Մենք որբ ենք թողել պետությունը

Մենք որբ ենք թողել պետությունը
09.07.2019 | 00:54

Մահը հարցնում է կյանքին. «Ինչու՞ են քեզ ավելի սիրում, քան ինձ»: Կյանքը պատասխանում է. «Որովհետև ես գեղեցիկ սուտ եմ, իսկ դու սարսափելի ճշմարտություն»: Երբ 6 մարդ օրը ցերեկով այրվում է մահվան կամրջին, ու ոչ ոք ոչինչ չի կարողանում կրակի դեմն անել, գրելդ չի գալիս: ՃՏՊ՝ ընդամե՞նը: Ոչ: Կյանքի ու միմյանց նկատմամբ վերաբերմունք: Անփույթ, անհարգալից, սխալ: Ռիսկային ու վտանգավոր: Եթե միայն լիներ եզակի դեպք, դժբախտ պատահար, առօրյա է: Ճանապարհներին մահվան վիճակագրությունը առօրյա է՝ այդ պատերազմը ինքներս ենք մեզ հայտարարել: Մենք էլ մեռնում ենք՝ ավտովթարներից, որ չպիտի լինեին, եթե կարգուկանոն լիներ: Մեր կյանքում: Սա այն դեպքը չէ, որ մեղավոր է «նախորդ հանցավոր ռեժիմը»: Ոչ էլ ներկա հեղափոխականը: Առաջ երթևեկության կանոնները խախտում էինք գաղջ մթնոլորտում, հիմա՝ դուխով: ՈՒ՝ ի՞նչ տարբերություն:
Եթե իսկապես տեղեկատվական հոսքերն են դառնում արժեքային համակարգի ձևավորման կազմակերպիչ, մենք կորած ենք: Մի քանի ժամում պարզեցինք, որ ազգովին կեսս բռնաբարող, կեսս բռնաբարված ենք, բոլորով՝ բռնության զոհ: Ամեն օր ինչ-որ մեկը սպանում է հորը, մորը, եղբորը, քրոջը, երեխային, ինքն իրեն: Ամեն օր փողոց են դուրս գալիս ու ինչ-որ մեկին դատապարտում են ինչ-որ խմբեր: Հաջորդ օրը ուրիշ խմբեր են անցնում նույն երթուղին ու դատապարտում են դատապարտողներին: Տրենդ է դարձել «օ՛» ասել ու ինչ-որ մեկի դիմանկարով փուչիկ պայթեցնելը՝ համարելով քաղաքական ակցիա:

Քաղաքականության այս սպանությունը չենք մարսելու: Պետք չէ ոչնչացնել ամեն ինչ, մանավանդ եթե դու չես ստեղծել ու չես կարողանալու ստեղծածդ դատարկությունը լցնել: Փողոցները դարձել են ինքնարտահայտման, կայացման ու փող աշխատելու տեղ՝ բառի բուն իմաստով: Բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը բոլորից պահանջում են: Եթե սա է «Նոր Հայաստանը», գոնե մեկը կա՞, որ պատասխանի հարցին՝ որ ի՞նչ: Սա արդեն ազատություն չէ, անարխիա է, որտեղ ամեն ինչ արժեզրկվում է: Երբ անընդհատ ինչ-որ մեկը փողոցում ճչում ու աղմկում է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ ընտելանում ես: Արժեքային համակարգի հիմք պիտի լինեն ոչ թե տեղեկատվական հոսքերը, այլ նպատակը, այլապես կխելագարվենք անվերջանալի նեգատիվի կպչուն ստրիպտիզից: Իսկ նպատակը չի ուրվագծվում: Նպատակը գնում-կորչում է դատարկ ու դառը հայտարարությունների հորձանուտում և այնքան է խճճվում ու մանրանում, որ երբ քայլ-քայլ հետ ես գնում՝ սկիզբը գտնելու, ոչինչ չես գտնում: Սա էլ քեզ վեթինգ:


Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հուլիսի 11-ին հրավիրվելու է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում երկու հիմնական հարց է լինելու։ Հիմնական հարցը ԲԴԽ դատավոր անդամների առաջադրումն է, նույնքան հիմնական հարցը՝ դատական համակարգում ստեղծված վիճակի գնահատականը։ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարությամբ ԲԴԽ-ին մեղադրեց անգործության մեջ և ողջունեց «դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման վերականգնման ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով»։ Բայց դա վաղուց էր, 2 օրից դատավորների ընդհանուր ժողովը պիտի գնահատական տա մի իրավիճակի, որտեղ իրենք և սուբյեկտ են, և օբյեկտ: ԲԴԽ-ում 4 թափուր տեղ կա ԱԺ-ի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ ԲԴԽ նախագահի ընտրությունը կատարվում է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` 10 օրում։ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևեցին Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականները։ ԱԺ-ից արդեն ընտրվել է երկու անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ ԲԴԽ անդամ կարող են դառնալ 40 տարին լրացած, 10 տարի դատավոր աշխատած, որևէ կարգապահական տույժի չենթարկված դատավորները: Բոլոր նրանք, որ բավարարում են այս պահանջներին, համարվում են ԲԴԽ դատավոր-անդամի թեկնածու և ընդգրկվում են քվեաթերթիկում: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուների շրջանառվող անունները՝ Դավիթ Բալայան, Մեսրոպ Մակյան, Ռուբեն Վարդազարյան, Սուրեն Մնոյան։ Եվ՝ ոչ միայն: Բայց կա մի «բայց»: Եթե ԲԴԽ-ն է լինելու վեթինգերներից մեկը, որպես կառույց՝ ԲԴԽ-ն ենթակա չէ՞ վեթինգի: Բոլորն անվերապահ վստահու՞մ են ԲԴԽ-ին, չէ որ հիմա անվստահություն հայտնելն ամենապահանջարկված գործընթացն է:

Վենետիկի հանձնաժողովը 2017-ին առաջարկել էր, որ ԲԴԽ անդամների առաջադրման գործընթացն ավելի ընդգրկուն լինի և չսահմանափակվի կուսակցական նոմինացումներով, հնարավորություն տրվի քաղհասարակությանը, փորձագիտական խմբերին, փաստաբանների պալատին թեկնածու առաջադրել և գործընթացը դարձնել մասնակցային։ 2017-ին դա չեղավ: Հիմա էլ ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ի կողմից քաղաքականացված է, ստացվում է, որ իշխող խմբակցությունը ունենում է քաղաքականապես իրեն հարմար անդամ: Այսինքն՝ ԲԴԽ-ն էլ է ՔՊ-անում՝ գործող օրենքով: Եվս մի «բայց»՝ ինչպե՞ս է ԲԴԽ-ն լինելու դատավորների վեթինգեր, եթե դատավորների ընդհանուր ժողովի կազմից առաջադրված անդամներով է համալրվելու: Այն դատավորների, որոնց նկատմամբ կա համընդհանուր անվստահություն: Ճիշտ է՝ ԲԴԽ-ում դատավորների ընդհանուր ժողովը 1 թափուր տեղ ունի և 1 թեկնածու կարող է նշանակել, բայց այնուամենայնիվ։ Գուցե պետք էր սկսել ԲԴԽ-ի ձևավորման փոփոխությունից: Խոսքը անձերին չի վերաբերում, այլ սկզբունքին: Իսկ ընդհանրապես՝ որքանո՞վ է ռեալ «համընդհանուր անվստահության» պատկերացումը: «Տունն առանց այլանդակի չի լինում», ճիշտ է, բայց այլանդակից ազատվելու համար տան հիմքերը չեն քանդում: Նրան են տնից հանում: Այսօր իշխանությունն առաջին դեմքերի մակարդակով բացարձակացնում է մերժումը՝ չունենալով փոխարինողների նստարան: Որովհետև ոչինչ չի փոխվել ոչ ապագա դատավորների ուսուցման, ոչ օրենքների, ոչ աշխատանքային պայմանների մեջ: Վարկաբեկելով բոլորին այսօր, վաղը ևս չենք հավատալու նրանց, թեկուզ վեթինգի հավատաքննությունն անցնելուց հետո, որովհետև ռեալ թայմ ոչինչ չի փոխվել կենսապայմաններում՝ ոչ նրանց, ոչ մեր, որ կյանքի հանգամանքների բերումով կարող ենք հանձնվել նրանց դատին:


Մթնոլորտի փոփոխությունը և օրենքների փոփոխությունը պիտի համակարգը փոխեն, անձերի փոփոխությունը ժամանակի ապարդյուն վատնում է:
Ինչպես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում: Իրավիճակ, որ վերածվել է «նախորդ հանցավոր ռեժիմի» ու ներկա հեղափոխական իշխանության դիմակայության: Իզուր են վիճաբանում իրավաբանները. փաստարկների ու հակափաստարկների նրանց ջանքերը ապարդյուն է դարձնում փաստը, որ հարցը քաղաքական է: Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր անդամները՝ նախագահի հետ, ինքնակամ հրաժարական տվեցին, Հայաստանում դա չի աշխատում: Հրայր Թովմասյանի երկրորդ շնչառությունն է բացվել. նա ուղերձներ է հղում, համագործակցության համաձայնագիր կնքում ու ժպտադեմ հայտարարում, որ ոչ մի ճգնաժամ չկա ու չի էլ եղել: Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ «ինքնանշանակումը» ընդամենը վկայեց, որ իշխանությունը չգիտի՝ ինչպես հարցը լուծի: Լուծումներ չկան և Վահե Գրիգորյանի նամակում, որովհետև իրավաբանների տեսակետները տրոհված են, իսկ հանրային քննարկումը իրավազոր չէ: Եվ սա այն դեպքում, որ նախկին իշխանության որևէ ռեստավրացիա անհավանական է. չկա ու հազիվ թե որևէ այլ քաղաքական ուժ առաջիկայում ի հայտ գա, որ մրցակցի իշխանության հետ: Փաստացի՝ ընդդիմության բացակայությամբ իշխանությունն ինքն է ստանձնել իրեն ամեն քայլափոխին արգելակելու գործը: Այսինքն՝ հայտնվել է այն իրավիճակում, ինչ ՀՀԿ-ն էր: Փաստացի: ՈՒ որտեղի՞ց հիմա «Ելք» գտնել: Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ինչ հայտարարություններ էլ անեն ՍԴ անդամներ-դատավորներ, թե չդատավորները, իրավաբաններն ու քաղաքական գործիչները, իրենց հասարակության տեսակետ արտահայտող ներկայացնող խմբերը, միայն մեկ լուծում կա, որ իրավազոր ու քաղաքական կլինի միաժամանակ՝ սահմանադրական փոփոխություններ են պետք: Փոփոխություններ, որ կկարգավորեն ոչ միայն ՍԴ-ի կազմավորումը, այլև կվերացնեն սուպերվարչապետական համակարգը: Շատ մեծ չափազանցություն է Հայաստանը հիմա անվանել խորհրդարանական հանրապետություն, երբ իրականում գործում է սուպերվարչապետական կառավարում: Կա երկու ճանապարհ՝ կամ վերադառնալ նախագահական կառավարման, կամ՝ իրական խորհրդարանական: Քննարկումները պետք է լինեն այս խնդիրների շուրջ: Քաղաքական գործիչների քննարկման առանցքում պետք է լինի պատճառը վերացնելը, ոչ թե հետևանքների շուրջ սրամտության շքահանդեսը:
Առավել ևս, որ հեղափոխությամբ իշխանությունը ստանձնած ՔՊ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն կարող երկար ժամանակ ապավինել իրենց տիեզերական վարկանիշին. տիեզերքում էլ սև խոռոչներ կան, որ կլանում են ամեն ինչ: Պետք է գործ անել, որի արդյունքները կերևան այստեղ ու հիմա: Որքան էլ հասարակությունը երկատվի, մասնատվի ու խրամատավորվի, խնդիրների շրջանցումը լուծում չի դառնում: Ինչ-ինչ, բայց ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին դա փայլուն ապացուցել է: Սովորել պետք է ոչ միայն սեփական, այլև նախորդների սխալներից:


Վեթինգը, անցումային արդարադատությունը՝ անօրինական սեփականության առանց դատարանի վճռի բռնագանձման ինստիտուտը, ու չգիտեմ էլ ինչը ածանցյալներ են, փոփոխությունը պետք է հիմնականից սկսել: Անձերի փոփոխությունը համակարգ չի փոխում ու հավատ չի վերականգնում համակարգի նկատմամբ՝ փոփոխված դեմքերով: Մթնոլորտի ու արժեքային համակարգի փոփոխությունը դեռ մնում է օրակարգում: Համառորեն տարածվում է մտայնությունը, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես իշխանության բոլոր թևերի նկատմամբ տոտալ վերահսկողություն է փորձում սահմանել: Իսկ դա ժողովրդավարության հետ նույնքան կապ ունի, որքան թռչուն է հավը և ամեն տարի չվում է տաք երկրներ ու վերադառնում:
Իսկ ընդհանրապես՝ փաստորեն մշակույթի նախարարությունը վերացնելը ճիշտ էր, որովհետև մշակույթը խրթին սեպագիր է, երբ չկան վերծանողներ՝ նրանք, որ ստիպում են ապրել մշակույթով, ում խոսքը կենսական ու կենարար է: Զգու՞մ եք՝ ինչ ամայի լռություն է, գիտնականներն ու արվեստագետները ասպարեզ են գալիս, երբ կան սկանդալներ՝ նրանց գործունեության այս ու այն խնդրով: Վերջ: Այսպես է փողոցը լցվում պոռոտախոսներով, իսկ ժողովուրդը ազգ չի դառնում: Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ որևէ գիտնական կամ արվեստագետ հրապարակավ հարց բարձրացնի պետության խնդիրների մասին: Լոկալ հարցեր՝ այո: Բայց ելք առաջարկող խոսք լսե՞լ եք: Ես չեմ հիշում, թեպետ հիշողությունը իմ կորուստների ցանկում չկա: Այդպես է, որ Սևանը կանաչում է ու ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: ՈՒ՝ ոչինչ չի անում: Լիճ է, էլի, կկանաչի-կկապտի, մակարդակը կիջնի-կբարձրանա: Առանցքում ՄԱԿԱՐԴԱԿՆ է՝ սիրո, ընկալումի ու պատասխանատվության, որ չունի ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը։ Մեզնից յուրաքանչյուրը պահանջատեր է իրեն վերաբերող հարցերում: Մենք որբ ենք թողել պետությունը ու ուզում ենք մեր զավակներին հզոր երկիր ժառանգել: Դա ինքնախաբեություն է: ՈՒ՝ մինչև ե՞րբ կդիմանանք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչպե՞ս է ստացվում, որ Սահմանադրության օրը վարչապետը Վիետնամում է, Աժ նախագահը՝ Կիպրոսում: Ինչու՞ Հայաստանի արտաքին քաղաքական քարտեզում համագործակցության որոնումները միայն ասիական ուղղություն ունեն: Մեր ինչի՞ն են պետք Վիետնամն ու Սինգապուրը, ինչու՞ ոչ Ճապոնիա կամ Հնդկաստան: Բարեկամների հե՞տ են միայն բարեկամություն անում, թե՞ նոր բարեկամներ ու գործընկերներ են որոնում: Խելամիտ երկրների ղեկավարները զբոսաշրջությամբ անձա՞մբ են զբաղվում: Չհարցնեմ, չէ՞:

Դիտվել է՝ 613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao