Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու են ոստիկանության հետևից ընկել

Ինչու են ոստիկանության հետևից ընկել
22.02.2019 | 03:16

Իշխանափոխությունից հետո ամենադժվար կացության մեջ է հայտնվել ոստիկանությունը։ Եվ ամենաշատն է քննադատության թիրախում, և ոստիկանության աշխատակիցներն են դժգոհ, որ «հեղափոխությունն» իրենց աշխատավարձի վրա չազդեց, և իշխանության ներսում ոստիկանապետի աշխատանքից ոգևորված չեն, և հանցագործությունների թվի ավելացում կա։ Այլ խոսքով, իշխանափոխությունը ոստիկանության «վրա չեկավ»։ Բայց այս ամենին գումարվում է նաև մյուս, ոչ պակաս կարևոր բաղադրիչը. չգիտես ինչու այդ պետական կառույցն արժեզրկելու խնդիր է դրված։ ՈՒշագրավ էր, որ վերջերս դատարանում ոստիկանապետին նետված անվայել խոսքն այդպես էլ ոչ մի պաշտոնյա ու իշխանական պատգամավոր չդատապարտեցին, ավելին, անարձագանք թողեցին։ Տպավորություն էր, որ դա խիստ սովորական բան է։ (Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին ներկա Վալերի Օսիպյանին այդ ուժի անդամներից մեկը անվանեց «լակոտ»):


Այս հարցին խորհրդարանում անդրադարձավ միայն Նիկոլ Փաշինյանը, բայց ինչպես ասում են, լավ է չանդրադառնար։ «Հա՛, ոհմակը պիտի հարձակվե՞ր, պիտի պադյեզդներում ծեծեի՞ն, պիտի իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեի՞ն»,- նյարդային ասաց նա։ Քաղաքական գնահատականը, փաստորեն, այլ կերպ չի՞ լինում։ Միայն, ըստ վարչապետի, կա «հին» մեթոդը կամ էլ ոչի՞նչ։ Գուցե այս հայտարարությունից ու ոստիկանության հանդեպ ձևավորված նման մթնոլորտի պատճառով է, որ օրերս իշխանամերձ լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է, որ Սաշիկ Սարգսյանի «Ֆրանկլին Գոնսալես» որդին զանգել ու սպառնացել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից»: Ահա այս տոնով են խոսում նոր Հայաստանի ոստիկանության հետ ու սա, ըստ Փաշինյանի, կարող է և նորմալ համարվել։ Հո «պադյեզդներում» չե՞ն ծեծի կամ էլ դալաններում։ Այդպես միմիայն նախկիններն էին «փրկում» պետական կառույցների հեղինակությունը։


Բայց նաև շատ ավելի դիտարժան է, որ այս տեղեկությունն իշխանական շրջապատից է սպրդում մամուլ և հենց իշխանամերձ լրատվամիջոցով, ինչը նշանակում է, որ ոստիկանության վարկանիշը «գցելու» գործուն քայլեր հենց ներսից են կատարվում։ Իսկ այս դեպքում դրսից «օգնողները» միայն հեշտացնում են ներսինների գործը։
Ի դեպ, մյուս շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է կանչելու ոստիկանապետին։ Տեսնես՝ Վալերի Օսիպյանը կդժգոհի՞, որ որպես ոստիկանապետ, այդ պատգամավորներից ոչ մեկն իր «թասիբը» չպահեց, թե՞ քաղցր վերհուշով կմտաբերի «հին» Հայաստանը, երբ ընդունված էր նման դեպքում «ոհմակով հարձակվել ու պադյեզդում ծեծել»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ