«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Մտայնությունը, թե ծառայողական մեքենան յուրահատուկ «ստատուս» է, պետք է արմատախիլ արվի»

«Մտայնությունը, թե ծառայողական մեքենան յուրահատուկ «ստատուս» է, պետք է արմատախիլ արվի»
12.07.2019 | 01:42

Կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո ենթադրվող կրճատումների, Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի, ծառայողական ավտոմեքենաների «կրճատման» ու հարակից այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ հետ:


-Կառավարության կառուցվածքի փոփոխությունը, իշխանությունների բառապաշարով ասած, նաև օպտիմալացում էր ենթադրում: Նախարարություններից կրճատված աշխատակիցների սոցիալական խնդիրը լուծելու համար ի՞նչ է արել իշխանությունը:
-Երբ քննարկվում էր կառավարության կառուցվածքի փոփոխությունը, հենց սկզբից կառավարության հետ բաց երկխոսություն ենք ունեցել, որ կրճատումները զանգվածային չեն լինելու, հիմնականում վերաբերելու են կառավարող անձնակազմին, մասնավորապես՝ նախարարներին, փոխնախարարներին ու աշխատակազմի ղեկավարներին: Կառավարությունը մեզ հավաստիացրել է, որ այդ թիվը չի անցնելու 40-ը: Ժամանակն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ զանգվածային կրճատումներ, որպես այդպիսին, պետական ապարատում չեղան, և հուսով եմ, վստահ եմ, որ չեն էլ լինի:
-Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերադասավորումներից անցել է մեկ տարի: Այս ընթացքում կառավարության կատարած աշխատանքը, ուղղված մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, բավարա՞ր եք համարում:
-Մեկ տարվա ընթացքում թոշակների, ճիշտ է, ոչ էական, բայց բարձրացում եղավ: Խոսքը միլիարդների մասին է, որովհետև եթե ուզում ենք 1000 դրամով բարձրացնել, իսկ թոշակառուների թիվը Հայաստանում մոտավորապես 500 հազար է, դա արդեն տարվա կտրվածքով մոտ 6 մլրդ դրամ է կազմում: Հաշմանդամության կարգ ունեցողներին տրվող թոշակները բարձրացել են, բժշկական հաստատություններում աշխատավարձի բարձրացում է եղել, զինվորականների աշխատավարձը նույնպես բարձրացել է, հավաքագրումներ են եղել: Տնտեսական վիճակը, իմ գնահատմամբ, բավարար է, իսկ կառավարության նախավերջին նիստի ժամանակ 12 մլն դրամ հատկացվեց առողջապահության նախարարությանը, ինչը կոնկրետ սոցիալական խնդիր կլուծի, ու քաղաքացին կարող է չանհանգստանալ իր անչափահաս երեխայի առողջության համար՝ գիտակցելով, որ այդ հոգսից ազատվում է ու փոքր-ինչ ավելի շատ ժամանակ ունի հավելյալ արդյունք ստեղծելու վրա: Այո, գաղտնիք չեմ բացահայտի` ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ Շվեյցարիա է, ո՛չ Սինգապուր, և մենք դեռ շատ գործ ունենք անելու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Իսկ այդ աշխատանքը ոչ միայն կառավարությունը պետք է անի, այլև բոլորս: Բոլորս պետք է արձանագրենք, որ անելիք ունենք ու պարտավոր ենք հավելյալ արժեք ու տնտեսական գործոն ստեղծել, արարող լինել, տնտեսության մեջ ստեղծող լինել և այլն: Կառավարության դերը սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալակսն խնդիրների համակարգումն է, խաղի արդար կանոնների պահպանումը:
-Այսինքն, կառավարության աշխատանքում թերացումներ չե՞ք նկատել:
-Թերացումներ, իհարկե, կան կառավարչական մասով, ու ազնիվ չի լինի պնդել, թե բացթողումներ չեն եղել, ուղղակի դրանք էական ու արմատական չեն:
-Հայաստանյան գրեթե բոլոր կառավարություններն էլ խոսել են «սինգապուրյան հրաշքի» մասին, ինչի մասն է կազմում, օրինակ, պետական ծառայողական մեքենաներից հրաժարվելը: Դրան զուգահեռ օրերս մամուլում հրապարկում եղավ, թե Հայաստանը շարունակում է «պադավատապետություն լինել»։ Դուք կո՞ղմ եք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասարապես նույն պայմաններով երթևեկեն:
-Անձամբ ինձ համար շատ ավելի հաճելի է սեփական մեքենայով երթևեկելը, երբ ես եմ տնօրինում իմ շարժը: Դա ավելի հաճելի ու ավելի հարմարավետ է: Բայց պետք է հասկանանք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, անկախ անձերից, ունեն յուրահատուկ աշխատանքային գրաֆիկ, ու մեքենայի կայանումը, ժամանակին տեղ հասնելը, մտավոր ծանրաբեռնվածությունը և այլ գործոններ իրապես խնդիրներ են ստեղծում: Կան պաշտոնյաներ, որոնց համար անհրաժեշտություն է ծառայողական մեքենան աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու առումով: Ես հասկանում եմ նաև ձեր հարցի ենթատեքստը, այո, մշակույթն ու մտայնությունը, որ նախկինում վարորդը դիտարկվել է որպես յուրահատուկ «ստատուս», պետք է կոտրենք:
-Ինչո՞ւ նախկինում, հիմա այդպես չի՞ ընկալվում:
-Եթե ընկալվում է, ապա պետք է արմատախիլ արվի, որովհետև դա ոչ մի բան չի նշանակում: Ծառայողական մեքենան ընդամենն աշխատանքն օպերատիվ կազմակերպելու ևս մեկ հնարավորություն է` տրամադրված Հայաստանի հարկատուի հաշվին:


Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Հ.Գ. Կառավարության երեկվա օրակարգում ընդգրկված էր նախագիծ, ըստ որի՝ տեսչական մարմինների ղեկավարներին նույնպես ծառայողական ավտոմեքենաներ են տրամադրվելու` ընդհանուր առմամբ 91 ավտոմեքենա: Նախագիծը, սակայն, որոշ պատգամավորների և կառավարության անդամների կողմից քննադատության արժանանալուց հետո հանվել է գործադիրի օրակարգից, ինչը չի ենթադրում, թե այն կրկին օրակարգային չի դառնա` գաղտնի կամ չզեկուցվող նախագծի տեսքով:

Դիտվել է՝ 1231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao