Էդ որ խոսում եք Մեղրիից, Քարվաճառն ինչու՞ եք մոռանում

Էդ որ խոսում եք Մեղրիից, Քարվաճառն ինչու՞ եք մոռանում
05.04.2019 | 03:04

Այսօր չափազանց մեծ է հանրության մեջ շրջանառվող թույնի չափաբաժինը, և այն չի պակասի, մինչև հասարակությունը չստանա հետաքրքրող հարցերի ցանկալի լուծումը: Այդ ցանկալի լուծումը դուրս է քննարկվող հարցի շրջանակներից: Ցանկանում եմ կատարել երկու հարցադրում և ասել՝ ինչու՞ ոմանք մեկ հարցը դարձնում են հզոր անվրեպ նետ և ուղղում դեպի երկրորդ նախագահն ու մեղադրում նրան դավաճանության մեջ, որն իբր փորձել է լուծել Ղարաբաղի հարցը ի հաշիվ Մեղրիի, և լռում են, չեն հիշում Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող, հայ զինվորի արյան գնով ազատագրված Քարվաճառի հարցը, որն առանց որևէ պայմանի Ադրբեջանին վերադարձնելուն 1993 թվականին Ղարաբաղի ռազմաքաղաքական իշխանություններին պարտադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանը:


Քննարկենք երկու հարցերը առանձին:
Դեռևս 1992 թվականին, երբ շրջանառության մեջ էր դրվել ամերիկացի քաղաքագետ Փոլ Հոբլի հայտնի թեզը, որտեղ նա Մեղրին գնահատում էր որպես աշխարհի ամենաթանկ հողակտորը և առաջարկում էր Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել այդ թանկ հողակտորի հաշվին, տողերիս հեղինակը մի հոդված տպագրեց «Մոլորակ» թերթում, որտեղ պարզ արտահայտվել էր այն միտքը, որ Ղարաբաղի հարցի լուծումը կախված է միայն հայ ժողովրդի կամքից, իսկ Մեղրիի փոխանակմամբ հարցի լուծումը կախված է Իրանից, Ռուսաստանից, անգամ եթե կուզեք` Չինաստանից:


Եթե չեմ սխալվում, այդ նույն թվականին ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ պատվիրակությունը եղել էր Չինաստանում, և երբ վերադարձել էին Հայաստան, զարմանալիորեն արտահայտել էին այն միտքը, որ Չինաստանում իրենց շատ լավ են ընդունել: Վերոհիշյալ հոդվածում անդրադարձել էի նաև այն մտքին, թե Մեղրիի հարցը հարց է նաև Չինաստանի համար: Մեղրիի փոխանակմանը առաջին հերթին դեմ է եղել Իրանը, որի այն ժամանակվա դեսպանը ՀՀ-ում հայտարարել էր, որ հարցի նման լուծման դեպքում առաջինն Իրանը զորք կմտցնի Մեղրի և կպաշտպանի ՀՀ-ին: Ինչու՞: Որովհետև հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման այս տարբերակով կոնկրետ իրականություն կդառնային Թուրքիայի պանթյուրքական ծրագրերը: Արագ ոտքի կհանվեին Իրանի թուրք ադրբեջանցիները, Թուրքիան կմտներ Միջին Ասիա, որի հետագա գոյությունը կսպառնար նաև Չինաստանին, որտեղ կա անջատողական ձգտումներով գոյություն ունեցող ույղուրական հարց: Թուրքիայի ներկայությունը Միջին Ասիայում հեռահար վտանգ էր նաև ռուսական կայսրության համար, որտեղ քիչ չեն թյուրքական ծագումով ժողովուրդները: Բայց հանուն ճշմարտության ասենք, որ ռուսական ցարերից սկսած, բոլշևիկների ձեռամբ ավելի խորացած Արևելյան հիմար քաղաքականությունը շարունակում են ՌԴ ներկա իշխանությունները, ինչը մի գեղեցիկ օր սուր նետի պես կհայտնվի ռուսական կայսրության կոկորդին:


Գուցե Քոչարյանը Մեղրիի հարցի բարձրացմամբ ցանկացել է վերոհիշյալ երեք պետություններին հասկացնել, որ եթե Մեղրին կարևոր է նաև ձեզ համար, ուրեմն թիկունք կանգնեք մեզ ադրբեջանա-թուրքական ռազմական վտանգի ժամանակ: Գուցե ... Հաստատ չեմ կարող ասել: Ընդգծել, թե որքան է կարևոր Քարվաճառի շրջանը Հայաստանի համար, կնշանակի անիմաստ ջուր ծեծել, որովհետև սա այն կարևոր ստրատեգիական շրջանն է, որը կապում է Հայաստանն ու Արցախը և բացի Երևան-Գորիս ճանապարհից ազատ գործում է նաև Սոթք-Մարտակերտ ռազմական նշանակության ճանապարհը: 1993-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Ղարաբաղ և ճնշում էր գործադրում տեղի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչների վրա, ասելով, որ երբեք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այնքան լավ չեն եղել, որքան իր և Ելցինի ժամանակ, իսկ Ելցինին ինքը խոստացել էր, որ ղարաբաղյան ուժերից կազատի Քելբաջարը` այդ կարևոր ստրատեգիական նշանակության տարածքը, և այն կվերադարձնի Ադրբեջանին: Անգամ սկսել է սպառնալ, ասելով, թե Ելցինը շատ քինախնդիր մարդ է... Հասկանում եք, չէ՞, ինչ է նշանակում, արժանանալ նրա բացասական վերաբերմունքին, երբ երկրում ընդամենը մի քանի օրվա ցորենի պաշար կա, ու մի քանի օրվա փամփուշտների պաշար:


Այսինքն Լյովուշկան (ինչպես նրան անվանում էր հարբեցող Ելցինը) ամեն տեսակետից բարոյական, հոգեբանական ճնշում էր գործադրում հայկական զինված ուժերից Քելբաջարը մաքրելու և Ադրբեջանին վերադարձնելու համար:
Պատկերացնել կարելի է, թե այսօրվա Ադրբեջանի ռազմական հզորացման պայմաններում ինչ կնշանակեր, եթե այն Ադրբեջանին վերադարձրած լինեինք: Այսօր, եթե որոշ ուժեր մեղադրում են Քոչարյանին, ինչու՞ խնամքով շրջանցում են Լյովուշկայի այդ դավաճանական քայլը: Եթե Մեղրին հայկական հող է, ի՞նչ է, Քարվաճառը հենց այնպե՞ս են մեզ նվիրել, որ կարելի էր վերադարձնել Ադրբեջանին, ինչ է, թե Լյովուշկան խոսք էր տվել Ելցինին:
Հիմա վերադառնամ Լյովուշկայի տված ինքնագնահատականին, որ երբեք հայ-ռուսական հարաբերություններն այնքան լավ չեն եղել, որքան իր և Ելցինի օրոք: Եվ որն է այդ լավը, որ մեզ մոտ մեկ միլիարդ դոլարի զենք են տվել: Էն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում, որ Վազգեն Սարգսյանի սպորտսմեն ոտքերի մեջ ռուսական կողմնորոշման հարցերում ավելի շատ խելք կար, քան Լյովուշկայի` որպես քաղաքական գործչի մոտ: Ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին իրականացվել է բացառապես Վազգեն Սարգսյանի և ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի անձնական կապերի շնորհիվ: Հիշենք, թե ինչպես էր Լևոնը (այն ժամանակ նա դեռ Լյովուշկա չէր) 1990 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստերի ժամանակ ձեռքը խփում ամբիոնին և ասում.
-Ես ձեզ հավատացնում եմ, որ ռուսները վաղ թե ուշ պիտի հեռանան Անդրկովկասից։
Ասել է՝ դա էր Արևմուտքի պահանջը, և այդ ժամանակ դեռ ԽՍՀՄ-ը վերջնականապես չէր փլուզվել: Երբ Ելցինը Արևմուտքի շնորհիվ դարձավ ինքնուրույն խաղացող, զբաղեցրեց ՌԴ նախագահի պաշտոնը և այդ պահից Լյովուշկա-Ելցին տանդեմը լրիվ արևմտամետ էր և գործում էր նրանց պահանջով, Լյովուշկան արդեն Անդրկովկասից ռուսների հեռացման մասին հարցը չէր դնում: Երկու արևմտամետ ուժեր արդեն եղբայր էին դարձել և հանուն այդ եղբոր Լևոնը փորձում էր հայ ժողովրդի հաշվին լավամարդ դուրս գալ Ելցինի առաջ: Փա՜ռք Աստծո, որ այս կարևոր հարցում և ոչ միայն այդ, Լյովուշկան պարտվել է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Եթե իրոք Քոչարյանը մտադրություն է ունեցել տալու Մեղրին, ապա նա արժանի է ամենածանր պատժի: Բայց, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավատում, որովհետև եթե Վազգենը հանկարծ իմանար այդ մասին, տեղնուտեղը կգնդակահարեր նրան: Իսկ որ Լյովուշկան պարտադրել է 1993-ին Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայկական զորքերը դուրս հանել Քելբաջարից, որովհետև ինքը խոսք է տվել Ելցինին, դատողությունը և գնահատականը թողնում եմ ընթերցողին:

Դիտվել է՝ 2668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao