Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան, առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնության, չէր կարող գրավել Աֆրինը

Թուրքիան, առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնության, չէր կարող գրավել Աֆրինը
23.03.2018 | 01:43

Մարտի 18-ին թուրքական բանակը գրավեց Աֆրինը: Թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ համոզված է, որ թուրքական հաղթանակը սիրիական Աֆրինում վերջնական է, քանի որ մի քանի օր այն շրջափակված էր թուրքական զորքերով, ինչպես նաև թուրքական բանակին աջակցող Սիրիայի ազատ բանակ կոչվող խմբավորման մարտիկներով։ Թուրքիայի՝ Աֆրին մտնելուց առաջ էլ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ինքն արդեն մի շարք գերտերությունների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերել, որ թուրքական ուժերը ներխուժեն Աֆրին մեկ վերապահումով. թուրքերը Աֆրինը գրավելուց հետո այլ բնակավայրեր չեն շարժվի։ Սակայն Աֆրինի ռազմական գործողություններից հետո Էրդողանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են մտնելու հարևանությամբ գտնվող Իդլիբ և Մանբիջ քաղաքներ, որտեղ կենտրոնացած են Քրդական բանվորական կուսակցության, ինչպես նաև սիրիական քրդերի զինյալները։ Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ թուրքական իշխանությունները հաստատապես համոզված են, որ քանի դեռ չեն ոչնչացրել Աֆրինի, Իդլիբի, Մանբիջի, ինչպես նաև Իրաքի Կանդիլ քաղաքում գտնվող քուրդ գրոհայինների ճամբարները, թուրքական ազգային անվտանգությանը շատ լուրջ վտանգ է սպառնում, և այս առումով թուրքական իշխանական վերնախավը մեկ անգամ չէ, որ նշել է՝ իրենք ամեն գնով հասնելու են նրան, որպեսզի Թուրքիայից դուրս գտնվող «Քրդական բանվորական կուսակցության» և այլ քրդական զինյալների հենակետերը վերջնականապես ոչնչացվեն։


Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայում քուրդ զինյալներին լռեցնելն ավելի դժվար է, քանզի «Քրդական բանվորական կուսակցությունը» թուրքական զինուժի դեմ հիմնականում պայքարում է Դիարբեքիր, Շրնաք, Բիթլիս շրջաններում, որտեղ առկա է մեծաթիվ քրդական բնակչություն, որն ամեն կերպ աջակցում է քուրդ զինյալներին, և այդ տարածքներում քրդերը պարտիզանական կռիվներ են մղում թուրքական զինուժի դեմ։ Արդեն տարիներ շարունակ թուրքական բանակը մշտապես կորուստներ է տալիս Թուրքիայի ներսում, հատկապես նշված շրջաններում, սակայն վերջնականապես չի կարողանում լուծել քուրդ զինյալների հարցը։ Թուրքիային այլ բան է անհանգստացնում՝ Թուրքիայում գտնվող քուրդ զինյալները հանկարծ աջակցություն չստանան դրսից։ Ե՛վ Իրաքի, և՛ Սիրիայի տարածքում գտնվող քրդական խմբավորումները, ըստ թուրքական իշխանությունների, պարարտ հող են, որպեսզի Թուրքիայի ներսում գտնվող քուրդ զինյալները նրանցից մշտապես սնվեն և օգնություն ստանան։ Հետևաբար, թուրքական իշխանությունների գլխավոր նպատակը նախ ներսի քուրդ զինյալներին աջակցող հիմնական օջախները ոչնչացնելն է, այնուհետև հիմնական պայքարը Թուրքիայի ներսում գտնվող քուրդ զինյալների դեմ։


Թուրքիան, առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնության, չէր կարող գրավել Աֆրինը։ Մինչ Աֆրին մտնելը Էրդողանը հայտարարել էր, որ որոշ գերտերությունների ղեկավարների համաձայնությունն ունի, սակայն, թե որ գերտերությունների, նա չէր նշել։ Բացի այդ, մեկ անգամ չէ, որ արևմտյան երկրների ղեկավարները նշում են, թե Թուրքիան պետք է բավարարվի Աֆրինը գրավելով։ Այսինքն, այդ հայտարարություններից պարզ է դառնում, որ հատկապես արևմտյան գերտերությունները կողմ են եղել, որ թուրքական ուժերը մտնեն Աֆրին, չնայած քննադատություններին։ Այլ բան է, որ վերջիններս չեն ցանկանում Թուրքիայի առաջխաղացումը սիրիական տարածքներում։


Մուշեղ Խուդավերդյանը նշում է, որ թուրքական իշխանությունները հայտարարել են, թե Աֆրինը գրավելուց հետո այնտեղ ստեղծելու են անվտանգության գոտի։ «Քրդական բանվորական կուսակցության» ստեղծումից ի վեր արդեն 30-40 տարի է, ինչ Թուրքիան չի կարողանում ազատվել քրդական գլխացավանքից։ Իսկ քրդական գլխացավանքը ոչ միայն չի ավարտվում, այլև ընդլայնվում է։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ քրդական հարցն անվանում են քաղցկեղ, որն ուռուցքի նման անընդհատ աճում է, և եթե այդ ուռուցքը չհեռացվի, կարող է հետագայում լուրջ սպառնալիք դառնալ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ