Աշոցքում մարդիկ դեռ ապրում են դոմիկներում

Աշոցքում մարդիկ դեռ ապրում են դոմիկներում
23.07.2019 | 00:48

Շիրակի մարզի Աշոցք համայնքը գտնվում է 8-10-բալանոց սեյսմիկ ակտիվ գոտում։ Այն 1988-ի երկրաշարժից տուժած համայնքներից է, որտեղ անտուն է մնացել մոտ 210 ընտանիք: Երկրաշարժից հետո ժամանակավոր կացարաններ էին կառուցվել այս ընտանիքների համար, առայսօր գյուղի մի ամբողջ թաղամաս դեռևս ապրում է այդ կացարաններում:

Աշոցքում շրջելիս հանդիպեցի 60-ամյա մի տղամարդու, որի հետ զրույցից պարզվեց, որ 1970 թվականին Վրաստանից տեղափոխվել է Աշոցք, սակայն երկրաշարժը սեփական տան փլատակների տակ թաղեց նաև իր երազանքները: Կառավարությունը նրան և տասնյակ այլ բնակիչների հատկացրեց Աշոցքից հեռացած ռուս ընտանիքների փայտե ու մետաղական տնակները որպես կացարան: Աշոցքում մինչ այսօր նման տնակներում մարդիկ են ապրում:
-Աշոցքի ձմեռն անտանելի է, բայց մի կերպ ապրում ենք, տարիներ շարունակ խոստացել են ապահովել բնակարանով, սակայն, տեսնում եք էլի, ի՞նչ ասեմ: Մի քանիսն էնքան են հարստացել , որ կղզի են առնում, մենք դեռ գոմաղբի հույսին ենք: Մեզ մոտ 7 ամիս ձմեռ է, 200 հազար դրամի գոմաղբ ենք առնում, որ կարողանանք ցրտին դիմանալ: Տան վիճակն էլ ահավոր ա, հատակը փտած ա, ոտքդ դնում ես, իջնում ա, էս տան վրա լուրջ գործ անելն ավելորդ ա, բայց ինչքան կարողացել եմ, կցմցել եմ: Մի փոքր հողամաս ունենք, քիչումիչ բանջարեղեն ենք մշակում: Դուստրս բարձրագույն կրթություն ստացավ, բայց աշխատանք չունի, դպրոցում էլ տեղ չկա: Ինձ նման շատ ընտանիքներ կան, էն բլուրի վրայի շարված սև փայտե տները տեսնու՞մ ես, դրանք բոլորն էլ դոմիկներ են,- պատմեց տղամարդը:
Շարունակեցի շրջել գյուղում, բակերում գեղեցիկ ծաղկանոցների կողքին չորանում էին գոմաղբի կույտեր: Ամենուրեք նույն տեսարանն էր: Տներից մեկի ցանկապատի մոտ հանդիպեցի տարեց մի կնոջ՝ Ժենյա Ավետիսյանին: Ներս հրավիրեց: Տունը կոկիկ ու մաքուր էր, թեև անմխիթար վիճակում էր: Աղջիկը մահացել էր երիտասարդ տարիքում, երկու որդիները Ռուսաստանում են, Ժենյա տատը տարվա կեսն այնտեղ է անցկացնում, նոր է վերադարձել Հայաստան: Ապրում է թոշակով ու զավակների ուղարկած գումարով, որի զգալի մասը ծախսվում է դեղերի վրա: Փոքրիկ հողամասում լոլիկ, վարունգ ու կանաչի է մշակում, իր համար «բըզբըզա գը», մյուս կեսում էլ՝ ծաղիկներ: Ժենյա տատի համոզմամբ կյանքում կարևորը առողջությունն է, մնացածը կստեղծվի: «Մեկ էլ ուզածս գիտե՞ս ինչ է, որ պատերազմ չլինի, ջահելներին բան չլինի, մնացածը յոլա կերթան», ասաց Ժենյա տատն ու բարևեց տարեց հարևանուհուն, որը գնում էր փողոցի անկյունում տեղադրված նոր ու մաքուր աղբարկղում աղբը թափելու: Վերջինս դժգոհեց ապրուստից, որ ամառվանից հարկադրված են մտածել գոմաղբ գնելու մասին, որ աթարի մի կտորը 50 դրամ է, «ի՞նչ օգուտ, որ պառավոն տանն է, համա վախնան գը վառեն, թանգ է»:


Փողոցում հանդիպած միակ երջանիկն ու ժպտերեսը 5-րդ դասարանցի Հայկն էր, որն շտապում էր ֆոտոյում լուսանկարվելու ճամբար ներկայացվող փաստաթղթերի համար: Հայկի համար կյանքը հիանալի է Աշոցքում, անհամբեր սպասում է ձմռանը, որ նվեր ստացած դահուկներով ընկերների հետ բարձրանա սարերը: Էլ ի՜նչ մանկություն առանց դահուկների:


ԱՇՈՑՔՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին՝ հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշ և Ալաշկերտ գավառներից գաղթած բնակչության կողմից։ Բնակավայրը սկզբում կոչվել է Ղզլղոչ, ապա՝ Ղուկասյան (բոլշևիկյան գործիչ Ղուկաս Ղուկասյանի անունով) և միայն 1990 թվականից վերանվանվել Աշոցք։ Գյուղում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի (Սուրբ Ղևոնդյանց), հին գերեզմանոց։ Մինչև Հայաստանի Հանրապետության վերջին վարչատարածքային բաժանումը Աշոցքը համանուն շրջանի շրջկենտրոնն էր (1995-ին ընդունված օրենքի համաձայն Աշոցքի շրջանը լուծարվեց)։ 2016 թվականի հոկտեմբերին կազմավորվեց Աշոցքի համայնքը, որի կազմում ընդգրկվեցին Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ բնակավայրերը:
«Իրատեսի» հետ զրույցում Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը խոշորացված համայնքի ամենացավոտ խնդիրը համարեց արտագաղթը. 7619 բնակիչ ունեցող համայնքի 40 %-ը մեկնել է արտագնա աշխատանքի, նախկինում նրանցից քչերն էին վերադառնում, այսօր ներգաղթը նկատելի է: Համայանքապետի կարծիքով` խոշորացման արդյունքում շահել են փոքր համայնքները, քանի որ իրենց փոքր բյուջեով գրեթե ոչինչ հնարավոր չէր անել, մինչդեռ այսօր այդ բնակավայրերում մասամբ լուծվել են լուսավորության, գրունտային ճանապարհների բարեկարգման խնդիրները: Ինչ վերաբերում է խոշորացման արդյունքում բյուջեների համակցմանը, ապա համայնքապետը համոզված է, որ այդ դեպքում հնարավոր է իրագործել տեսանելի ու լայնամասշտաբ ծրագրեր, ինչը նախկինում անհնար էր: Կարեն Մանուկյանի խոսքով` այս տարվա գարնանը արտասահմանում և Ռուսաստանում ապրող մի քանի հայ գործարար ներդրումներ են կատարել, հանքային աղբյուրների ջրի շշալցման արտադրամաս են հիմնել, ինչը ենթադրում է նաև աշխատատեղերի ստեղծում:
Աշոցքի համայնքների բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, ընդհանուր մանր ու խոշոր անասնագլխաքանակը կազմում է 11 հազար: Ալպիական դաշտերում սնվող անասունների բարձր յուղայնությամբ կաթը 150 դրամով մթերում են Գյումրու և «Մուսայելյան կաթ» կազմակերպությունները:
Աշոցքում բնակիչներին բաշխված հողատարածքները քիչ են: Գյուղնշանակության հողերը կազմում են 21 հազար հեկտար, որից 9000 հեկտարը վարելահող է, 6000-ը՝ խոտհարք, մնացածը՝ արոտավայր:


Աշոցքի տարածաշրջանում մշակվում են ցորեն, գարի, վարսակ, քիչ քանակությամբ կարտոֆիլ: Տարին աննպաստ էր հողագործության համար, կարկտահարությունը զգալի վնաս հասցրեց մի շարք բնակավայրերում, հատկապես Բավրայում:
Աշոցքում կա մանկապարտեզ, Ղազանչի, Մեծ Սեպասար ու մի քանի բնակավայրերում դպրոց ու մանկապարտեզ չկան: Աշոցքն ունի վերանորոգված դպրոց, մշակույթի տուն, երաժշտական դպրոց: Բոլորովին վերջերս Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնը համալրվեց համակարգչային տոմոգրաֆիկ սարքով: Հիվանդանոցը տարեկան սպասարկում է 3000 ստացիոնար և 30000 ամբուլատոր հիվանդների, կատարում 1500 վիրահատություն: Բուժհիմնարկի բյուջեն ձևավորվում է Հռոմի պապի, Եվրոպական եպիսկոպոսների միության և անհատ բարերարների ֆինանսավորումից, հաստատությունն իրականացնում է անվճար բուժսպասարկում: Հիվանդանոց դիմում են քաղաքացիներ ինչպես Շիրակի, Լոռու մարզերից, այնպես էլ Ջավախքից:

ԱՇՈՑՔԸ՝ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ


2019 թվականի հունվարի 26-ին Աշոցքում բացվեց դահուկային կենտրոն, որը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է ՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակերպի զարգացմանն ու զբոսաշրջիկների ներգրավմանը Հայաստանի համեմատաբար քիչ հայտնի վայրերում: Կենտրոնի նպատակն է նպաստել Աշոցք համայնքին, զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաև օգնել մարզիկներին՝ մասնակցելու մրցումների ու վերապատրաստումների: Ծրագրի շրջանակներում տարածքում կառուցվել է նաև փոքրիկ կենտրոն, որը կծառայի որպես հանդերձարան, խորտկարան և գիշերակացի վայր: Առաջիկայում կստեղծվի ավելի քան 50 կմ դահուկավազքի ճանապարհ:

ԱՇՈՑՔՈՒՄ ՆԵՐԳԱՂԹ Է ՍԿՍՎԵԼ
Վերջին 2 տարում նկատելի ներգաղթ է արձանագրվել Աշոցքում: Այդ մասին տեղեկացա համայնքապետարանում տեղակայված «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար, երևանաբնակ Քրիստինե Մարտիրոսյանից, որը գործի բերումով քաջատեղյակ է բնակչության տեղաշարժին:
-Վերջին երկու տարում արդեն շատ ընտանիքներ վերադառնում են, ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները հարազատ գյուղում հաճախեն դպրոց, ինչը ողջունելի է: Միշտ մեկնողներին, ովքեր ինչ-ինչ առիթներով գործ են ունեցել նոտարական գրասենյակի հետ, հորդորել եմ չմեկնել, մի կտոր հաց այստեղ էլ կարող են վաստակել: Այս ոլորտում աշխատել եմ 13 տարի, նկատել եմ, որ Աշոցքում ապրող մարդկանց գիտակցական մակարդակը շատ բարձր է: Քանի որ նրանք ինձ հետ առնչվում են հողային հարցերով, նկատում եմ, որ մարդիկ տեղեկացված են օրենքներից, այստեղ մարդիկ կարդացած են, տեղեկացված իրադարձություններից, նկատել եմ, որ տարիքը կապ չունի, նրանք բոլորն էլ քաջատեղյակ են իրենց իրավունքներին: Մարդիկ գիտակցում են, որ չիմանալը ամոթ է, ու թեև կանայք արթնանում են վաղ առավոտյան, մտնում գոմ, այնուհետև մաքուր ու կոկիկ հագնված շտապում են աշխատանքի, հետո վերադառնում ու անցնում տնային գործերին, որից հետո մտնում հողամաս: Կանայք կան, ովքեր միայնակ խնամում են արտագնա աշխատանքի մեկնած իրենց զավակների երեխաներին, այնուհանդերձ, որքան էլ զարմանալի է, հասցնում են կարդալ իրենց շահերն ու իրավունքներն արտացոլող օրենքները, հոդվածները, տեղյակ են Հայաստանի և առհասարակ աշխարհի քաղաքական անցուդարձին: Երբ եկա Աշոցք, չգիտեի, որ այստեղ դահուկային սպորտը այդքան հարգի է, զարմացա, երբ տեսա, որ գյուղում մեծից փոքր, անգամ տատիներն ու պապիները դահուկ են քշում, գյուղամիջում դահուկներով են տեղաշարժվում,- հիացած պատմում է Քրիստինեն:


Աշոցքի սարահարթում Արփի լճի ջրամբարն է, որը, Քրիստինեի պատմելով, ձմռանը կիսով չափ սառցակալում է, իսկ քամիներն այստեղ այնքան ուժեղ են, որ մարդու աչքերն ակամա ցրտից փակվում են: Այստեղ ձյունն այնքան առատ է ու գեղեցիկ, որ հիշեցնում է Շվեյցարիան, մարդիկ բարի ու աշխատասեր են, միայն թե աշխատատեղ լինի, միայն թե պետությունը թիկունք կանգնի, մի փոքր խրախուսի մարդկանց: «Երախտապարտ ժողովուրդ են, մի փոքր լավությունն անգամ չեն մոռանում, աշխատում են փոխհատուցել ցուցաբերած օգնության դիմաց»,- ասում է Քրիստինեն:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ժենյա Ավետիսյան
Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao