Անցումային արդարադատության իրական նպատակն ու արդյունքը սեփականության վերաբաշխումն է

Անցումային արդարադատության իրական նպատակն ու արդյունքը սեփականության վերաբաշխումն է
12.07.2019 | 01:20

Ցանկացած հեղափոխական գործընթաց, անկախ իր հռչակած նպատակներից և նույնիսկ իրականացման ձևերից, վերջնական արդյունքում ենթադրում է փոփոխություններ քաղաքական, տնտեսական, երբեմն կառավարման համակարգերում։ Ընդ որում, նման փոփոխությունները պետք է ունենան համակարգված ու խորքային բնույթ։ Դրանով էլ հենց պայմանավորված է լինում բուն հեղափոխության գաղափարը՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ էվոլյուցիոն եղանակով։


Անկախ հռչակված նպատակներից և հռետորաբանությունից՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների պատմությունը և պրակտիկան ցույց են տալիս, որ, ի վերջո, այդ հեղափոխության առանցքում թե՛ իրագործողների, թե՛ կնքահայրերի կողմից դրվում է նաև սեփականության վերաբաշխման հարցը։
Կարող ենք դիտարկել տարբեր դարաշրջանների հեղափոխությունները, այդ թվում՝ վերջին 30 տարիների արյունալի, գունավոր թե թավշյա իշխանափոխությունները, և կտեսնենք, որ այդ գործընթացները ուշ թե շուտ հանգեցրել են սեփականության վերաբաշխման։ Իհարկե, միշտ որպես համակարգային փոփոխության օրինակ բերվում է անցյալ դարի սկզբին տեղի ունեցած Սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որի ժամանակ ամբողջ ունեցվածքը հանրայնացվեց։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ըստ էության, կատարվեց հակառակ գործընթացը. սկսվեց սոցիալիստական հեղափոխության տրամաբանությանը հակառակ պրոցեսը. հանրային սեփականությունը մասնավորեցվեց 1990-ականներին բնորոշ կրիմինալ մեթոդներով՝ ձևավորելով քրեաօլիգարխիկ համակարգերը։ Հետագայում թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ նույնիսկ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունները այս կամ այն եղանակով հանգեցնում էին սեփականության վերաբաշխման։ Նախկին սեփականատերերին կամ ստիպում էին հանձնել ունեցվածքը, կամ այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ սեփականության ինչ-որ մաս փոխանցվում էր նոր իշխանության հետ սերտաճած մարդկանց, հաճախ նաև նոր իշխանության ներկայացուցիչներին։


Պատմական այս էքսկուրսը հուշում է, որ նույնիսկ ամենաթավշյա հեղափոխական գործընթացներն ուշ թե շուտ, այնուամենայնիվ, ինչ-որ փուլից սկսած բերում են մի հանգրվանի, երբ սկսվում է սեփականության վերաձևակերպման գործընթացը։
2018 թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմաթիվ անգամներ անդրադարձ է եղել սեփականության վերաբաշման թեմային։ Բազմիցս ասվել է, որ ոչ միայն վենդետաներ չեն իրականացվելու նախկին իշխանավորների և քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ, այլև չի լինելու կապիտալի վերաբաշխում։ Իհարկե, միշտ շեշտվում էր նաև, որ այնուամենայնիվ թալանվածը պետք է վերադարձվի։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ հռչակված գործընթացը, այնուամենայնիվ, կապիտալի վերաբաշխում ենթադրում է։


Ինչպես տեսանք վերջին մեկ տարում, այդ գործընթացի սկիզբը Հայաստանում արդեն իսկ դրվել է։ Նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների առջև, որոնց անուններն անընդհատ հնչեցվում էին տարբեր ամբիոններից ու ընդդիմադիր մամուլում, ունեցվածքը կիսելու խնդիր դրվեց։ Նրանցից ոմանք կարծես թե իրենց հարցերը լուծել են, սակայն մինչ այժմ էլ անորոշ է, թե ունեցվածքն օրինականացնելու համար նախկին թալանչիները, օլիգարխներն ինչ գին են տվել։ Անհասկանալի է նաև, թե ինչ սկզբունքով, ինչ չափաբաժիններով են վերջիններս մուծվել և ամենակարևորը՝ ուր են գնացել այդ վճարները։
Առայժմ խոսքը ոչ թե սեփականաշնորհման գործընթացի վերանայման, այլ, այսպես ասած, ռեալ, կանխիկ գումարների վերաբաշխման մասին է։ Խոշոր հաշվով գործը դեռ իրական սեփականությանը չի հասել։ Եթե չհաշվենք Արմեն Ավետիսյանի հյուրանոցի նվիրատվությունը կամ Մանվել Գրիգորյանի հողատարածքների փոխանցումը պետությանը, որոնք սեփականության վերաբաշխման դասական ակտ են։ Սակայն մեկնարկած գործընթացներն աստիճանաբար խորանալու են, և գործը նաև դրան է հասնելու։ Մի կողմից իշխանության եկած մարդիկ են սկսում իրենց ծառայությունների համար ավելի մեծ վարձատրություններ պահանջել, այդ թվում նաև լծակներ՝ սեփականությունների տիրանալու համար։

Հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ ինչպես ասում են, հաց ուտել բոլորն են ուզում։ Այսինքն՝ նման խնդիր սկսում է դրվել երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարության առջև։ Ընթացքում նրանց մոտ նաև գումար է կուտակվում, որով նրանք կարող են նման ռեսուրսների տիրանալ։ Մյուս կողմից էլ իշխանությունն ինքն էլ է հասկանում, որ եթե նման գործողությունների չգնա, ապա նախկին ռեժիմի օրոք հարստացածները կշարունակեն կերակրել նախկին ռեժիմներին, ընդդիմությանը և նպաստել գործող իշխանության թուլացմանը։ Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում շատ հստակ ասաց, որ ժամանակին թալանված կապիտալներն այժմ մտել են լրատվական դաշտ և աշխատում են գործող իշխանության դեմ։ Հիշարժան է «Քաղպայմանագրի» վերջին համաժողովում վարչապետի այն հայտարարությունը, թե ինքը դեմ չէ, որպեսզի օլիգարխիան այդ գումարները ծախսի աշխատատեղ ստեղծելու համար և, ի վերջո, սնանկանա ու բոմժ դառնա։


Վերջին շրջանում, այնուամենայնիվ, մենք ականատես ենք լինում մի քանի ահազանգի, ինչը նախապատրաստական զոնդաժ է՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է հասարակությունը վերաբերվել սեփականության վերաբաշխմանը։ Շատ հետաքրքիր էր այս տեսակետից այն, որ մամուլում հանկարծ սկսեցին հայտնվել ինչ-որ իրավաժառանգներ, որոնք հայտարարեցին, թե Մելիք-Ադամյան 2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը ապօրինի է վերցրել ՀՀԿ-ն, նույնիսկ փորձում են «ճշմարտության» վերականգնմանը հասնել դատական կարգով։ Սա, իհարկե, ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քանի որ պարզ է` զուտ արժեքի առումով ՀՀԿ շենքը ամենաաղմկահարույց և ամենամեծ օբյեկտը չէ, որի շուրջ կարելի է վերաբաշխման գործընթաց սկսել։ Այնուամենայնիվ, սա մի քայլ է, որ շոշափում է հասարակության տրամադրությունները։ Հաջորդ օրինակը. վերջերս Հանրային հեռուստատեսության եթերում հանկարծ անդրադարձ եղավ բազմաչարչար մի թեմայի՝ ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհմանը։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ պարզվում է` ԱՕԿՍ-ի շենքը նույնիսկ պետական կարգավիճակ էլ չի ունեցել։ Սակայն թեման շոշափվեց։ Սրանք լակմուսային այն կետերն են, որոնց միջոցով փորձում են, ինչպես հիմա մոդայիկ է ասել, Օվերտոնի պատուհանը բացել, սեփականության անձեռնմխելիությունը կասկածի տակ դնել, սեփականության վերաբաշխումը նորմայի սահմանների մեջ մտցնել և այլն։ Պարզ է, որ գործընթացը փորձում են սկսել փոքրերից, հետո աստիճանաբար գուցե անցնեն ավելի լուրջ կառույցների՝ բանկերի, արդյունաբերական օբյեկտների, հանքարդյունաբերությանը և այլն։ Իհարկե, չի բացառվում, որ նույն ԱՕԿՍ-ի դեպքում կան նաև մասնավոր շահեր, պարտադիր չէ, որ այստեղ հնչող կարծիքները համընկնեն պետության ամենաբարձրաստիճան ղեկավարների կարծիքին։ Գուցե նաև այստեղ գործ ունենք ինքնագործունեության հետ, որտեղ ինչ-որ մեկը փորձում է հեղափոխական ալիքի վրա հին հաշիվներ մաքրել։


Այս տեսակետից թերևս կարելի է դիտարկել վեթինգի և անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումը, ինչի մասին շատ ակտիվորեն խոսվում է։ Իհարկե, այս թեման ավելի շատ արծարծվում է դատավորների, իրավական համակարգի համատեքստում։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ անցումային արդարադատության համակարգի ներդրումը, ի վերջո, քաղաքական կամ իրավական շղարշի ֆոնին իրականում հանգեցնելու է որոշակի տնտեսական, ֆինանսական և ինչու չէ, նաև անվտանգության հարցերի բացահայտմանը, ինչի պատճառով կարող է ձևավորվել սովորական մի սխեմա՝ անցումային արդարադատություն իրականացնողները կհանգեն եզրակացության, թե իբր այս կամ այն սեփականաշնորհման գործընթացը կայացել է կոռուպցիոն մեխանիզմներով, այս ընթացքում մի քանի մարդու գլուխ գուցե թռչի, գործարքը կհայտարարվի ոչ օրինական, և կդրվի սեփականաշնորհման գործընթացի վերանայման հարցը։ Այսինքն՝ անցումային արդարադատության ներդրման իրական նպատակներից մեկը եղած սեփականության վերաբաշխումն է հին տերերից՝ նոր տերերին։ Իսկ վերջիններս բնականաբար կապված են լինելու նոր իշխանությունների հետ։ Տվյալ դեպքում թե՛ անցումային արդարադատությունը, թե՛ վեթինգն ընդամենը գործիք են լինելու սեփականության վերաբաշխման գործընթացն իրականացնելու համար։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao