Yerevan Perspectives International Music Festival
 

Շիրակամուտցիների մի ոտքը գյուղում է, մյուսը՝ Ռուսաստանում

Շիրակամուտցիների մի ոտքը գյուղում է, մյուսը՝ Ռուսաստանում
31.05.2019 | 02:37

Լոռու մարզի Նալբանդ գյուղը շատերին հայտնի դարձավ 1988-ի երկրաշարժից հետո: 2600-2700 բնակիչ ունեցող գյուղը 317 զոհ տվեց:
77-ամյա ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ խոսքով՝ գյուղի հին բնակիչներից քչերն են մնացել, կենդանի մնացածների մեծ մասը հեռացավ Ռուսաստան, մնացողներից «շատերը կուզները դուրս գցած տանից դուրս էլ չեն գալիս, դարդ տեսած մարդիկ են»:


Նալբանդը, որն այսօր կոչվում է Շիրակամուտ, երկրաշարժից հիմնահատակ ավերվեց, այսօր գյուղում նոր տները քիչ են, հիմնականում հին ու նորոգման ենթակա տներ են, աչքի ընկնող շենքը թերևս բարեկարգ համայնքապետարանն է իր գրադարանով ու լուսավոր դահլիճով: Շիրակամուտի տղամարդկանց մի ոտքն այստեղ է, մյուսը՝ Ռուսաստանում, հաճախ մեկնում են ընտանիքներով ու երբեմն էլ գյուղ են վերադառնում որպես հյուր: Վարդուհի տատին հարցնում եմ՝ հետաքրքրվու՞մ է Հայաստանում տեղի ունեցող անցուդարձով, ճանաչու՞մ է երկրի ղեկավարներին:


-Վայ քու տունը շինվի, բա ո՞նց, վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, նրանից առաջ Սերժն էր, մեր նախագահի անունն էլ գիտեմ՝ Արմեն Սարգսյանն է: Դարդս մեծ ա, համա հիշողությունս տեղն ա, չեմ կորցրել: Վեց երեխա ունեի, համալսարան կսովորեին, լավ կպահեի, հետո տուններս քանդվավ, մնացինք շիվար, օղորմի Ռիբակովի հորը, Կրասնադարի շինարար էր, մեր գյուղը կառուցեց, բայց երկիրը խառնվավ, անկախություն ուզեցինք, ռուսները թողեցին փախան: Հըլը ասա 30 տարի, կարծում ես հեշտ ա՞ համակերպվել անցյալի հետ: Սովետի վախտ լավ եմ պահել էրեխեքիս, թեքումով դպրոց են գնացել, համալսարան են սովորել, հիմա նրանցից մեկը մեր դպրոցում դասատու է, մեկը Լեննականում է, մյուսներն էլ՝ ով որտեղ կարողացավ: Մի տղուս ընտանիքի հետ եմ ապրում, 48 հազար դրամ թոշակ եմ ստանում, կոմունալ պարտքերս կուտամ, թևերս թափ տալով կուգամ տուն: Երեք թոռ ունեմ, մի մանեթ չունեմ, որ մեկին տամ: Առաջ 60 մանեթ կառնեինք, դրանով ահագին առևտուր կանեինք, հիմա տղես ու հարսս կաշխատեն, ես թոշակ կառնիմ, երեք երեխա կպահենք, ու լավ էլ չենք պահում, սերմացու ու պարարտանյութ անպայման պիտի առնենք, համա ո՞ր մեկին փող տանք, անտերը պիտի լինի, որ տանք: 6000 մետր վարձակալած հող ունենք, անցյալ տարի ցանեցինք, տղես գնաց 200 դրամով սերմը առավ ցանեց, բայց բերք չեղավ, վարկն էլ մնաց վրեն, հիմա տոկոսները կտանք, 6-7 մլն վարկ ունենք,- պատմում է Վարդուհի տատը:

ՀՈՂԵՐԸ ՔԻՉ ԵՆ, ԵՂԱԾՈՎ ՏՈՒՆ ՊԱՀԵԼ ՉԻ ԼԻՆԻ
Զրուցում եմ 2017 թվականից Շիրակամուտի համայնքապետ ԱՐՍԵՆ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ հետ: Գյուղն ունի 2149 բնակիչ, սակայն փաստացի գրանցված է շուրջ 1800 մարդ: Գյուղից շուրջ 300 հոգի մեկնել են արտագնա աշխատանքի, փակ դռներ շատ կան, սակայն շատերը հողերն անտեր չթողնելու համար դրանք թողել են ծանոթ-բարեկամների խնամքին: Հողի բարիքից օգտվում են մշակողները, կարևորն այն է, որ հողն անտեր չմնա:
-Դեռ խորհրդային տարիներին մեր հողերը շատ քիչ էին, 540 հեկտար վարելահող ունեինք, 1400 հեկտար արոտավայր, դրանք էլ գյուղից 10-12 կիլոմետր հեռու են: Եկամտաբեր, ջրովի վարելահողերը կազմում են 150 հեկտար: Այս հողաքանակով գյուղացին ընտանիք չի պահի: Մեր գյուղում մի հողաբաժինը կազմում է 1100 քմ կամ մի քիչ պակաս, հարևան գյուղերում ավելի շատ է, գրեթե կրկնակի, դրա համար շիրակամուտցին գյուղատնտեսությամբ շատ չի զբաղվում: Հիմնականում մշակում են ցորեն, գարի, անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է, այսօր այն կազմում է 480, որից 280-ը խոշոր եղջերավոր անասունն է,- ներկայացնում է համայնքապետը:


Գյուղում հիմնական խնդիրը զբաղվածությունն է, գործում է միայն կարի ֆաբրիկան, նախկինում 230-250-հոգանոց ֆաբրիկան այսօր 17 աշխատող ունի, պատճառը կարող վարպետների պակասն է, իսկ երիտասարդ կանայք դեռ հմտացած չեն այդ գործում: Համայնքապետի փոխանցմամբ՝ ֆաբրիկայում աշխատել ցանկացող կանայք քիչ են, շատերը հրաժարվում են հաճախելուց վերապատրաստման դասընթացների: Ֆաբրիկայում աշխատող ձեռքի կարիք կա, իսկ աշխատել ցանկացող չկա: Համայնքապետը հիշում է, որ նախկինում աշխատանքի պահանջն այնքան մեծ էր, որ անգամ բանվորական ուժը Սպիտակ քաղաքից էր բերվում:


Գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքները սուղ են, բերրիությունը ցածր է: Եթե առատ տեղումներով լի տարին բերքատվության առումով քիչ թե շատ խոստումնալից է, ապա երաշտի ու կարկտահարության դեպքում գյուղացին կորցնում է կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարա-բոստանային մշակաբույսերից ստացված բերքի 50-60 %-ը: Գյուղն ունի խմելու ջրի և ոռոգման խնդիր:

Արսեն Երանոսյանը նշեց, որ նպատակներից մեկը ճակնդեղի մշակման ծրագրի իրականացումն էր, սակայն հաշվարկներից պարզվեց, որ այդ մշակաբույսի համար անհրաժեշտ է ընդարձակ՝ ավելի քան 2000 քմ մակերեսով հողատարածք, որպեսզի ճակնդեղ մշակող մեքենան ազատորեն կարողանա պտտվել մարգերով, մինչդեռ եղածը փոքր մակերեսով հողատարածքներ են, բացի դրանից, մտահոգիչ է նաև ճակնդեղի իրացումը: Գյուղի աշխարհագրական դիրքն անբարենպաստ է նաև ցորենի և գարու մշակման համար, թեև ոմանք դժվարությամբ, բայց մշակում են:
-Բայց թող տպավորություն չստացվի, թե գյուղացին խուսափում է հողի վրա աշխատելուց, իր փոքր հողակտորի վրա առավոտից իրիկուն տանջվում է, բայց չի կարողանում տունը պահել, հազիվ ծայրը ծայրին է հասցնում, և իզուր են ոմանք գյուղացուն լոդր անվանում, նա լոդր չի: Այ, եթե մենք ձեռք բերեինք բարձր արտադրողականությամբ սերմեր, կաթնատու կովեր, կարգին հաջողություն կունենայինք: Գյուղի կովերը տալիս են 1500-1700 լիտր կաթ, մինչդեռ ցեղական կովերի կաթնատվությունը բարձր է՝ 3000-4000 լիտր, դա նորմալ է, բայց այսպիսի կովերը արժեն միլիոնից բարձր, մենք այդքան գումար չունենք,- ասում է Արսեն Երանոսյանը:
Համայնքի բյուջեն 59 մլն դրամ է, որից 22 մլն դրամը նախատեսված է աշխատավարձերի վճարման և այլ ծախսերի համար (երաժշտական դպրոցի, մանկապարտեզի վերանորոգում), հողահարկն ու գույքահարկը միասին կազմում են 10 մլն դրամ, Ռուսաստանում ապրող շիրակամուտցիների տարիներ շարունակ չվճարած պարտքերը կազմում են 22 մլն դրամ, որով կարելի էր լուծել համայնքային մեկ-երկու խնդիր: Արտագնա աշխատանքի մեկնած համագյուղացիներից մեկի աջակցությամբ լուծվեց գյուղի երկու փողոցների լուսավորության խնդիրը, գյուղապետարանն ավելի չի էլ սպասում, քանի որ մյուսների ուղարկած գումարներով նրանց ընտանիքները մի կերպ են ապրում:


Համայնքապետի համոզմամբ՝ գյուղի զարգացմանը կարող է նպաստել զբոսաշրջությունը, քանի որ համայնքը հարուստ է պատմամշակութային կոթողներով ու չքնաղ բնությամբ: Շիրակամուտցիների հպարտությունն ու հարստությունը VII դարում կառուցված Չիչխանավանքն ու Թռչկան ջրվեժն են: Վերջինս 2008-ից ընդգրկվել է բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:
-Ցորենն ու գարին մեզ ապագա չեն, մտադիր եմ զարգացնելու ճագարաբուծությունը, ի՞նչ վատ կլինի, եթե լոր ու ճագար բազմացնենք: Մեկ-երկու ընտանիք հետաքրքրված են դրանով, համոզված եմ, որ մյուսներին էլ կհետաքրքրի: Մեզ մոտ արդյունաբերական ինչ- որ բան պետք է լինի, որ մարդիկ ընդգրկվեն դրանում, թե չէ թողնել-գնալով գյուղը կմարի,- ասաց համայնքապետը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao