«Հասարակության անդամներ են, ողջ հասարակությունը չեն»

«Հասարակության անդամներ են, ողջ հասարակությունը չեն»
25.06.2019 | 00:36

Գործող իշխանության կադրային քաղաքականությունը բնութագրելիս առաջնային բնութագրիչ է դարձել հետևյալ փաստը՝ սորոսակա՞ն է, թե՞ ոչ։ ՔՊ-ի համագումարից հետո տեսակետ հնչեց, թե այս անգամ վարչության կազմում սորոսականների թիվը նվազել է։ Վարչության անդամ երկու կանանցից մեկին՝ ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԻՆ, հարցրինք՝ լա՞վ է, որ նրանց թիվը կրճատվել է, վերջինս հարցին հարցով պատասխանեց.

-Ի՞նչ է նշանակում սորոսականները քչացել են։ Ընդհանրապես այդ արտահայտությանը՝ սորոսական, վատ եմ վերաբերվում, կասե՞ք, թե ինչ է նշանակում սորոսական։
-Եթե հակիրճ, ապա Սորոսին պատկանող հիմնադրամներից սնուցվող և նրա դավանած «արժեքները» տարածող անհատներ։
-Այդ հիմնադրամից օգտվել են բազմաթիվ քաղաքացիներ, նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պարզապես սորոսական լինելը դարձրել են շահարկումների, մանիպուլյացիաների առարկա։
-Այդուհանդերձ, վա՞տ բան է սորոսական լինելը։
-Ոչ, երբ մարդիկ այդ հիմնադրամից դրամաշնորհ են ստացել ու կարևոր ծրագրեր են իրականացրել, դրա մասին ոչ մեկը չի խոսել։ Ոչ մեկը հավանաբար այդ հիմնադրամի մասին չի էլ իմացել։
-Ինչու՞, ուրեմն, ձեր իշխանության օրոք այդ թեման այսքան բուռն է քննարկվում։
-Քննարկողներին հարցրեք, որովհետև կան կոնկրետ մարդիկ, որոնք դրա հակաքարոզով են զբաղված։
-Ձեր ասած հակաքարոզիչները ցանկանում են Հայաստանում Սորոսի հիմնադրամը փակել, քանի որ, նրանց համոզմամբ, երկրի իշխանությունն էլ է կառավարվում Սորոսի կողմից։
-Ամեն կարծիք չեմ կարող մեկնաբանել, կարծում եմ՝ այդ տեսակետն ընդհանրապես չարժե մեկնաբանել։
-Իսկ այն, որ այդ հիմնադրամը միայն վատ արժեքներ է բերում Հայաստան, քայքայում երկրի հիմքերը, նու՞յնպես չարժե մեկնաբանել։
-Խնդրում եմ, այդ վատ արժեքների մասին հարցերն ասողներին ուղղեք, նրանք ավելի լավ կիմանան այդ մասին։ Կարծում եմ՝ բոլորը մեզնից լավ գիտեն, թե ինչպես ենք մենք ապրում, ուր ենք գնում։
-Վա՞տ է, որ հասարակությունը հետևողականություն է ցուցաբերում։
-Անշուշտ, լավ է, որ հասարակությունը հետևողական է, և մենք պարտավոր ենք հասարակության առաջ լինել հաշվետու, թափանցիկ, բաց, բայց այդ մասին խոսողները հասարակությունը չեն ներկայացնում։
-Բայց, նրանք էլ, են, չէ՞, հասարակության ինչ-որ հատված ներկայացնում։
-Խոսողները հասարակության անդամներ են, ողջ հասարակությունը չեն, չեն արտահայտում ողջ հասարակության դիրքորոշումը։
-Նույնը կարելի է ասել նաև ձեր մասին, երբ անընդհատ ժողովրդի անունից եք խոսում, բայց ողջ ժողովուրդը չեք ներկայացնում, այլ հասարակության մի հատվածն եք։
-Մենք ներկայացնում ենք ժողովրդի 70 տոկոսը։
-Դա՝ մեկ տարի առաջ, հիմա, տարբեր հարցումներով, 45 տոկոս վարկանիշ էլ չունեք։ Ի դեպ, խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի մասին է։
-Չգիտեմ, թե այդ հարցումները ովքեր, ինչ կազմակերպություններ են արել, ովքեր են եղել շահառուները։ Այդ հարցումներն արժանահավատ չեն։ Օրինակ, «Իմ քայլը» էջ կար, որը հարցում էր արել, բայց դա մեր դաշինքի հետ ընդհանրապես կապ չուներ։
-Անկախ այն բանից՝ ով է արել հարցումները, չե՞ք նկատում, որ իշխանությունն արդեն չունի նախկին վարկանիշը։ Չե՞ք նկատում, որ մարդիկ հիասթափվել են, շատ բաներից են սկսել դժգոհել։
-Մարդիկ դժգոհում են, քանի որ արագ փոփոխություններ են ուզում։ Ուզում են մեկ ամսում, մեկ օրում ամեն ինչ գլխիվայր փոխվի։
-Դուք եք այդ մեծ ակնկալիքները տվել մարդկանց։
-Մենք չենք հրաժարվում մեր տված խոստումներից։
-Բայց այդ ուղիով գնու՞մ եք, թե՞ շեղվել եք արդեն։
-Չենք շեղվել, գնում ենք այդ ուղիով ու պարտավոր ենք անել դա։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao