Էրդողանն աղբամանն է նետել Թրամփի նամակը

Էրդողանն աղբամանն է նետել Թրամփի նամակը
18.10.2019 | 11:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահին նամակ է գրել Սիրիայի քրդական տարածքներում ռազմական գործողությունները սկսելուց առաջ: Էրդողանը նամակը նետել է աղբամանը: Հոկտեմբերի 9-ին ուղարկված անձնական նամակը հրապարակվել է միայն մեկ շաբաթ անց, Սպիտակ տունը հաստատել է բնագրի իսկությունը: Նամակը լի է խոսակցական դարձվածքներով, որ բնորոշ են Թրամփի թվիթներին. «Թանկագին պարոն նախագահ, եկեք լավ գործարք քննարկենք: Դուք չեք ուզում, որ ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց կոտորածի ու սպանության մեջ, իսկ ես չեմ ուզում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը կործանելու մեջ, բայց ես դա կարող եմ անել»՝ սա է առաջին պարբերությունը: Հավարտ Թրամփը Էրդողանին հորդորում է. «Ուժեղ տղա մի խաղա: Հիմար մի եղիր: Ավելի ուշ կզանգեմ»: Անկարայի կառավարական շրջանակներում համարել են, որ նամակը «զուրկ է դիվանագիտական քաղաքավարությունից» և հաստատել են, որ Էրդողանը նամակը ստացել է, կարդացել ու նետել աղբամանը: Նամակի պատասխանը եղել է Սիրիայում «Խաղաղության ակունք» անունով ռազմական գործողությունները սկսելու Էրդողանի հրամանը: Նամակի մասին առաջինը իր Թվիթերում գրել է Fox հեռուստաընկերության լրագրող Տրիշ Ռիգանը: Թրամփը Էրդողանին նաև տեղեկացնում է, որ նամակ է ստացել քուրդ գեներալ Մազլումից և նա Վաշինգտոնի աջակցությունն է խնդրում Թուրքիայի հետ բանակցություններում: Դատելով տեքստից՝ Մազլումի նամակը ևս Թրամփն ուղարկել է Էրդողանին:
BBC


Հ.Գ. Ինչպե՞ս է Թրամփն ընդունելու, որ իր նամակներն աղբամանն են նետվում: Թերևս պատժամիջոցները ավելի շուտ աղբամանվելու, քան Էրդողանի Սիրիա մտնելու պատասխանն էին: Համենայն դեպս՝ Թրամփը իր զինվորներին հետ քաշեց, ու Էրդողանի զորքերը մտան սիրիական տարածք: Քրդերն էլ դիմեցին Մոսկվայի ու Դամասկոսի աջակցությանը և փորձագետները դա անվանեցին Բաշար Ասադի ու Վլադիմիր Պուտինի քաղաքական հաղթանակը: Թրամփին քննադատեցին և Կոնգեսը, և կոալիցիոն դաշնակիցներն ու պաշտոնաթող զինվորականները: Հոկտեմբերի 16-ին Ներկայացուցիչների պալատը Թրամփի որոշումը դատապարտող բանաձև ընդունեց, կողմ քվեարկեցին ոչ միայն դեմոկրտաները, այլև տասնյակ հանրապետականներ: Կոնգրեսի ղեկավարները հանդիպեցին նախագահի հետ, զրույցը վերածվեց սկանդալի՝ օրենսդիրները հեռացան հանդիպումից: Դուրս գալով Սպիտակ տնից՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ստորին պալատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Սթենի Խոյերը և Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը հայտարարեցին, որ Թրամփը նյարդային նոպա է ունեցել, բղավել է 79-ամյա Փելոսիի վրա ու նրան անվանել երրորդական քաղաքական գործիչ:

Թրամփը Թվիթերում գրեց, որ նյարդային նոպա է ունեցել Փելոսին: Հինգշաբթի օրը քննադատության մեծացող ալիքին ԱՄՆ նախագահը պատասխանեց, որ դեմ չէ Սիրիայում ռուսական զորքերի դիրքեր գրավելուն, որտեղ մի քանի շաբաթ առաջ ամերիկացիներն էին: «Դա մեր սահմանը չէ: Ժամանակն է տուն վերադառնալու»: «Սիրիան գուցե ստանում է Ռուսաստանից օգնություն, դա նորմալ է: Այնտեղ. միևնույն է, միայն ավազ է, այնքան շատ ավազ»՝ ասաց Թրամփը: Նաև ասաց, որ քրդերը հրեշտակ չեն, թեպետ հենց քրդերն էին ԻՊ-ի դեմ կռվող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հիմնական դաշնակիցը: Ավելի ուշ նա հավելեց, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ԻՊ-ից վատ ահաբեկիչներ են: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արտասովոր է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի տոնը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Այդպիսի լեզու հաճախ չես հանդիպի երկրների ղեկավարների նամակագրության մեջ: Բավականին արտասովոր նամակ է»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Ահա այսպիսի անցուդարձ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao