«Թարգմանությունը ծանր, տքնաջան, ֆիզիկական, հոգեկան և գիտելիքահեն աշխատանք է»

«Թարգմանությունը ծանր, տքնաջան, ֆիզիկական,  հոգեկան և գիտելիքահեն աշխատանք է»
13.04.2018 | 09:19

(Նախորդ մասը)

Բանաստեղծ, էսսեիստ, գրականագետ, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք թարգմանական դաշտում առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին:

-Վերջին տարիներին մեծ թվով թարգմանական գրքեր են հրատարակվում: Սա ձեռքբերու՞մ է:
-Այնքան շատ են, որ ինքս երբեմն շփոթում եմ: Եվ չես կարող չողջունել: Քիչ լիներ, կարելի էր քննադատել: Երևի մեր ազգը նաև տաղանդավոր է: Խորհրդային Միության 70 տարիներին ինչքա՞ն գիրք է թարգմանվել համաշխարհային գրականությունից, այս ընթացքում մենք երևի թե գերազանցել ենք:
-Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը: Որքանո՞վ են հաջողված թարգմանությունները:
-Հայ գրական հասարակությունը կատարում է մի քանի աշխատանք: Նախ` նայում ենք բացթողումները, որ Խորհրդային Միության տարիներին եղել են՝ հեղինակներից սկսած մինչև առանձին ուղղություններ: Այդ տարիներին չհրատարակված արժեքավոր գրականությունը պետք է թարգմանել, մյուս կողմից՝ ընթերցողին ներկայացնել նաև ընթացիկ գրականությունը:
-Վերահրատարակվում են նաև խորհրդային տարիներին ռուսերենից արված թարգմանություննե՞րը:
-Ես չեմ հետևում բոլոր նոր թարգմանություններին, օրինակ, Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» թարգմանվել է բնագրից: Իհարկե, լավ է, որ բնագրից է թարգմանվում, բայց ես չգիտեմ, որպես հայերեն տեքստ, արդյո՞ք այն ավելի լավը կլինի, քան ռուսերենից կատարվածը: Մանավանդ որ միակ դեպքն է, որ ուսումնասիրել եմ, թե ինչպես է թարգմանվել Մարկեսը ռուսերենից: Շատ ճշգրիտ թարգմանություն է: Երբ իմացա, որ նորից թարգմանվում է իսպաներենից, նայեցի նաև, թե ինչպես է թարգմանված ռուսերենը: Հիմա, երբ լույս է տեսել բնագրային թարգմանությունը, այ, արդեն բանավեճի, քննարկման խնդիր է: Եթե լավ լինի, կասենք՝ ուրեմն, շատ լավ է, որ բնագրից թարգմանվել է:
-Բայց անվիճելի չէ՞, որ պետք է բնագրից թարգմանել:
-Պարզ է, անվիճելի է, բայց նաև տաղանդի ուժի հարց է: Մեկը կարող է, ասենք, մարմարից շատ վատ քանդակ անել, մեկ ուրիշը շատ ավելի լավ քանդակ ստանալ պլաստիլինից: Լավ է, որ տարբեր լեզուներից թարգմանում են, բայց թարգմանում են` մինչ այդ ոչ մի հոդված գրած չլինելով հեղինակի մասին, չհասկանալով գեղագիտությունը, բառի, լեզվի արժեքը, ի վերջո, գրական ուղղությունը: Թարգմանում են, ինչ-որ մեկը առաջաբան է գրում, ասենք, վիկիպեդիայից վերցրած, ու ստացվում է, որ գիրքը տպագրվեց: Մի հզոր հեղինակ է հայտնվում, տեսնում ես, որ թարգմանիչը 20-25 տարեկան աղջիկ է: Ինչպե՞ս վստահես, երբ նա ոչ համապատասխան մասնագիտական կրթություն է ստացել, ոչ հայ մշակույթի, լեզվի հետ է շփվել տարիների փորձով, որ այդ նյութը օտար լեզվից փոխադրի հայերենի լեզվական միջավայր: Չես կարող վստահ լինել, այդպիսի տաղանդներ չեն լինում: Սա կենսափորձ պահանջող ծանր, տքնաջան, ֆիզիկական, հոգեկան և գիտելիքահեն աշխատանք է:
-Կարելի՞ է ասել, որ անցումային փուլում ենք:
-Այո, կարելի է ասել անցումային ինչ-որ փուլ է, տառապանքով ընթացող, բայց դեռ չի վերաիմաստավորվել, նույնիսկ թարգմանական որևէ գիրք որևէ մեկը չի կարողացել արժևորել՝ ներկայացնելով նախ հեղինակին, հետո թարգմանչին ու նրա կատարած աշխատանքը: Սկսենք նրանից, որ թարգմանական դպրոց չունենք: Կաստաներ պիտի լինեն (լավ իմաստով)՝ իսպանալեզու գրականության, ֆրանսալեզու, պարսկական, որպեսզի չառաջանա այդ հարցը՝ լա՞վ է թարգմանված, թե՞ ոչ:
-Խոսենք գերմանալեզու գրականության մասին: Բավարար չափով ներկայացվա՞ծ է: Ինքներդ ինչպե՞ս եք կատարում ընտրությունը այն հեղինակների, որոնց թարգմանում եք:
-ՈՒնենք մի քանի լավ թարգմանիչներ, բոլորն իմ ընկերներն են՝ Արա Առաքելյան, Կարլեն Մատինյան, Հակոբ Մովսես: Առհասարակ, շատ քիչ են գերմաներենից թարգմանիչները: Բավական աշխատանք է կատարվել, հիմա էլ շարունակվում է: Նախ, ինչպես ասացի, անդրադառնում ենք բաց թողնված գործերին: Գրական կարևոր երևույթ է Հերման Հեսսեն, որից մեկ-երկու գիրք ես եմ սկսել թարգմանել, մեկը դեռ խորհրդային տարիներին, մյուսը՝ ավելի ուշ: Արա Առաքելյանը ավելացրեց «Տափաստանի գայլը» և «Հուլունքախաղը», վերջերս իմ թարգմանությամբ հրատարակվեց «ՈՒխտագնացություն Արևելք»-ը: Շուտով կավարտեմ «Նարցիսը և Ոսկեբերանը» վեպի թարգմանությունը: Այսինքն, մենք կարող ենք Հեսսեն մինչև տարեվերջ չորս-հինգ ամբողջական հատորով ներկայացնել (բացառությամբ առաջին շրջանի գործերի):
Ինչպես ենք ընտրում: Ընտրությունը շատ լայն է: Գերմանալեզու գրականությունը երեք երկրներում է բաշխված: Վերջերս թարգմանեցի շվեյցարացի գրող Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» վիպակը: Հզոր գործ է, մոդեռնիզմի հիմքերից: Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունը (թեմաները, լեզվաոճական առանձնահատկությունը, մտածողությունը) ամբողջովին, կարելի է ասել, սերում է Վալզերից: Կաֆկան ինքն է տարբեր առիթներով խոստովանում այդ մասին: Վալզերն անհայտ էր աշխարհին մինչև 70-ականների կեսերը, երբ նորից վերահայտնաբերվեց: Մոտավորապես Մուզիլի ճակատագիրն է ունեցել: Մի քիչ ավելի անհայտ էր, քան Մուզիլը, մոռացված հեղինակ էր:
Վերջերս թարգմանել են Գոտֆրիդ Բեն: Ինչպես ժամանակին Էդվարդ Ջրբաշյանը հրատարակեց «Չորս գագաթ. Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց», այդպիսի մի քառյակ էլ գերմանացիներն ունեն 20-րդ դարում: Այս կամ այն չափով թարգմանվել էին Շտեֆան Գեորգեն, Ռայներ Մարիա Ռիլկեն, Գեորգ Թրակլը: Գոտֆրիդ Բենը բաց էր մնացել: Կարծես ամբողջացավ քառյակը: Դա էլ թարգմանվեց, տպագրվեց, շնորհակալություն տպագրողներին: Եվ, ամենակարևոր գործը, որ արեցի, իհարկե, Ռոբերտ Մուզիլն է: «Անտարեսը» տպագրել է «Մարդն առանց հատկությունների» վեպի երկու հատորը: Տեսնենք` ինչպես ընթերցողը կմարսի այս վեպը, մի քանի տարուց կհրատարակենք 3-4-րդ հատորները:
Չորրորդ հատորը կազմելու եմ վեպից դուրս մնացած հատվածներով (անավարտ է վեպը)՝ հետևելով Մուզիլի ֆրանսիական վերջին հրատարակության օրինակին (թարգմանությունը՝ Ֆիլիպ Ժակոտեի):
-Թարգմանիչներից շատերն ուզում են յուրաքանչյուր հեղինակին գոնե մեկական գործով ներկայացնել: Դուք ուզում եք ամբողջացնել հեղինակին: Այս աշխատաոճն ինչո՞վ է պայմանավորված, Մուզիլի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքո՞վ:
-Այո, այդպես է, ինձ էլ են ասում՝ հերիք է Մուզիլ թարգմանես: Հերիք չէ Մուզիլը: Ես դա կանեմ, դա ծրագրված է, և վե՛րջ: Մուզիլից դրամաներ եմ նաև թարգմանել, նույնիսկ չգիտեմ՝ կտպագրե՞մ, թե՞ ոչ, որովհետև խնդիր է, դրամատուրգիա շատ քիչ է տպագրվում:
-Գուցե թատրոնների՞ն առաջարկեք:
-Դժվար թե բեմադրեն: Ծանր փիլիսոփայական պիես է: Հերոսները վերջում չեն մահանում, ինչպես Շեքսպիրի պիեսներում է: Շեքսպիրի ամբողջ փիլիսոփայությունը Մուզիլը մի տողի մեջ ասել է, բայց այդ տողը չես կարող մի ժամ ու կես երկարաձգել, որ մարդիկ այդ ամբողջ թատերական գործողությունը տեսնեն դրա մեջ:
-Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին:
-Ֆրանսիական պոեզիա եմ թարգմանում. Ֆիլիպ Ժակոտե (Մուզիլի թարգմանիչը), Ռընե Շար (հայերեն ժամանակին մեկ-երկու գործ է թարգմանված եղել): Անդրադառնում եմ նաև ֆրանսիացի այն պոետներին, որոնք չեն թարգմանվել հայերեն: Առայժմ անթոլոգիայի համար եմ նախատեսում, մի քանիսը պատրաստ են նաև առանձին գրքերով, բայց չեմ շտապում տպագրել, որովհետև հայ ժողովուրդը չնայած համարվում է բանաստեղծություն սիրող, բայց հարկ է նաև, որ բանաստեղծությունը հասկանա:
Ինչ եմ գրում: Պատրաստել եմ էսսեների ժողովածու, Եղիշե Չարենցի մասին մենագրություն եմ գրում՝ «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը»: Երևի տարեվերջին կհրատարակեմ: Բանաստեղծություններ եմ գրում, արդեն մեկ գրքի նյութ կա, բայց դեռ չեմ պատրաստվում հրատարակելու:
Խնդիրներ էլ կան: 20-րդ դարի եվրոպական գրականության 20 խոշորագույն հեղինակների անթոլոգիա էի պատրաստել՝ դիմանկարներով: Հնարավոր չէ հրատարակել, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործության համար հեղինակային իրավունք վերցնելը խնդիր է: Քիչ փոփոխություններով վերահրատարակելու եմ Բորիս Վիանի «Օրերի փրփուրը»: Հրատարակվել էր 26 տարի առաջ: Կան էլի ծրագրեր, բայց հիմնականը սա է:

Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ