«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«5 աչքը» հերքում է COVID-19-ը չինական լաբորատորիայից դուրս գալու վարկածը

«5 աչքը» հերքում է COVID-19-ը չինական լաբորատորիայից դուրս գալու վարկածը
06.05.2020 | 08:54

Այս պահին չկա որևէ ապացույց, որ կորոնավարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի հետազոտական լաբորատորիան՝ հաղորդել են հետախուզության աղբյուրները Guardian-ին: Այս տեղեկությունը հակասում է Սպիտակ տան հայտարարություններին, որ նոր տվյալներով՝ այդպես է սկսվել պանդեմիան: Guardian-ի աղբյուրները պնդում են, որ «15 էջանոց դոսիեն», որին հղում է անում Australian Daily Telegraph-ը՝ մեղադրելով Չինաստանին կենսականորեն կարևոր տեղեկությունը թաքցնելու մեջ, ստացվել է ոչ «5 աչք» հետախուզությունների ալյանսից, որ միավորում է Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ու Կանադայի հետախուզությունները: Բրիտանական հետախուզությունը և «5 աչք» ալյանսի մյուս հետախուզությունները գտնում են, որ Պեկինը իրոք կարող էր թաքցնել Ուհանում կորոնավիուսի տարածման տեղեկության մի մասը սկզբնական փուլում՝ 2019-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին: Սակայն նրանք չեն ցանկանում ներգրավվել միջազգային սրվող վեճի մեջ: Մայիսի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց. «Գոյություն ունի ապացույցների նշանակալից քանակ, որ այդ վիրուսը դուրս է եկել Ուհանի լաբորատորիայի պատերից»: Պոմպեոն չի ճշտել՝ ինչ ապացույցների մասին է խոսքը, ամբողջ ապրիլին ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում ու Ավստրալիայում տարածվում էր տեղեկություն, որ պետք է կասկածի տակ դներ անվտանգության բարձր մակարդակը Ուհանի վարակաբանության ինստիտուտում, որ երկար ժամանակ մասնագիտացել է չղջիկների մոտ կորոնավիրուսի հետազոտությունների վրա:


Ըստ լուրերի՝ այդ ինստիտուտի աշխատակիցները, հնարավոր է, ոչ միշտ են օգտվել անվտանգության միջոցներից, իսկ մեկ անգամ չղջիկը միզել է աշխատակիցներից մեկի վրա, որ հետո հիվանդացել է: Բայց հետախույզների խոսքով՝ որևէ տվյալ չկա, որ ապացուցեր՝ լաբորատորիայից վարակի արտահոսքը կարող էր պանդեմիա հարուցել: Բացի այդ՝ լուրեր կան, որ կորոնավիրուսը կարող է արհեստականորեն ստեղծված լինել Ուհանի լաբորատորիայում: Բայց գիտական հանրությունը և հետախուզական գործակալությունները համամիտ են, որ ապացույցներ չկան:


Ուհանի վարակաբանության ինստիտուտում աշխատող ամերիկացի գիտնականները հաստատում են, որ անվտանգության տեխնիկայի նորմատիվները համապատասխանում են արևմտյան չափանիշներին: Այդ պատճառով՝ պանդեմիայի սկսման հիմնական վարկածն է, որ մարդիկ վարակվել են չինական շուկաներից մեկում, որտեղ կենդանիներ են վաճառում:
Australian Daily Telegraph տաբլոիդը, որ պատկանում է Ռուպերտ Մերդոկին, գրել է Ուհանի վարակաբանության ինստիտուտի մասին մի քանի օր և հոդվածաշարի գագաթնակետը եղել է հրապարակումը, որ հիշատակում էր 15 էջանոց դոսիեն՝ կազմված «արևմտյան տագնապած կառավարությունների» տվյալների հիման վրա, որ փոխանցել է «5 աչք» ալյանսը:

Ավստրալիայի հետախուզության աղբյուրները շտապել են հաղորդել, որ իրենց կարծիքով՝ հոդվածը հիմնված է ինտերնետից քաղված նյութերի վրա: Guardian-ին մի աղբյուր հաղորդել է, որ նորությունների բաժնի այդ հրապարակման աղբյուրը ԱՄՆ է. «Ինձ թվում է, որ դա իրադարձությունների այլընտրանքային վարկածի կառուցման և Չինաստանի վրա ճնշում գործադրելու գործիք էր: Այդ պատճառով ամենակարևորը մտադրությունն է, որ կա այս ամենի հետևում»: Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչները հաղորդել են, իրենք չեն մեկնաբանում հետախուզության հարցերը: Բրիտանական աղբյուրները հաղորդել են, որ իրենք չեն գտնում, որ դոսիեն կազմվել է բրիտանական հետախուզական ծառայությունների հաղորդած գաղտնի տեղեկությունների հիման վրա: Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենք չեն մեկնաբանում հետախուզության գործունեությունը, բայց վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը ասել է. «Անկասկած, մնում են հարցեր, որ պատասխան են պահանջում վարակի տարածման աղբյուրի ու բնույթի վերաբերյալ, այդ թվում, որ մենք կարողանանք ապագայում ավելի լավ նախապատրաստվել գլոբալ պանդեմիաներին»: Խորհրդարանի Պահպանողական կուսակցության անդամ և China Research Group-ի քարտուղար Նիլ О'Բրայենը ասել է, որ Պեկինը կարող էր կանխել տարբեր հիպոթեզների տարածումը, մեծ թափանցիկություն ապահովելով. «Եթե չինական կառավարությունը նվազ ավտորիտար և գաղտնապահ լիներ և եթե ակտիվ համագործակցեր, կարող էր կանխել աբսուրդ հիպոթեզների տարածումը կորոնավիրուսի պանդեմիայի աղբյուրի մասին»: Անցյալ շաբաթ New York Times-ը հաղորդեց, որ Սպիտակ տան պաշտոնյաները՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթյու Պոտինգերի Wall Street Journal-ի՝ Չինաստանում իրադարձությունները լուսաբանող նախկին լրագրողի գլխավորությամբ, պահանջել են ամերիկյան հետախուզական գործակալություններից հավաքել տեղեկություններ, որ կարող են հաստատել չինական լաբորատորիայից վիրուսի արտհոսքի տեությունը: Washington Post-ում երկու շաբաթ հետո տպագրված հոդվածում նշվում էր 2018 թվագրված ամերիկյան դիվանագիտական փաստաթղերի մասին, որոնց համաձայն Ուհանի վարակաբանության ինստիտուտի շատ աշխատակիցներ չեն ունեցել անվտանգության բարձր մակարդակի ապահովման բավարար պատրաստվածություն: Ինստիտուտի աշխատակիցներն ասում են, որ իրենց տխրեցնում են արտահոսքի մասին նման լուրերը: Անցյալ շաբաթ Scientific American-ը նորից տպագրեց վարակաբան Շի Չժենլիի հետ հարցազրույցը, որտեղ նշվում էր՝ «Sars-CoV-2՝ նոր կորոնավիրուսի գիտական անվանումը, գենետիկ հաջորդականությունը չի համապատասխանում ոչ մի հաջորդականության, որ իր լաբորատորիայում նախկինում ուսումնասիրվել է»: ԱԳՆ նախկին աշխատակից և Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի ավագ գիտաշխատող Չառլզ Պարտոնը նշել է. «Շատ վատ ծառայություն են մատուցում բոլորին նրանք, որ տարածում են այդ տեղեկությունը: Դրան անխուսափելի հաջորդելու է չինացիների արձագանքն այն պահին, երբ անհրաժեշտ է մանրակրկիտ պարզաբանել պանդեմիայի առաջացման պատճառները և, երկարաժամկետ հեռանկարում, համատեղ աշխատանք տանել կանխելու ապագա պանդեմիաները»:
Դեն Սաբահ, The Guardian


Հ.Գ. Մեծ Բրիտանիայում կորոնավիրոսից մահացածների թիվն անցել է 32000-ից՝ հաղորդել է Վիճակագրության ազգային ծառայությունը (ONS)՝ փաստացի Մեծ Բրիտանիան մահացության թվով Եվրոպայում բոլոր պետություններից առաջ անցավ: Ծառայության տվյալները ներառում են նաև Covid-19-ի կասկածով տներում, տարեցների տներում ու հոսպիսներում մահացածներին: Բայց այս տվյալները չեն վախեցնում Բորիս Ջոնսոնի կառավարությանը և կորոնավարակի տարածման ու մահերի պատասխանատվությունը արտաքին գործոնով պայմանավորելու խնդիր չեն ստեղծում: Վստահաբար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդքան համառ ու հետևողական կորոնավարակը «չինական վիրուս» չէր անվանի ու չէր մեղադրի Չինաստանին, եթե պանդեմիան տարածվեր 2017-ին՝ իր ընտրությունից 1 տարի անց կամ 2021-ին՝ իր հնարավոր վերընտրությունից 1 տարի անց: Թեպետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը ևս քննադատում են վատ պատրաստվելու ու կորոնաճգնաժամը կառավարել չկարողանալու մեջ, բայց նա ընտրության խնդիր առաջիկայում չունի և հայտարարում է, որ համաճարակի պիկն անցել է, ուստի կարող են կարանտինը թուլացնել: Իսկ ԱՄՆ-ում պիկին սպասում են հունիսին:
Covid-19-ը այն խելագարությունն էր, որ չկար Դոնալդ Թրամփի ծրագրերում, ու հիմա նրան պետք է «մեղավոր», և Պեկինը շատ հարմար է այդ դերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ