Yerevan Perspectives International Music Festival
 

Համայնքների պալատն ընդդեմ վարչապետի

Համայնքների պալատն ընդդեմ վարչապետի
06.09.2019 | 11:56

Մեծ Բրիտանիայում շարունակվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի և խորհրդարանի դիմակայությունը բրեկզիտի հարցով: Սեպտեմբերի 4-ին վարչապետը սպառնաց պատգամավորներին արտահերթ ընտրություններով, եթե խորհրդարանը հավանություն տա օրինագծին, որը կխանգարի Մեծ Բրիտանիային առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ-ից: Երեկոյան նոր բրեկզիտի հետաձգման օրինագիծը Համայնքների պալատն ընդունեց 327 կողմ, 299 դեմ ձայներով: Սեպտեմբերի 3-ին վարչապետ Բորիս Ջոնսոնը կորցրեց բացարձակ մեծամասնությունը Համայնքների պալատում՝ ձայների մեծամասնությամբ պատգամավորները ընդունեցին բանաձևը, որով վերադարձրին վերահսկողությունը խորհրդարանի նիստերի օրակարգի և բրեկզիտի գործընթացի վրա: Բանաձևին կողմ էին 328, դեմ 301 պատգամավոր: Բորիս Ջոնսոնի դեմ քվեարկեց Տորիների 21 պատգամավոր: Բանաձևը հնարավորություն տվեց չորեքշաբթի օրը քվեարկության դնել օրինագիծ, որով պարտադրում է վարչապետին ԵՄ-ից բրեկզիտի հետաձգում պահանջել մինչև 2020-ի հունվարի 31-ը, եթե առաջիկա շաբաթներին հնարավոր չլինի համաձայնություն ձեռք բերել: Չորեքշաբթի երեկոյան Համայնքների պալատը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց 29 ձայնի առավելությամբ: Վերջին ընթերցմամբ հավանություն տվեց 327 պատգամավոր, 299-ի դեմ: ԵՄ-ն հետաձգել է բրեկզիտը մինչև հոկտեմբերի 31-ը: Նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան այդ ժամկետում դուրս կգա ԵՄ-ից բոլոր դեպքերում՝ համաձայնագրով, թե առանց: Ջոնսոնը նաև որոշեց, որ խորհրդարանը 5 շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 14-ը, դադարեցնում է աշխատանքը՝ հարուցելով կոշտ բրեկզիտի հակառակորդների դժգոհությունը: Եթե Համայնքների պալատը հավանություն տա օրենքին, որն արգելում է առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ-ից, Բորիս Ջոնսոնը քվեարկության կդնի հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Արտահերթ ընտրությունների համար վարչապետին պետք է ձայների 2/3-ը: Ընդդիմադիր լեյբորիստներն արդեն հայտարարել են, որ արտահերթ ընտրություններին ձայն չեն տա:

RFI

Հ.Գ. Համայնքների պալատը նույն օրը դեմ քվեարկեց նաև արտահերթ ընտրությունների՝ վարչապետի առաջարկին: «Թող երկիրը վճռի՝ ո՞վ՝ ընդդիմության ղեկավարը, թե ես հոկտեմբերին Բրյուսել կգնանք այդ հարցով»՝ հայտարարեց Ջոնսոնը, ընդդիմությունը նրան մերժեց: «Վարչապետի այս առաջարկի նպատակը անազնիվ խաղն է, որ վայել չէ նրա պաշտոնին: Ընտրությունների այս ամսաթվի առաջարկը հիշեցնում է խնձորը, որ Ձյունանուշիկին առաջարկում էր չար թագուհին: Այն, ինչ մեզ առաջարկում են, խնձոր չէ և անգամ ընտրություններ չեն, առանց համաձայնագրի հեռանալու թույնն է»՝ հայտարարեց Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը:

Կոշտ բրեկզիտի արգելքը դեռ պետք է հաստատի Լորդերի պալատը: Լորդերի մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին, սակայն եվրասկեպտիկ լորդերը մտադիր են օրենքը ենթարկել ֆիլիբաստերի՝ քննարկման ձգձգման լրացումների ու քննարկումների միոցով:

Լորդերի պալատի լեյբորիստ անդամ Ֆիլիպ Հանտը Թվիթերում գրեց, որ կառավարությունը վճռել է չդիմադրել օրենքի ընդունմանը և մինչև երեկո օրենքը կընդունվի: Գիշերը պաշտոնական այցով Բրիտանիա է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Նա կհանդիպի Բորիս Ջոնսոնի հետ: Բանակցությունների գլխավոր թեման բրեկզիտն է: Բրիտանական թերթերը խորհրդարանում կատարվողը անվանել են «եռակի պարտություն», «կրկնակի հարված», նրանք համարում են, որ վարչապետը անկյուն է քշված: «Ինչպե՞ս են այս պատգամավորները նայելու իրենց ընտրողների դեմքին» հարց է տալիս Daily Telegraph-ը: Այդ պատգամավորներն արդեն մի քանի տարի պահանջում են, որ ժողովուրդը ինքը որոշի՝ բրեկզիտ կլինի, թե ոչ: Կառավարությունը դարձել է խորհրդարանի պատանդը, պատգամավորները չեն արտահայտում ընտրողների տեսակետները և դեմ են ԵՄ-ից դուրս գալուն: Վարչապետը պետք է ելք գտնի: Բելգիական Le Soir-ը գրել է, որ Ջոնսոնը լուրջ պարտություն կրեց, իսկ De Standaard-ի կարծիքով՝ խորհրդարանն ամբողջությամբ ճնշել է Ջոնսոնին: «Դավաճաններին» կուսակցությունից վտարելու Ջոնսոնի սպառնալիքները ոչնչի չհանգեցրին՝ գրում է իտալական La Repubblica-ն և Ջոնսոնի գլխավոր քաղաքական խորհրդատուին համեմատում է Ռասպուտինի հետ: Բրիտանական խորհրդարանի քվեարկությունն ամենադրամատիկ պահն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գրում է La Stampa-ն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao