Yerevan Perspectives International Music Festival
 

Պուտինի մղձավանջը՝ ընտրություններ

Պուտինի մղձավանջը՝ ընտրություններ
05.09.2019 | 12:05

Սեպտեմբերի 8-ին ռուսաստանցիները քվեարկելու են մունիցիպալ ու տարածաշրջանային ընտրություններում, և իշխանությունները վախենում են: Ոչ այլ երկրի միջամտությունից: Արդար ընտրություններ Ռուսաստանում տասնամյակներով չեն եղել: Նրանք վախենում են սեփական ժողովրդից ու ընդդիմադիր թեկնածուներից, որ շատ ավելի հանրաճանաչ են, քան պաշտոնականները՝ գրում է Չիկագոյի Լոյոլայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Խոդորկովսկին The New York Times-ում:


Հուլիսի 28-ից հազարավոր մարդիկ Մոսկվայում փողոց են դուրս գալիս ի նշան բողոքի ընտրական հանձնաժողովների որոշումների դեմ, որ արգելել են ընդդիմության թեկնածուներին մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին, իսկ իշխանություններն ուժ են գործադրում ցուցարարներին ցրելու համար և հազարավոր ձերբակալություններ են եղել: Կրեմլը հստակ ազդանշանում է, որ Հոնկոնգ թույլ չի տա՝ իր վիթխարի ցույցերով, ոչ էլ Ստամբուլ իր արդար ընտրություններով, որտեղ հաղթեց ընդդիմությունը: Կրեմլը լի է մեծամասշտաբ բռնություններ գործադրելու վճռականությամբ: Դա ոչ մեկին չպետք է զարմացնի: Դա ավտոկրատիայի բնական զարգացում է, երբ հասարակությունը դանդաղ ընդվզում է վարչակարգի դեմ, կոպիտ ուժը մնում է իշխանության մնալու միակ միջոցը: Որ կողմից էլ նայես, պուտինականության անկումն անկասկած է: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական պետական կենտրոնի հարցման տվյալներով՝ հասարակության վստահությունը Վլադիմիր Պուտինի նկատմամբ կտրուկ նվազել է: Կրեմլը զայրացած էր և պահանջեց նոր հարցում: Մի քանի օր անց նոր հարցումը ցույց տվեց, որ 72%-ը վստահում է նախագահին: Կրեմլը երջանիկ էր և կենտրոնը խոստացավ «բարելավել իր մեթոդոլոգիան»: Հունիսին, ամենամյա ուղիղ հեռուստաեթերից հետո YouTube-ում 12000 լայք և 170000 դիսլայք գրանցվեց: Որոշ փորձագետների հաշվարկով՝ Պուտինի աջակցությունն այդ լսարանում 7% է: Հավանաբար, մտքում պահելով Հոնկոնգն ու Ստամբուլը, Պուտինն ու նրա զինակիցները հիշում են՝ ինչպես 30 տարի առաջ Միխայիլ Գորբաչովը սահմանափակ ազատ ընտրությունների փորձ արեց: Գորբաչովն ուզում էր կենդանացնել սովետական համակարգը՝ դարձնելով ավելի մրցունակ և թույլ տալով որոշ անկուսակցականների օրինաստեղծ մարմին մտնել: Երբ 1989-ի մարտին ընտրությունները կայացան, իշխանությանը մեծ անակնկալներ էին սպասվում: 300 թեկնածուներ, կամ ժողովրդական պատգամավորների 16%-ը հաղթեց կուսակցության հաստատված թեկնածուներին: Պարտվածների մեջ Կենտկոմի 5 անդամ կար, քաղբյուրոյի՝ 1 և ռեգիոնալ 35 ղեկավար: Գորբաչովը նոր ընտրություններն անվանեց իր բարեփոխումների հաղթանակ և սովետական քաղաքական համակարգի ժողովրդավարացման հաջող փորձ: Կոշտ գծի կողմնակիցները՝ նյարդայնացած նոր ազատություններից և որևէ քաղաքական ընդդիմությանն անսովոր, այն ժամանակ չուրախացան, ինչպես չեն ուրախանում հիմա:


Պուտինյան վարչակարգի ճարտարապետ Վլադիսլավ Սուրկովը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանին կարելի աջակցել միայն իբրև ռազմաոստիկանական պետություն և Պուտինը միակ ղեկավարն է, ում վստահում է ռուս ժողովուրդը: Նա պնդում է, որ պուտինականությունը քաղաքական նոր համակարգ է, ինչպես մարքսիսզմը կամ լենինիզմը և գոյություն է ունենալու դարերով: Չնայած ցանկալին իրական ներկայացնելու այդ փորձին իշխանության վերնախավում, պուտինականությունն անկասելի փլուզվում է՝ կառավարության վերահսկողության տակ գործող ԶԼՄ-ները փորձում են զսպել նախագահի վարկանիշի անկումը, ռեգիոններն աղքատացել են, նավթից ու գազից կախված տնտեսությունը արյունաքամվում է, ռուսական էլիտաները ներքին պայքարի մեջ են քաղցրաբլթի համար, որ աստիճանաբար պակասում է, երիտասարդ սերունդը նվազ ընկալունակ է կառավարութայն քարոզչության նկատմամբ: Պուտինականությունը շատ ավելի կարճ կյանք կունենա, քան մարքսիզմը կան լենինիզմը՝ մտահղացված լինելով իբրև հիբրիդային ավտոկրատիա, որտեղ իշխող էլիտան վերահսկում է տնտեսության ու ԶԼՄ-ների մեծ մասին պետության անունից, բայց հանդուրժում է սահմանափակ թվով անկախ ու ձեռնարկություններին ու ԶԼՄ-ներին, որ խիստ ուշադրության տակ են: Ի տարբերություն Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ հասարակության լիակատար վերահսկողությամբ, Պուտինի Կրեմլը վճռել է թողնել պահեստային նստարան անհամաձայնների համար, քանի դեռ նրանք մարգինալ են ու իշխանության համար սպառնալիք չեն ներկայացնում: Բայց այս մոդելը, թերևս, արդեն հասել է իր վերջնակետին: Ընդդիմությունը նվազ մարգինալ էր, քան թվում էր Կրեմլին և դժգոհության աճի հետ Կրեմլը վճռեց, որ այլևս որևէ անհրաժեշտություն չկա ձևացնել, թե ժողովրդավարությունն է կառավարում:


Ռուսաստանն արդեն վերադարձել է ռազմաոստիկանական պետության՝ իշխանություն պահելով Պուտինին ու նրա վարչակարգը՝ գլխավորապես ուժով ու վախեցնելով: Միայն ոստիկանության վրա հույսը չդնելով՝ Կրեմլը 2016-ին ստեղծել է 340000-անոց Ռոսգվարդիան, որի առաքելությունը առաջին հերթին հասարակական կարգի պահպանությունն է: Կառավարությունն անշեղ քանդում է այն, ինչ մնացել է շուկայական տնտեսությունից, ակտիվները տեղափոխելով պետական գանձարան և ներդրումներ անելով արագ ընդլայնվող ռազմարդյունաբերական համալիրում: Վերջին զանգվածային ձերբակալությունների մեծ մասը և կոշտ վերաբերմունքը ցուցարարներին ու ընդդիմադիրներին հստակ վկայում են, որ վարչակարգն ամբողջությամբ պատրաստ է իշխանությունը պահելու համար բռնություն գործադրել: Կրեմլը հասկանում է, որ իրական ժողովրդավարությունը նշանակելու է պուտինականության ավարտը և այդ պատճառով նրանց, որ ժողովրդավարական ճանապարհներով փոփոխություններ են ակնկալում, ոչ մի ընտրություն չի թողնում: Բայց իրականում Պուտինը ցանկանու՞մ է Կարմիր հրապարակը վերածել ռուսական Տյանանմենի:
Մայքլ Խոդորկովսկի, The New York Times


Հ.Գ. Քանի դեռ Պուտինը ՌԴ նախագահն է, անդրադառնանք նրա առաջիկա ծրագրերին:
Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարները, այսինքն՝ Պուտինը գալու է Երևան: Ինքնին հասկանալի է, որ ռազմավարական դաշնակից պետությունների ղեկավարներն ունենալու են նաև առանձնազրույց, որի օրակարգը ամենակարևոր հարցն է: Զարմանալի չի լինի, եթե հայկական և ռուսական օրակարգերը չհամընկնեն: Հայաստանը պիտի անդրադառնա գազի գնին՝ տնտեսական առումով, ԵԱՏՄ բարձր մաքսատուրքերին հունվարի 1-ից անցնելու հետևանքների մեղմմանը, էներգետիկ համագործակցությանը՝ աէկի մակարդակով, և, իհարկե, Արցախի խնդրին: Ի՞նչ է ցանկանալու ՌԴ-ն: Շրջանառվող տեղեկություններով՝ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ, ավելի կոնկրետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցի ու հնարավոր հանդիպումների մանրամասներն այնքան էլ հայտնի չեն. «Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում՝ կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է և ծրագրվում է»։ Բնական է՝ դեսպանն ավելին չէր էլ ասի: Բոլոր դեպքերում՝ այցը խոստանում է ինտրիգային լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao