Փառքդ շատ, Աստված, որ իմ խելքի մարդիկ դեռ կան մեր երկրում

Փառքդ շատ, Աստված, որ իմ խելքի մարդիկ դեռ կան մեր երկրում
15.02.2019 | 00:38

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը սույն թվականի փետրվարի 11-ին «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողով էր կազմակերպել: Համաժողովին հրավիրված էին տարբեր մարզերի գյուղապետեր: Համաձայն օրակարգի` ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթը տևեց մոտ 15 րոպե, որից հետո նա գնաց: Անկեղծ ասած, վարչապետի խոսքը ընկալելի չէր ոչ այն պատճառով, որ հասկանալի չէր, այլ որ կառավարության տան նիստերի դահլիճի պատերին տեղադրված բարձրախոսները նորմալ չէին աշխատում (որպեսզի ոմանք չմտածեն, թե տարիքիս պատճառով լսողությունս վատացել է, նշեմ, որ կողքիս նստած մի երիտասարդ գյուղապետ նույնպես բողոքեց, թե ոչինչ չի լսվում: Մի լրագրող էլ բարձրացել էր աթոռին, ձեռքի միկրոֆոնը մեկնել բարձրախոսին, որպեսզի լսի, թե ինչ է խոսում վարչապետը): Դահլիճի նստատեղերի առաջին երեք շարքերից սկսած վարչապետի և ունկնդիրների միջև լրագրողները կենդանի պատնեշ էին ստեղծել, այնպես, որ գոնե շուրթերի շարժումից վարչապետի խոսքն ըմբռնելը ևս բացառված էր:

Վարչապետից հետո ելույթ ունեցավ տարածքային կառավարման նախարարը, որի ելույթը տևեց մոտ քսան րոպե. նա նույնպես հեռացավ դահլիճից: Ելույթ ունեցավ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ տիկին Ն. Ավետյանը: Երբ վերջինս վերջացրեց ելույթը, դարձավ դեպի դահլիճը. «Հարցեր կա՞ն»: Մի գյուղապետի հարցից հետո ես մոտեցա հարգելի տիկնոջը, ասելով` դահլիճում չի լսվում հարցը, թույլ տվեք հարցս միկրոֆոնից հնչեցնել, որպեսզի ընկալելի լինի ասելիքս: Դահլիճի առաջին շարքում նստած Արարատի մարզպետը մեկեն կոպիտ տոնով դիմեց ինձ, թե` կարճ կապիր: Ես դեռ ոչինչ չեմ ասել, դեռ չեմ բարձրացրել գյուղի համար կենսական նշանակություն ունեցող հարցը, և հանկարծ մի պաշտոնյա, թող որ լինի մարզպետ, փորձում է ճնշել ազատ արտահայտվելու, կենսական հարց բարձրացնելու իմ իրավունքը: Ես նրան ընդգծված տոնով ասացի` հանգիստ նստիր տեղդ, դու չէ, որ պիտի ասես, թե որքան խոսեմ, այն էլ այն դեպքում, որ ռեգլամենտի մասին խոսք չկա, և ես էլ ոչ թե ելույթի եմ պատրաստվում, այլ հարց տալու:

Փոքր-ինչ առաջ անցնեմ և ասեմ, որ ոմանց դիտարկումը, թե ես առանց թույլտվության փորձել եմ խոսել, բացահայտ սուտ է: Ես տիկին Ավետյանից թույլտվություն եմ ստացել և փորձել եմ հարցը բարձրացնել միկրոֆոնից օգտվելով, ինչն ինձ թույլ չեն տվել: Հետո ինձ են մոտեցել լրագրողներ, և ես բարձրացրել եմ գյուղի համար կենսական նշանություն ունեցող փակ խողովակաշարով ջրատարի անցկացման հարցը, նշելով, թե կառավարությունն ասում է, որ ցանկացած սուբվենցիայի համար գյուղապետարանները պետք է կատարեն իրենց ներդրումը: Ես ասում եմ` փակ ջրագծի անցկացման համար թող պետությունը մեզ տրամադրի 2,2 կմ խողովակաշարի արժեքը, իսկ մնացած բոլոր աշխատանքները, որի գումարն ավելի մեծ է, քան խողովակներինը, գյուղապետարանը կկատարի ժողովրդի օգնությամբ: Այգեստանցին պատրաստ է այսօր այդ աշխատանքները կատարելուն, միայն թե հողը ջրի և բերք ստանա, պահի իր ընտանիքը: Օրվա վերջում կարդացի, թե կայքերից մեկին տված հարցազրույցում մարզպետն ասել է, որ ինքը (այսինքն ես) մարզխորհրդի նիստերին կամ քնած է, կամ… չգիտեմ: Այո՛, մարզպետ, մարզխորհրդի նիստի ժամանակ, երբ դժվար է լսել անհոդաբաշխ մտքեր արտաբերողին, աչքերս փակում եմ, որպեսզի «անջատվեմ» և մտածեմ իմ գյուղի համար էական հարցերին ընթացք տալու մասին: Մտածելուց էլ… Բայց ավելի լավ է հիշեմ հանճարեղ Գյոթեին. երբ Ֆաուստը հարցնում է Լյուցիֆերին, թե ինչու՞ ես այդպես մտազբաղ լուսնին նայում, նա էլ թե` ուզում եմ լուսին թռչել, Ֆաուստն ասում է. «Ինչու՞ լուսին թռչել, երբ երկրի վրա էլ շատ գործեր կան»: Աչքերս փակելով, պարոն Սարգսյան, մտածում եմ, որ Աստված կյանք է տվել` բնակլիմայական տարբեր պայմաններին հարմարվող բույսեր և կենդանիներ, Հայաստանում էլ լավ բազմանում են իժերն ու կոբրաները: Երեկոյան, երբ լսեցի հեռուստատեսությամբ, թե ինչպես է Գարիկ Սարգսյանը չարաճճի երեխայի պես ստում, թե գյուղապետը թող մտածի իր հանդեպ հարուցված քրեական գործերի մասին, պարզապես ապշեցի, որ կարելի է… Պարոն մարզպետ, թարմացնեմ հիշողությունդ. տարեվերջի մարզխորհրդի նիստի ժամանակ ես հայտարարություն արեցի, ասելով. «Հարգելի կոլեգաներ, դուք ինձ միշտ հավատացել եք որպես ազնիվ աշխատողի, տեղեկացնում եմ, որ չեք սխալվել, այդպես էլ կա, օգոստոսին իմ նկատմամբ հարուցված երկու քրեական գործերն էլ կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով»:

Հետո խոսեցի պապիրուսի և այլ բաների մասին: Ի՞նչ է, այդ ժամանակ քնա՞ծ էիր, թե՞ հետին թվով լրագրողների մոտ փորձում ես խաղալ կորսված հիշողությանդ վրա: Դու հասուն մարդու պաշտոն ես զբաղեցնում, սազական չէ այդ աթոռին չարաճճի երեխայի տպավորություն թողնել:


Եվս մեկ հարց. իմ կարծիքով վեհաժողովի նպատակն էր գարնանն ընդառաջ գյուղապետերից լսել առկա խնդիրների մասին և օգնել գյուղացուն այդ խնդիրների հնարավորինս արագ լուծման գործում: Դեռ գարուն չէ, բայց Այգեստանի գյուղապետարանն արդեն ձեռնամուխ է եղել և՛ շաբաթօրյակի հաջող անցկացմանը, և՛ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Երբ վերջացրել էի հոդվածը, զանգահարեց Արթուր անունով մի շինարար և ասաց. «Հոպար, ես երեկ լսել եմ ձեր ելույթը: Կեցցե՛ս: Ցավոք, մենք դեռ չենք գնահատում որևէ ազնիվ հարցադրում: Այդ ջրագիծը, որ Դուք ցանկանում եք անցկացնել, ասում եմ, 110 հազար ԱՄՆ դոլարը թող տան իմ կազմակերպությանը, ես կանցկացնեմ այն»: Վերջում ավելացրեց, որ բոլոր նախագծերն ուռճացված են, դրա համար էլ երկիրը երկիր չի դառնում, գումարները գնում են սրա-նրա գրպանը: Եվ թողեց հեռախոսահամար:
Փառքդ շատ, Աստված, որ իմ խելքի մարդիկ դեռ կան մեր երկրում:

Դիտվել է՝ 1558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao