Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքականության բովանդակային փոփոխության պահանջը

Քաղաքականության բովանդակային փոփոխության պահանջը
17.04.2018 | 00:45

Ապրիլի 16-ի` 8.15-ին սկսված երկար օրը թվում էր` չի ավարտվի: Ավարտվեց, բայց բովանդակային առումով շարունակվելու է այսօր: ՀՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքն ու երթերը, քաղաքացիական անհնազանդության ակցիաները չեն խանգարի Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն` այսօր, Աժ-ում: Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիայով և փողոցները փակվեցին, և մետրոն, և կամուրջները: Մինչև Բաղրամյան 19-ը: Խորհրդարանի փշալարապատ մատույցներում ոստիկանական պատը արգելակեց Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԺ: ՈՒ սկսվեց բախումը, ձայնային նռնակներ պայթեցին, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու մի քանի ոստիկաններ ոստիկանական մեքենայով հայտնվեցին «Նաիրի» ԲԿ-ում: Բուժօգնություն ստացած Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան փողոցում դիմավորեցին Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը: Նրանք դուրս էին եկել` բախումները կանխելու համար: Երեկոյան հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հզոր, հաջողված օր էր, բեկում մտցվեց, ու բոլորին ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը ազատություն ու օրինականություն է ուզում և հաղթական ժողովուրդ է: «Մեր շարժումը տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքն ու աջակցությունն ունի, որովհետև արդար շարժում է»` արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և հրահանգեց գիշերվանից փակել ոչ միայն Բաղրամյան պողոտան ու նրա մերձակայքը, այլև շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:


Ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքները պետք է դադարեցնել` արդեն հակասում են օրենքին, ու հատուկ միջոցներ կկիրառեն ցուցարարների դեմ:
Ի՞նչ ցույց տվեց երեկվա երկար օրը.
1. Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը չի ավարտվի իշխանափոխությամբ` ի սկզբանե չուներ ու չէր ունենալու քաղաքական հաջողության շանսեր, բայց չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ:
2. Երեկ ամբողջ օրը տարօրինակ լռություն պահպանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, թեպետ պարտավոր էր այդ իրավիճակում իր խոսքն ասել ՀՀ քաղաքացիներին` իբրև երկրի նախագահ, որ չունի իրավասություններ, բայց պարտավորություններ ունի առաջնորդելու:
3. Երեկ ամբողջ օրը լռեց և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը` կարծես ոչինչ չէր կատարվել, ու իրեն ոչինչ չէր անհանգստացնում:
4. Նույնքան տարօրինակ էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի լռությունը: Նախագահի, Աժ նախագահի ու վարչապետի պաշտոնակատարի լռությունը իրապես ապացուցում է, որ ՀՀԿ-ն հասարակության հետ կապի լուրջ խնդիրներ ունի և այդ խնդիրների գիտակցությանը դեռ չի հասել:
5. Առավել քան տարօրինակ հնչեց ՀՀԿ նախագահ ու ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը օտարերկրյա լրատվամիջոցին: Երբ երկրում, ուր պատրաստվում ես հաջորդ օրը վարչապետ դառնալ, քաղաքացիական անհնազանդության շարժում է սկսվում, ամենահարմարը հայկական լրատվամիջոցներն են ինչ-որ խոսք ասելու համար: Փաստացի` ՀՀ նախագահները գերադասել ու գերադասում են ռուսական լրատվամիջոցները` հայկականից, և դա որևէ հոդաբաշխ բացատրություն չունի:
6. Իր վարչապետության ընթացքում Սերժ Սարգսյանը պարտավոր է վերացնել իշխանության ու հասարակության խզումը, որ պահանջելու է քաղաքականության բովանդակային փոփոխություն:
7. Չի կարող չփոխվել տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը, պրոֆեսիոնալ խայտառակություն է, երբ ամբողջ օրը երկրում նման իրադարձություններ են լինում, իսկ հեռուստաընկերությունները լռում են, և միայն լրատվական ծրագրերը լուսաբանում են մի քանի րոպեով` շարունակելով սերիալաժամանցային եթերը:
8. Չի կարող չփոխվել արդարադատության քաղաքականությունը, 2008-ի պատկերը չի կարող կրկնվել` քաղաքական հետապնդումների ու հալածանքների ոճով:
9. Չի կարող նույնը մնալ իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունը, Սահմանադրությունը` Սահմանադրություն, բայց կա ռեալ իրականություն, որտեղ ընդդիմությունը ունի իրավունք ու առավելություններ, որոնք պիտի կյանքի կոչվեն, եթե իշխանությունը հասկանում է, որ երկիրը մեկն է ու բոլորինը:
10. Քաղաքականության բովանդակային փոփոխությունը պիտի լինի ոչ ձևական, այլ իրավիճակին ու հեռանկարին համարժեք: Չի կարելի անվերջ նույնացնել պետության ու իշխանության շահը, այդ պարագայում պետությունը բախվում է իշխանության ստեղծած իրավիճակին ու պարտվում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չի բացառվում, որ այսօր էլ շարունակվեն բախումները` անկանխատեսելիության ու անվերահսկելիության գործոնը միշտ կա: Քաղաքացիական անհնազանդությունը չի կարող ավելի երկար տևել, քան քաղաքական շարժումը: Իսկ շարժումը պիտի արձանագրի իր հերթական կայանն ու մտածի հետագա քայլերի մասին` պայքարը 14+4-ով ոչ սկսվել է, ոչ ավարտվելու է: Ամեն ինչ որոշվելու է 2022-ին:

Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ