլեր կատարվեն: Ի՞նչ դեր կարող է Իտալիան խաղալ: Իտալիան ներգրավված չէ նորմանդական խմբում, բայց հակված է երկխոսության, ինկլյուզիվ մոտեցման և կարող է արդյունավետ դեր ունենալ Ուկրաինայի իրավիճակում: Ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք պատժամիջոցների ժամկետի ավարտին, ես տխրում եմ, որովհետև պատժամիջոցների երկարացումը այն նպատակը չէ, որ ես ցանկանում եմ ինձ, Իտալիային, ռուս բարեկամներին: Հիմա ևս կես տարի, ցավոք, երկարացվեցին պատժամիջոցները, բայց մենք ժամանակ ունենք»:

Փաստացի՝ ռուս-իտալական օրակարգում՝ դատելով և հանդիպումներից, և Corriere della Sera-ին հարցազրույցից, կան միջազգային օրակարգի համարյա բոլոր հարցերը, բացի՝ Իրանից ու Ղարաբաղից: Կամ՝ դիրքորոշումների տարբերությունը ստիպում է այդ հարցերը չբարձրաձայնել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao