Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երրորդ կողմի բացառման իրավունքով

Երրորդ կողմի բացառման իրավունքով
01.03.2019 | 02:12

Փետրվարը ՀՀ վարչապետն ավարտեց բարձր նոտայի վրա` Թեհրանում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` Մոսկվայում: Երկուսն էլ խոսում էին հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին: Վարչապետը` Թեհրանում, Աժ նախագահը` Մոսկվայում:

«Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում: Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը»,- հայտարարեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում:
ԻԻՀ նախագահի հետ առանձնազրույցից ու ընդլայնված կազմով բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության: Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ: Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձանագրեց. «Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցեցինք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որ աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը»:


Տնտեսական համագործակցության մասով Ռոհանին առանձնացրել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, Մեղրիի հէկի աշխատանքների հետ կապված հարցերը, Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքներին մասնակցելու ցանկությունը, տրանսպորտային համակարգում դյուրացումները, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ, ասել է, որ գյուղատնտեսության ոլորտում Իրանը պատրաստ է զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանը պատրաստ է զարգացնել կապերը, Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից` դիտարկել եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով գործակցությունը: Իրանը պատրաստ է գազի մատակարարումների ծավալներն ավելացնել: Պատրաստ է եռակողմ համագործակցություն ծավալել` գազը նաև Վրաստան արտահանել: Քննարկվել է Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելու հարցը: Հավարտ հանդիպման` ԱԳ նախարարները ստորագրել են համագործակցության փոխըմբռնման 2 հուշագիր: Փաստացի` Թեհրանը հարաբերությունները սկսում է 00 կետից և առաջարկում է նոր բանակցություններ` իր պայմաններով` «Աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը»: Ռոհանիի խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, բայց նույնքան վերաբերում է Ռուսաստանին, որ գործնականում արգելակում է Հայաստան-Իրան գազամատակարարման խնդրում որևէ տեղաշարժ` առաջ մղելով «Գազպրոմի» շահերը: Ռոհանիի ակնարկը խիստ թափանցիկ է` Մոսկվայի հետ լուծեք հարցերը, նոր մեզ դիմեք, մենք այդ խնդիրը լուծողը չենք` գազը ձեզ է պետք, մենք տալիս ենք, կարո՞ղ եք` տարեք: Գնի մասին հետո կխոսենք:

Ի՞նչ ակնկալիքներով էր ՀՀ վարչապետը գնում Թեհրան: Այցից առաջ Parstoday գործակալությանը հարցազրույցում նա ասել է. «Հայաստանն ու Իրանը արդեն իսկ բազմաթիվ ընթացիկ համատեղ նախագծեր ունեն, որոնց հետագա իրագործման վերաբերյալ անհրաժեշտ է հստակություն մտցնել կողմերի դիրքորոշումներում, և ես հույս ունեմ, որ երկարաժամկետ առումով այդ ծրագրերի վերաբերյալ մեր դիրքորոշումների համընկնումը մենք կարձանագրենք»: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության մեծ ներուժ ունեն հատկապես էներգետիկ ու զբոսաշրջության ոլորտներում. «Հիմա նոր հնարավորություններ են բացվում նաև: Խոսքը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի մասին է, որը բնականոն ընթացքով վավերացվում է բոլոր երկրներում և Հայաստանում նույնպես վավերացման ընթացքի մեջ է: Եվ ակնհայտ է, որ մեր անմիջական հարևանությունը, մեր ավանդական հարաբերությունները, ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ընձեռած հնարավորությունները, տարածաշրջանային համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները իսկապես ահռելի դաշտ են բացում մեր համագործակցության հետագա խորացման համար»:


Սա, իհարկե, չի կարող լինել բանակցությունների ամբողջական օրակարգը, բայց պատկերացում տալիս է: Փաստացի` Փաշինյան-Ռոհանի հանդիպումից հետո հնչել է հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցման երկիր և աշխատել էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: ՈՒ դա կարևորագույն հայտարարություն է` առանց այլ կողմերի համաձայնությունը ստանալու վերապահումի: Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները և Հայաստանի միջոցով արտահանել Վրաստան: Նիկոլ Փաշինյանն էլ կարևորել է գազի գինը, որ գործարքը լինի գրավիչ: Գուցե Թեհրանում ուրվագծվել է Հայաստանի տնտեսական ինքնիշխանության վերականգնման առաջին քայլը: Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ գազի տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը կա, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»:


Իսկ անվտանգության հարցե՞րը: Թագավորական «Սաադաբադ» պալատում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նրանք համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով և մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ: Պաշտոնապես` այսքանը: Բայց ակնհայտ է, որ ԼՂՀ հարցի լուծման առումով Իրանը շահագրգիռ կողմ է` սահման ունենալով ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ-ի հետ: Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումից առաջ Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին փորձում էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման միջնորդական քայլեր անել: Այսօր էլ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է անվտանգության և արցախյան հարցում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից: Թեհրանի համար առավել քան կարևոր է, որ իր սահմանին չհայտնվեն երրորդ երկրի զորքեր: Թեպետ Թեհրանից տարբեր պաշտոնյաների շուրթերով հնչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու հայտարարություններ, Իրանը բազում տարաձայնություններ ունի Ադրբեջանի հետ և լավ գիտի, որ Բաքվում Իրանի մասնատման դեպքում պատրաստ են «իրենց պատմական տարածքները» վերականգնել: Ինքնին հասկանալի է, որ ՀՀ վարչապետը ԻԻՀ նախագահից պետք է հավաստիացում ստանար, որ Իրանը շարունակելու է իր հավասարակշռված դիրքորոշումը ԼՂՀ հարցում:


Իսկ ԱՄՆ-ԻԻՀ լարված հարաբերություննե՞րը, իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցնե՞րը ԻԻՀ-ի նկատմամբ, որոնց տակ կարող է հայտնվել Իրանի հետ առևտրատնտեսական գործակցություն զարգացնող ցանկացած երկիր, այդ թվում` Հայաստանը: Նախկինում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ-ը ըմբռնումով վերաբերվել ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական իրավիճակը ու այն, որ նույնիսկ ինքը չի կարողանում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց նախկինում Դոնալդ Թրամփը չէր Սպիտակ տանը և Ջոն Բոլթոնը չէր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Հայաստանին մնում է պաշտոնը ստանձնած ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի միջոցով ԱՄՆ-ի համար հասկանալի և ընդունելի դարձնել Իրանի հետ հարաբերությունները: Ծայրահեղ դեպքում բանակցել ԵՄ-ի հետ` միանալու ԵՄ-ի` ԱՄՆ պատժամիջոցները շրջանցող ու Իրանի հետ առևտուր անող համակարգին` արդեն մարտի 4-5-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել: Ինչու՞ ոչ, եթե ԵՄ-ը չի պատրաստվում ԱՄՆ-ի պես դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ՄԱԳԱՏԷ-ն էլ հաստատում է, որ Իրանը կատարում է միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունել են և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հուզիչ հանդիպում է եղել հայ համայնքի հետ: Այնուամենայնիվ, Թեհրան-Երևան բանակցային օրակարգում փոփոխություն չկա` քննարկվել են մի քանի տարի շրջանառվող նույն հարցերը` առանց լուծումների որոշակիության: Ամեն ինչ մնում է բանակցությունների հույսին: Այսինքն` Հայաստանն էլ սկսում է 00 կետից: Իսկ ՀՀ վարչապետի Թեհրան այցից առաջ ի՞նչ էին անում ՀՀ դեսպանը Թեհրանում, ԻԻՀ դեսպանը Երևանում, ինչու՞ չէին բանակցում այն հարցերի շուրջ, որ լինելու էին Հայաստանի ու Իրանի բարձրագույն ղեկավարության օրակարգում ու պիտի բանակցվեն մինչև ամառ` միջկառավարական հանձնաժողովի նիստը: Մի՞թե աշխարհում ամենաէժանը ժամանակն է: Ժամանակն իրականում ամենաթանկն է և ունի իրավիճակ փոխելու վատ սովորություն. այն, ինչ պետք է անել այսօր, վաղը անիմաստ է. վաղը կա վաղվա անելիքը: Միջպետական բանակցություններում կարևոր են պայմանագրերը, լավագույն ցանկությունների դրսևորումները իրավիճակի հետ փոխվում են: Բացի ԱՄՆ-ի հետ վատ հարաբերությունները` Իրանը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ ալյանսի մեջ է Սիրիայում, որտեղ 3 պետությունների շահերը տարբեր են և չեն համընկնում Սիրիայի շահերի հետ: Իրանի ղեկավարության ներսում քննարկվում են Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների հեռանկարները: Կան մարդիկ, որ կոչ են անում իրենց շահերի համար օգտագործել ԱՄՆ-ՌԴ հակասությունները և պահուստային տարբերակ պահել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու սցենարը: Իրանը բազմաշերտ հարաբերություններ ունի տարածաշրջանում ու աշխարհում և բազում խնդիրներ երկրի ներսում` չդադարող սոցիալական բողոքների պատճառով: Վերջերս Իրանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի միջպետական վարկ խնդրեց` ատոմային էներգետիկայի, երկաթուղային փոխադրումների, ջրամատակարարման և ջրամբարտակների շինարարության համար: Վարկը դեռ չի ստացվել: Փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու դեպքում էլ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ: Ակնհայտորեն` վարչապետը ճշտումներ է արել: Իսկ գլխավորը այդպես էլ չի գտնվել, այլապես Թեհրանում հուշագրերի փոխարեն համաձայնագրեր կստորագրվեին և կարձանագրվեր հարաբերությունների նոր որակ: Իրանի հետ ժամանակ կորցնելը տնտեսական հեղափոխությունը հետաձգել է նշանակում:

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ