Ջուրը չտեսած մի բոբիկացեք

Ջուրը չտեսած մի բոբիկացեք
24.01.2020 | 09:23

Այս շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, գազի հնարավոր թանկացմանն անդրադառնալով, հայտարարեց, թե դրանից պետք չէ ողբերգություն սարքել։ Եթե սա ասեր գոնե գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, էլի կարելի էր հասկանալ, բայց տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորի պարագայում անհեթեթ է հնչում։ Եթե մեր երկրում կյանքի որակը, մարդկանց աշխատավարձի չափն այնպիսին լիներ, որ թանկացման հետևանքով մարդիկ չհայտնվեին ծայրահեղ ծանր վիճակում, Թունյանի հայտարարությունը կարող էր էլի «մարսվել»։

Տնտեսագետ պատգամավորը շատ լավ գիտի, թե ինչքան ապրանքի ու ծառայության գինը կարող է գազի հնարավոր թանկացման պատճառով բարձրանալ, ու դա հանրային կյանքում ինչ բարդություններ կստեղծի։ Սակայն Թունյանը հավանաբար ուզել է այլ բան ասել, բայց ստացվել է ինչպես միշտ։ Նա այնուհետ հայտարարել է, թե «երբեմն ավելի լավ է թանկացմանը համաձայնել, բայց չզիջել պետական ակտիվները կամ ինքնիշխանության որոշակի էլեմենտներ»։ Նախկիններին արված այս ակնարկը նորություն չէ իմքայլականների պարագայում։ Նրանք յուրաքանչյուր խնդրի անդրադառնալուց նշում են, թե նախկիներն այ, այսքան վատն էին, իսկ իրենք այդպես չեն՝ մոռանալով, որ իրենք էլ իրենց ձևով են վատ։ Օրինակ, գազի թանկացումը չի կարող արդարացվել այն հանգամանքով, որ Հայաստանը դրա դիմաց ինչ-որ ռազմավարական կառույց չի զիջում Ռուսաստանին։


Նախ դեռ պարզ չէ, թե ապրիլից հետո իշխանությունները ինչպես են պայմանավորվելու «Գազպրոմի» հետ, ինչ պայմաններ են թելադրվելու, ինչին է համաձայնելու կառավարությունը, չհամաձայնելու դեպքում ինչպիսին կլինի աղքատության եզրին հայտնված բազմաթիվ սպառողների վիճակը։ Այնպես որ, ջուրը չտեսած, մի բոբիկացեք։ Դեռ կերևա, թե ողբերգություն կլինի՞, թե ոչ։ Սակայն միանշանակ կարելի է ասել, որ իշխանավորների կյանքում հազիվ թե նման բան լինի, նրանք օր օրի բարգավաճում են ու փթթում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ