«Քո սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի»

«Քո սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի»
05.04.2019 | 04:16

Օրերս Երևանի Օղակաձև զբոսայգում աննախադեպ ձգողականությամբ ուշադրությունս սևեռվեց մի արձանի վրա, որ «Վերածնված Հայաստան» է կոչվում: Անկեղծ ասած, արձանի վիճակն աննախանձելի էր, ուղիղ համեմատական այսօրվա հայաստանյան իրավիճակին։ Եթե չիմանաս քանդակի հեղինակին, կարող ես կարծել, որ այն պատկանում է հասարակության կողմից մերժված մի մարդու, որի հետ էլ իր արձանը դատապարտվել է «դանդաղ մահվան»: Փորձեցի հետաքրքրվել՝ ո՞վ է քանդակի հեղինակը. Խորեն Տեր-Հարության: Իսկ ո՞վ է Խորեն Տեր-Հարությանը: Այս հարցը մեզ միանգամից տանելու է հետ՝ անցյալ դար, Արևմտյան Հայաստան, Ամերիկա, Արևելյան Հայաստան:
Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909 թ. մարտի 2-ին, Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Աշոտավան ¥Աշվան¤ գյուղում: Ծանր ու դաժան է եղել Խորենի գերդաստանի ճակատագիրը: 1800-ականներին, երբ դեռ Կայայան ազգանունն էին կրում, գիշերով զինված թուրքերը շրջապատում են նրանց տունը, հարձակվում, սպանում Խորենի մեծ պապին՝ Կայա Կայայանին:


Կայայի որդիներ Կիրակոսին ու Հարությունին հաջողվում է փախչել ու ապաստան գտնել Արաբկիրում: Երկու տարի հետո վերադառնալով հայրենի Ձընձոր, նրանք ոչինչ չեն գտնում, բացի իրենց այրված տան ավերակներից և անհետ կորած հարազատների մասին այրող հուշերից: Հետագայում հենց Կայա Կայայանի որդի Հարությունից ու նրա կին Նունուֆարից պիտի ծնվեր Խորենը և հոր անունն իրեն ազգանուն դարձներ՝ Տեր-Հարության: Խորենն իր ողջ կյանքի ընթացքում հիշեց հոր խրատը. «Այս կյանքում հարատևելու համար անհրաժեշտ է ուժգին հավատ ունենալ Աստծո նկատմամբ, խնամքով փայփայել համբերելու առաքինությունը և ամեն ինչին դիմանալու վճռականություն ցուցաբերել»:


Սակայն տեղահանումն ու դժբախտությունը չէին լքել Կայայան գերդաստանին: 1914 թ. թվականին նոր թափ առած ու մեկ տարվա ընթացում բովանդակ մի ազգ կուլ տված ցեղասպանությունը պատուհասեց նաև Խորենին ու նրա հարզատներին:
Երկար տառապանքներից հետո, թուրքական աքսորի քարավանից մի կերպ խույս տալով, իննամյա Խորենը հայտնվում է քրդերի մոտ, որպես հովիվ: Խորենի քույրը՝ Մերիոն Տեր-Ղազարյանը, հետագայում իր հուշերի մեջ պիտի գրեր. «Տարիներ անց այս փորձառությունը օգտակար եղավ Խորենի համար, երբ նա բակաուտի փայտից հասակով մեկ կերտում էր հսկա Գողիաթին հաղթող Դավթի կերպարը («Դավիթ և Գողիաթ»): Տևական ժամանակ մնալով քրդերի մոտ, Խորենը հայտնվում է Ալեքսանդրապոլում, և նրանց ընտանիքի բարեկամ, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի նշանավոր վիրաբույժ Բաղդասար Մանուելյանի օգնությամբ տեղավորվում Կարագյոզյանի արական որբանոցում:


1921 թ. Խորենն ընտանիքի հետ հայտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում: Նույն տարվա ամռանը երկու քույրերի հետ հաճախում է տեղի տարբեր ազգություններին պատկանող դպրոցը:
«Մեր ուսուցչուհին օրիորդ Քոնվերին էր՝ չար ու դժվարահաճ անձնավորություն։ Մի օր, ամերիկյան դրոշին երդում տալուց անմիջապես առաջ, օրիորդ Քոնվերին հանկարծ արագորեն դեպի Խորենի նստարանը քայլեց, ցցվեց նրա կողքին և փորձեց քանոնով հարվածել նրան՝ բղավելով. «Վերադարձիր, օտարերկրացի: Վերադարձիր այնտեղ, որտեղից եկել ես»,- հիշում է Խորենի քույր Մերիոնը:
Դժվար է եղել Խորենի մանկությունը: Մի անգամ դպրոցի երեխաները ծեծում են նրան՝ անվանելով գնչու, թուրք, մոնղոլ... Դրանից հետո Խորենը որոշում է բռնցքամարտով զբաղվել՝ ինքնապաշտպանության նպատակով: Որոշ ժամանակ անց մեծ աղմուկ է բարձրանում. Խորենը ծեծել էր իր ազգային արժանապատվությունը վիրավորողներին ու սեղանները շրջել նրանց վրա:


Նույն քաղաքում աշխատանքի անցելով, Խորենը դառնում է կոշիկ մաքրող, որոշ ժամանակ անց՝ Վուսթերի «Հեռագրեր և լրագրեր» գործակալության համար լրագրեր վաճառող՝ Մեյն և Չանդլեր փողոցների անկյունում: Շատ կարճ ժամանակում Խորենը դառնում է փողոցային վաճառքի վերահսկիչ Լուիս Կահնի սիրելի տղաներից մեկը:
Հենց Մեյն փողոցն էր, որ պետք է դառնար Խորենի ու արվեստի երջանիկ բախման անմեղ մեղավորը: Իր դպրոցական կյանքի առավոտներից մեկում նա նկատեց այդ փողոցում գտնվող նկարչի խանութը: Արագ մտերմանալով նկարչի հետ, պատանի Խորենն սկսում է ընդօրինակել նրան ու կարճ ժամանակում հաջողում զարմացնել վարպետին. Խորենն արդեն նկարիչ էր, միաժամանակ և քանդակագործ:
Ահա այստեղից, երբ նա նկարիչ է, քանդակագործ և ավելին, ասելիքը պետք է տրվեր արվեստաբանին, որ արդեն տասնյակ տարիներ լռում է, և որի լռության պատճառով այսօր Խորեն Տեր-Հարությանի նման ուղնուծուծով մշակութաստեղծ մարդը դատապարտվել է մոռացության։


Ճիշտ է ասված՝ ձորը՝ դատարկ, աղվեսը՝ տեր: Այսօր, երբ Տեր-Հարությանի պես մարդիկ մոռացված են, երբ Սարյանին հիշում ենք լոկ այն ժամանակ, երբ ժամադրվում ենք նրա անունը կրող այգում, երբ Բաբաջանյանն ընդգծված արծվաքթով քարակերտ է, երբ Թումանյանը «շաուրմա» է, Կոմիտասը՝ փողոց և այդպես շարունակ, մեր գլխին են թափվել նորաթուխ քանդակագործներ, երաժիշտներ, գրականագետներ, հրապարակախոսներ, որ գրավում են աթոռներ, որոնք մի ժամանակ պատկանել են մոռացության մատնված երանելիներին։ Այդ մոռացվածներից է նաև Խորեն Տեր-Հարությանը, մարդ, որի մասին անցյալ դարում հայ քանդակագործության տիտաններից մեկը՝ Երվանդ Քոչարը, ասել է. «Սիրելի Խորեն, դու իրոք շատ «խորեն» ես մոտենում քո գործին, արվեստի շնչով իմաստավորում ես ձևը: Հայ արձանագործության պատմության մեջ, սկզբից մինչև մեր օրերը, ես առաջին անգամ եմ տեսնում մի արձանագործի, որ իր հայությունը առնչում է համաշխարհային արձանագործության հետ: Շնորհակալություն, սիրելի Խորեն: Դու հայ ես, լավ, ազնիվ հայ ես, քո սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի։ Խորեն, դու բուն իմաստով արձանագործ ես, իսկական հայ արձանագործ»:


Վերստին անդրադառնամ Օղակաձև զբոսայգում գտնվող «Վերածնված Հայաստան» քանդակին: Վստահորեն գիտեմ՝ ովքեր են մեր երկրի հուշարձանների պատասխանատուները, բայց վստահ չեմ, որ նրանք գիտեն՝ ով է Խորեն Տեր-Հարությանը։ Ամերիկայում՝ ճանաչված քանդակագործ, Հայաստանում, ցավալի է, բացի Վաղարշապատի բնակիչներից, որտեղ գտնվում է նրա անունը կրող թանգարանը, գրեթե ոչ ոք չի ճանաչում արդեն հանգուցյալ քանդակագործին: Ավելի ցավալի է այն, որ շատերի կողմից քննադատվող ԽՍՀՄ-ն ավելի բարյացակամ ու հարգալից է վերաբերվել Խորեն Տեր-Հարությանին, քան արդեն իր անկախության երրորդ տասնամյակը բոլորած Հայաստանի Հանրապետությունը:
Հուսով եմ՝ հայ մշակույթի պատասխանատուները վերջապես կանեն այն, ինչին կոչված են և բազմաթիվ հանիրավի մոռացյալների հետ պատշաճ ուշադրության կարժանացնեն նաև Խորեն Տեր-Հարությանին, խոշոր արվեստագետի, որն իր արձանների ու քանդակների ողջ հավաքածուն բերեց ու նվիրեց Վերածնված Հայաստանին: Նույնանուն արձանը լքված է այսօր Օղակաձև զբոսայգու կեղտոտ ջրավազաններից մեկում, Գրիբոյեդովի արձանի հետնամասում՝ նորամանուկ Հայաստանի խորհրդանիշ հայ պատանու կտրած անդամով...


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao