Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
30.10.2019 | 11:48

Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:


«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք»՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նույն բովանդակությամբ գրառումներ է կատարել Թվիթերում՝ անմիջապես արձագանքելով Ներկայացուցիչների պալատում քվեարկությանը:
Այսօր առավոտյան էլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․«405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գիշերը Թվիթերում գրառմամբ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին: «Արդարությունը և ճշմարտությունը միասնական են թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խոր երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրին», - գրել է Մնացականյանը՝ վստահեցնելով, որ նոր թափով է աշխատելու «զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao