ՌԴ Սահմանադրության փոփոխությունը մեծացնում է վտանգը հետխորհրդային հանրապետությունների համար

ՌԴ Սահմանադրության փոփոխությունը մեծացնում է վտանգը հետխորհրդային հանրապետությունների համար
11.09.2020 | 11:12

Վաղուց հայտնի է, որ Ռուսաստանը տառապում է բոլոր ժամանակների ամենամեծ ու անփառունակ կորստի ֆանտոմային ցավից, որ ստիպված էր ապրել սովետական կայսրության փլուզման պատճառով: Պուտինի նոր Սահմանադրությունը հեշտացնում է միջամտությունը հետխորհրդային տարածքի պետությունների ներքին գործերին՝ Neue Zürcher Zeitung-ում գրում են Ուկրաինայի նախկին ԱԳ նախարար և Ուկրաինայի՝ Ապագայի ինստիտուտում եվրոպական, տարածաշրջանային ու ռուսական ծրագրերի ղեկավար Պավել Կլիմկինը և ինստիտուտի աշխատակից, «Սովետական ու պոստսովետական քաղաքականությունն ու հասարակությունը» մատենաշարի հրատարակիչ Անդրեաս Ումլանդը: Նոր Սահմանադրության 69-րդ հոդվածը արձանագրում է. «ՌԴ-ն աջակցություն է ցույց տալիս հայրենակիցներին, որ ապրում են արտասահմանում, իրենց իրավունքների, իրենց շահերի պաշտպանության իրականացման և համառուսաստանյան մշակութային նույնականության պահպանության համար»: Այս նոր դրույթը ստեղծում է ոչ միայն բացահայտ սահմանադրական հիմք, որ Ռուսաստանը միջամտի այլ երկրների գործերին հումանիտար ինտերվենցիայի պատրվակով, այլև հիմք է տխրահռչակ «ռուսական աշխարհի» գլոբալ առաջմղման՝ «համառուսաստանյան մշակութային նույնականության» ընդարձակ հասկացության շրջանակներում: Այս ձևակերպումը կարելի է օգտագործել ոչ միայն արտասահմանում ապրող էթնիկ ռուսների առնչությամբ: Կրեմլի «աջակցությունը» կարող է պետք լինել և այլ մարդկանց, որ կդասվեն «ռուսական մշակույթին»: Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և հետխորհրդային մյուս պետություններին այս նոր դրույթները վտանգավոր են թվում իրենց օկուպացված տարածքների ու բնակչության ավելացող «անձնագրավորման» պատճառով: Մոսկվան բացահայտ ռուսական անձնագրեր է բաժանում հետխորհրդային հանրապետությունների քաղաքացիներին և ստանում է «հայրենակիցներ», որ հետո խնամակալության կարիք են զգում: Այդպես Կրեմլի համար նախկինից հեշտ է արդարացնել ակտիվ միջամտությունը այլ պետությունների գործերին: Ռազմական ագրեսիան, տարածքների մեծացումը և ինտերվենցիայի այլ ձևերը փաստացի բխում են ՌԴ պետության սահմանադրական պարտավորություններից: Ուկրաինայի համար հատկապես հետաքրքիր է նոր Սահմանադրության 67-րդ հոդվածը, որտեղ նշվում է ՌԴ տարածքի օտարման անթույլատրելիության մասին: Այս անմեղ դրույթը դժվար դրության մեջ է դնում՝ Ղրիմի հանրապետությունն ու Սևաստոպոլը ՌԴ Սահմանադրությամբ հստակ համարվում են ՌԴ տարածք: Նույն տարածքները հիշատակվում են Ուկրաինայի Սահմանադրությամբ իբրև Ուկրաինայի տարածք: ՌԴ նոր Սահմանադրությունը տագնապալի է Ուկրաինայի, Վրաստանի ու Բելառուսի պես երկրների համար: Դատելով Սահմանադրության նոր տեքստից՝ իր միջնորդավորված արտաքին քաղաքական ազդեցությամբ Պուտինի վարչակարգը դարձել է ավելի ռևիզիոնիստ, քան առաջ էր: Գուցե Պուտինի գերիշխանությունը հոգևարքի փուլում է, սակայն վերջին ջղաձգումները կարող են ծայրահեղ վտանգավոր լինել Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի ու ամբողջ աշխարհի համար:
Պավել Կլիմկին, Անդրեաս Ումլանդ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Մարկ Բենետսը The Times-ում գրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը թողնում է մեկուսացած մարդու տպավորություն՝ իր 2021-ի օրացույցի լուսանկարներում: Նրա սակավաթիվ ընկերներն են բուլղարական ավչարկան ու կրեմլամերձ բայկերը: Թեպետ ամենամյա օրացույցը թողարկող ընկերությունը, որ արդեն վաճառքի է հանվել 300 ռուբլի (3 ֆունտ) գնով, հերքում է, որ խորհրդակցում է Կրեմլի հետ լուսանկարների ընտրության հարցում, միայնակ Պուտինի պատկերներն արտացոլում են տարին, որի ընթացքում նրան հազվադեպ են տեսել մարդկանց մեջ: Ի տարբերություն անցյալ տարվա օրացույցի, որտեղ 67-ամյա Պուտինը համաշխարհային առաջնորդների հետ էր՝ ներառյալ Թրամփին ու Սի Ձինպինին, այս տարվա օրացուցում միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է: Այս տարվա օրացույցը հրապարակվեց Լևադա կենտրոնի հուլիսյան հարցումից հետո, որի համաձակ Պուտինին վստահում է միայն յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին, յուրաքանչյուր երրորդը այլևս չի հավատում նրա կայունության խոստումներին, որ բարձր վարկանիշի անկյունաքարն էին:


The Times-ը, իհարկե, փաստերն է արձանագրում, բայց հազիվ թե Պուտինն է մեղավոր իր մեկուսացման մեջ: 2020-ի կորոնատարում հակացուցված են սերտ շփումները ու մարդկանց կուտակումները, ու դա վերաբերում է ոչ միայն Պուտինին: Թերևս միայն Ֆրանսիայի նախագահն է համաշխարհային բոլոր ղեկավարներից, որ ակտիվորեն շարունակում է տետ ա տետ հանդիպումները: Մի քանի օր առաջ նա տեստավորվել էր, ու պատասխանը բացասական էր, իմա՝ շարունակելու է այցերն ու հանդիպումները: Պարզապես ժամանակ չունի տրվելու կորոնավախին՝ 2 տարուց նախագահական ընտրություններ են Ֆրանսիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ