Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետությանը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետությանը
28.05.2019 | 14:06

«Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը, Առաջին հանրապետության հիմնադրման օրը»,- Սարդարապատում Առաջին հանրապետության 101-ամյակին նվիրված ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «1918 թ մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը. դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծայրագույն մի աղետի՝ ցեղասպանության, մեկ ու կես միլիոն հայ սրի էր քաշվել, 100 հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելը ինքնին վտանգավոր էր կյանքի համար:


Թվում էր՝ ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որևէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, անսպասելին, և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է կորցրել էր անդառնալիորեն: Ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, պետական օրհներգ, որը արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը»,- ասաց վարչապետը և մեջբերեց Առաջին հանրապետության օրհներգի քառատողը՝
Մեր հայրենիք թշվառ, անտեր
Յուր թշնամյաց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ քեն ու ոխ:
Մեր հայրենիք, շղթաներով այսքան տարի կապկպված
Յուր քաջ որդոց սուրբ արյունով պիտի լինի ազատված:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կանգնած ենք սուրբ հողի վրա:
«Սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար:
Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ:


Մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսների առաջ: Մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու նոր բովանդակություն են հաղորդել իրենք՝ իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով:
Մենք գալիս ենք ասելու Առաջին հանրապետության պետական այրերին, որ ահա ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ ամենևին, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Մենք գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, որ նրանց երազանքն ապրում է, որ նրանց երազանքը պիտի իրագործվի:
Հանգչե՛ք խաղաղությամբ, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչե՛ք խաղաղությամբ Առաջին հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ առաջին հանրապետության չորս վարչապետների ՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան:


Հանգչե՛ք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր:
Ձեր սխրանքներով են ոգեշնչվել Արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչև Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաները ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը:


Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գյուղացիները, ովքեր ամուր կառչած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին և բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գործարարները, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ամեն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամեն քաղաքին, ամեն գյուղին, ամեն փողոցին և պարտաճանաչ հարկ են վճարում հանուն հայրենիքի բարօրության:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն դասախոսներն ու ուսուցիչները, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թևերով օժտելը, ձեր սխրանքներով են ոգեշնչված այն մարզիկները, ովքեր ամեն օր բարձրացնում են հայոց երկրի և պետականության և հայ ժողովրդի պատիվը՝ Լևոն Արոնյանից մինչև Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյանից մինչև Սիմոն Մարտիրոսյան:


Ձեր սխրանքներով է ոգեշնչված Հայաստանի հանրապետության ազատ և հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանությունն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ով տեր է դարձել ՀՀ–ին՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին:
Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե ԱԺ պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր և պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյա: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնած ազգային միասնություն:


Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao