Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե ժամանակին տային կոչումը, ես ինձ ավելի լավ կզգայի»

«Եթե ժամանակին տային կոչումը, ես ինձ ավելի լավ կզգայի»
12.03.2019 | 01:55

2008 թվականին «Օթյակ» հեղինակային հեռուստաշարքի հյուրն էր ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԸ։ Հաղորդման ընթացքում նա պատմեց իր կյանքի և ստեղծագործության մասին։

ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ- Վերջերս հանրապետության նախագահի հրամանագրով Երևանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր, տաղանդավոր ռեժիսոր, հմուտ մանկավարժ Ռաֆայել Ջրբաշյանին շնորհվեց Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը։
«Օթյակի» ստեղծագործական խումբը շնորհավորում է մեծ ռեժիսորին այդ պատվավոր կոչմանն արժանանալու համար։
ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆ- Եթե, օրինակ, ժամանակին տային կոչումը, ես ինձ ավելի լավ կզգայի և հպարտ ման կգայի, մի քիչ էլ ուրախ կլինեի, կանանց, աղջիկների ուշադրությունը ինձ վրա կգրավեի, հետո այդ ուշադրությունից կօգտվեի կամ կուրախանայի... Բայց հիմա դա ինձ համար ուշացած անհրաժեշտություն էր, ուշացած...
Եվ ես ասել եմ համապատասխան վայրերում, համապատասխան պատասխանատու այրերին` եթե կոչում եք տալիս, տվեք, թե չէ, ասում են` մի անգամ էլ գրեք ձեր կենսագրությունը, մի անգամ էլ դիմեք... Մարդ իր ազգանունից սկսում է զզվել. ասեք` այո կամ ոչ... Մեկ է ինձ վրա դա չի ազդելու, միևնույն է` ես աշխատելու եմ նույն ինտենսիվությամբ, գուցե ավելի եռանդով, իսկ հիմա... Իսկ հիմա ի պատիվ մեր նոր նախարարի` Հասմիկ Պողոսյանի, այդ հարցը լուծվեց։ Ես կարծում եմ, որ նման բաներ էլ չեն կրկնվի. չորս հոգի ժողովրդականի կոչում են ստացել, բոլորն էլ 80-ն անց...
Գ. Ղ.- Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է մտավորականների ընտանիքում։ Ինչպես շատ հայ ընտանիքների, այնպես էլ ռեժիսորի ընտանիքի համար 1937 թվականը դարձավ ճակատագրական։ «Ժողովրդի թշնամու որդու» պիտակը երկար տարիներ հետապնդում էր Ռաֆայել Քրիստաֆորովիչին և շատ խանգարեց նրան մինչև այն օրը, երբ խորհրդային պետությունը նրանից ներողություն խնդրեց։
Ռ. Ջ.- Ես մինչև հիմա չեմ ներում... (Շատ հուզված է, պաուզա)։ Չեմ ներում... Հայրս շատ մեծ մարդ էր։ Նրան չկարողացան պիտակ կպցնել, ուղարկեցին Օրենբուրգի Սատակտաշ վայրը, երեք տարի պահեցին։ Իրավաբանները ապշած էին. «До чего невинный человек, что и пришить ничего не могут»։ Հետո ուղարկեցին այլ վայր և գնդակահարեցին (հուզված է, աչքերում` արցունք)։ Հետո ներողություն խնդրեցին։
Գ. Ղ.- Ռաֆայել Ջրբաշյանի ուսուցիչը հայ նշանավոր ռեժիսոր Վավիկ Վարդանյանն էր։ Ջրբաշյանն իր դիպլոմային աշխատանքը կատարեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում, բեմադրեց Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսը։
Մինչ ռեժիսուրայով զբաղվելը դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն Երևանի տարբեր դպրոցներում։ Այնուհետև տեղափոխվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ (այսօր` թատրոնի ու կինոյի ինստիտուտ)։ Դարձավ այդ ինստիտուտի պրոֆեսոր։ Նա այն ռեժիսոր մանկավարժն է, որ տվել է բազմաթիվ շնորհալի աշակերտներ։
Ռ. Ջ.- Ես երբեք չէի մտածում, որ կարող եմ մանկավարժ լինել և հատկապես դպրոցում, նույնիսկ ինստիտուտում։ Բանն այն է, որ ինձ տեղ չտվեցին, ավելի ճիշտ իմ տեղը տվեցին ուրիշին, որը չկարողացավ արդյունավետ աշխատել թատրոնում ու նորմալ մթնոլորտ ստեղծել այնտեղ։
Ես խիստ վիրավորված էի և նույնիսկ այլևս չէի ուզում զբաղվել բեմարվեստով։ Դասախոսներիցս մեկը, որին շատ եմ հարգում, խորհուրդ տվեց դասավանդել և օգնեց ինձ, որ ընդունվեմ դպրոց։ Դասավանդման պրոցեսն ինձ համար բարդ չէր, որովհետև ավարտել էի նաև բանասիրական ֆակուլտետը։
Դպրոցում ես կարևորում էի ու ցանկանում էի, որ աշակերտները կարողանան ըմբոշխնել լեզվի գեղեցկությունը և անհրաժեշտությունն ընդհանուր զարգացման համար։ Ես դասավանդում էի բարձր դասարաններում և, բարեբախտաբար, դա ինձ հաջողվեց։ Ընդամենը 3 տարի աշխատեցի դպրոցում, բայց շատերը մինչ այսօր հիշում են ինձ։
Սկսեցի աշխատել օպերային թատրոնում, բայց բեմադրություն չէի անում։ Իմ լավագույն տարիներն իզուր էին անցնում։ Մտածեցի, մտածեցի և որոշեցի գնալ ինստիտուտ, չնայած ինստիտուտի հանդեպ լուրջ վերաբերմունք չունեի։ Ինստիտուտում ավագ սերնդի անվանի ներկայացուցիչներից մեկը (անունը չեմ ուզում տալ) ասում էր. «Ինստիտուտը երբեք չի կարող ռեժիսոր դաստիարակել»։ Ասացի. «Ես կարող եմ, ես դա կարող եմ»։ Ճիշտ է, երիտասարդ էի, բայց համոզված էի, որ դա կարող եմ անել։ Նաև վիրավորական էր... Դիմում էի այդ արվեստագետին. «Ի՛նչ է, միայն Դու՞ք եք... ևս մեկ-երկու հոգի ու վերացա՞վ։ Հայ ժողովուրդն էլ տաղանդ չի՞ տալիս, արգանդը սպառվե՞լ է, սպառե՞լ է իր հնարավորությունը...»։
Եվ հենց առաջին օրվանից սկսեցի լրջորեն աշխատել։ Ամբողջ ինստիտուտը նկատեց, որ Ջրբաշյանն ակտիվ գործ է անում։ Կարծես վրիժառու լինեի, և դա ինձ ուժ էր տալիս։ Ես անում էի այն, ինչ հնարավոր չէր և՛ տեխնիկական, և՛ ստեղծագործական առումով։ Ես հարցեր էի բարձրացնում, ասում էին` հնարավոր չէ։ Իսկ ես լուծում էի այդ հարցերը։ Ներկայացումներից մեկում «мигалка» էր անհրաժեշտ լուսավորության համար։ Ասացին` չկա։ Ճարեցի երկու հատ։
Անցավ ժամանակ և մեր լուսավորող Արմոն ասաց. «Գիտե՞ք, Ռաֆայել Քրիստաֆորովիչ, մենք «мигалка» ունեինք։
-Բայց ինչու՞ չտվեցիր։
-Ինձ հրամայեցին, որ ասեմ` չունենք»։
Ահա այսպիսի պայմաններում եմ աշխատել։ Եվ ինչքան ավելի լավ, հաջող էր ստացվում աշխատանքը, ավելի մեծ դժվարություններ էին ստեղծում։ Ես, այնուամենայնիվ, իմ գործն անում էի, նրանք, այնուամենայնիվ, պայթում էին։ Այդպիսի մի քանի մարդ կար։
Մանկավարժական ռեժիսուրան շատ ուժ է տանում։ Ես, օրինակ, հոգևոր և մտավոր էներգիա եմ տալիս։ Կային ուսանողներ, որ չգիտեին ուր են ընդունվել, չգիտեին ինչ ասել է բեմարվեստ։ Պահանջում էի նրանց հեռացնել ինստիտուտից։ Ես պայքարում եմ նմանների դեմ։
Համոզված եմ` արվեստագետի դաստիարակության պրոցեսը պետք է սկսել մարդկային դաստիարակությունից։ Պետք է նրա մեջ գտնել, արթնացնել լավագույն գծերը, հակումները, ձգտումները և դա դարձնել հիմնականը։ Եթե հիմնական ես դարձնում, այդ ժամանակ արդյունք ես ստանում, իսկ եթե չէ, չէ։
Գ. Ղ.- Ռաֆայել Ջրբաշյանը բեմադրություններ է արել հանրապետության տարբեր թատրոններում, ինչպես նաև Ստեփանակերտի թատրոնում, հեռուստաթատրոնում։
Ռ. Ջ.- Միամտորեն կարծում էի, որ Գավառի թատրոնում կարող եմ սահմանել ընդգծված պատասխանատվություն աշխատանքի, ստեղծագործական պրոցեսի նկատմամբ։ Ահա այս հանգամանքը շատերին դուր չեկավ։ Նրանք անընդհատ ուզում էին ինձ ապացուցել, որ իրենք ուրիշ ձևով են ապրում։ Օրինակ, երբ «Մակբեթ» էի բեմադրում, ու գլխավոր դերակատարը կար, որոշ դերասաններ ասում էին` մենք էլ ենք ուզում Մակբեթ խաղալ։ Ես պատասխանում էի` արդեն դերը տվել եմ ուրիշի, պետք է ժամանակին հասցնեմ։ Ասում էին` ոչինչ, մեզ գրեք, բայց մենք չենք խաղա։ Է, որ չեք խաղալու, ինչու՞ գրեմ։
Էդպիսի մանր բաներ էին լինում, ավելի շատ ընդգծված կենցաղային, բավական տգետ, բավական տգեղ։ Բացի այդ, թիկունքից հարված ստացա ամենամտերիմ անձնավորությունից։ Մի բան էլ կար, որ դուրս չէր գալիս. ասում էին` սա լենինականցի է, սա կիրովականցի... Ախր ինչ տարբերություն, բոլորս էլ հայ ենք։ Ես էլ գնացի Գավառից. ինձ այդտեղ Կամո ՈՒդումյանն էր ուղարկել, երբ անգործ էի։ Գավառում 16 ամսում 7 ներկայացում արեցի։ Մինչ իմ գալն անգործությունից փտում էին։ Երբ «Մակբեթն» էի բեմադրում, քաղաքի ղեկավարությունը դեմ էր, ասում էին` Ջրբաշյանը գիժ է, խելքը թռցրել է, ուզում է ինտելեկտուալ թատրոն ստեղծել։ Նույնիսկ ատամնաբույժն էր ասում. «Մեր թատրոնը չի կարող, մենք չենք կարող Շեքսպիր խաղալ»։ ՈՒ հույսս դրեցի միայն ինձ վրա։ Եվ բեմադրությունը եղավ։ Շատ հաճելի էր իմ շփումը հեռուստաթատրոնի հետ։ Բեմադրեցի «Կարլն ու Աննան», «Շրջադարձը», «ՈՒրվականները»։ Դրանք լավ բեմադրություններ էին, մանավանդ Ֆրանկի «Կարլն ու Աննան»։ Երբ ներկայացրի այդ գործը, գեղխորհուրդը դիտողություններ ուներ սյուժեի առումով, ասում էին` մեր հանդիսականի համար անընդունելի է, կասեն` ինչ եք ցույց տալիս մեր երեխաներին։ Հետո եկան սեղանի շուրջ լսեցին «տՐՏչՏվ»-ը և լուռ ու մունջ գնացին։ Մի քանի տարի հետո ասացին` հիացած էինք։ Երեք անգամ ցույց տվեցին, հեռուստադիտողը պահանջում էր, որ մի անգամ ևս ցուցադրեն։ Բեմադրությունը պլանավորվեց, բայց պարզվեց, որ ժապավենը ջնջել են։ Էն ժամանակ ժապավենը քիչ էր։ Բայց դա ընդամենը պատրվակ էր, որովհետև լավ ներկայացումները արտագրվում ու պահվում էին առանձին ժապավենի վրա։ Իսկ դա լավ ներկայացում էր։
Գ. Ղ.- Ռաֆայել Ջրբաշյանը երկար տարիներ աշխատել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Առաջին բեմադրությունը Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերան էր, բեմադրել է նաև Սպադավեկիայի «Բոռ», Խոլմինովի «Լավատեսական ողբերգություն», Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերաները։
Ռ. Ջ.- Օպերայում մի կույր դավանանք կա` դիրիժորը։ Իսկ եթե կոմպոզիտոր էլ կա, վերջացավ։ Նրանց համար այլևս ոչ ոք չկա, նրանց համար ռեժիսորը կարևոր չէ։ Այդ հանգամանքը պարտադրեց ինձ, որ դիրիժորի հետ պարզաբանեմ դերասանների խնդիրները։ Երբ երգիչը պատրաստ է լինում, դիրիժորի դասերն է անցնում, որի ժամանակ ես ներկա էի լինում։ Գնում էինք բեմ, աշխատում դաշնամուրի նվագակցությամբ, միզանսցեններ էինք փորձում։ Հետո արդեն սկսվում էին փորձերը նվագախմբի հետ։
Բայց բոլոր դեպքերում դիրիժորները արհամարհական վերաբերմունք ունեին դերասանական արվեստի նկատմամբ, նրանց համար դա բոլորովին ավելորդ բան էր։ Օրինակ, երգչուհին բարձրացել է բեմ, գալիս է դիրիժորը, երգչուհու համար սարսափ է, վախ։ Ես նկատել եմ, նվագախմբային փորձերի ժամանակ երգիչները դողում են, հանկարծ չսխալվեն։ Մի անգամ երգչուհին մեկ-երկու սխալվեց, դիրիժորը բղավեց. «Стойте, смотрите на мою палочку и пойте. Я плевал на ваши мизансцены!». Ես բեմում էի, ես էլ բղավեցի. «А я плевал на вашу палочку!»։ Օրկեստրի դուրը դա եկավ։
Բայց Թավրիզյանը ուրիշ վերաբերմունք ուներ։ Նա ընդգծված օպերային ռեժիսոր չէր ընդունում, ասում էր` դրամայից պետք է գան, նրանք հետաքրքիր են։ Եթե դրամատիկ թատրոնի ռեժիսորը տիրապետում է օպերային թատրոնի սկզբունքներին, նա ավելի լավ է աշխատում։
Հարգանքը դեպի ռեժիսորն ավելի ցածր է, քան դեպի դիրիժորը, երբեմն ասում են` ռեժիսորն օպարայում ավելորդ է։ Եվ աճում էր մի սերունդ, որ ռուսերեն ասում էին звучкисты։ Ես ասում եմ, ձայնապարպիչներ, ձայն են պարպում, բայց ինչի համար են երգում, ինչ են ուզում ասել դրանով, ինչ մարդ են... Երբեմն ես ստիպված էի լինում երգել։ Ասում էին` у вас голос, зачем вы режиссурой занимаетесь?
Հիմա օպերային թատրոնը կարող է վերածնվել միայն այն դեպքում, երբ հավասարաչափ վերաբերմունք լինի կոնսերվատորիայի կողմից ինչպես երգարվեստի, այնպես էլ բեմարվեստի նկատմամբ։
Գ. Ղ.- Ձեր աշակերտներից մի քանիսն այսօր ղեկավարում են մայրաքաղաքային թատրոնները։ Ձեզ չե՞ն հրավիրում բեմադրություն անելու։
Ռ. Ջ.- (Ծիծաղում է)։ Այդ հարցը տվեք իրենց։ Եթե առիթ լինի, տվեք իրենց...

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ. 2019-ի հունվարի 16-ին 95 տարեկանում Ռաֆայել Ջրբաշյանը կնքեց իր մահկանացուն։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ