Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք. կորոնավիրուսով վարակված և երկկողմանի թոքաբորբով դուրս գրված քաղաքացին՝ ԱՆ նախարարին

Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք. կորոնավիրուսով վարակված և երկկողմանի թոքաբորբով դուրս գրված քաղաքացին՝ ԱՆ նախարարին
28.05.2020 | 13:53

Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը Hetq.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր ։ Արամ Բաբաջանյանի հետ Hetq.am-ի հարցազրույցը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։


-Պարոն Բաբաջանյան, ե՞րբ և ի՞նչ ախտանշաններով զգացիք և ի՞նչ արեցիք։
-Մայիսի 9-ին զգացի, որ թուլություն ունեմ։ Ջերմությունս չափեցի՝ 37.4 էր։ Մտածեցի երևի մրսել եմ, բայց գիշերը դողէրոցք ունեցա, իսկ առավոտյան ջերմությունս 38 էր։ Պոլիկլինիկայի բժշկի հետ խոսեցի, հանգստացրեց, որ իր կարծիքով վիրուս չկա մոտս։ Հաջորդ գիշերը նույն պատմությունն էր։ Նորից զանգահարեցի պոլիկլինիկա, կրկին տեղեկացրի առողջական վիճակիս մասին։ Տեսնելով, որ պոլիկլինիկայից համապատասխան արձագանք չկա, մայիսի 12-ին գնացի «Վարդանանց» բժշկական կենտրոն՝ թեստ հանձնելու։ Ես և կինս յուրաքնաչյուրս 20 հազարական դրամ վճարեցինք արագ թեստի համար։ Ասեցին՝ ձեզ մոտ բացասական է, ոչ ունեցել եք վիրուս, ոչ հիմա ունեք։ Ջերմությամբ պայմանավորված՝ վճարեցինք և սոնոգրաֆիա էլ կատարեցինք։ Ասեցին՝ նորմալ է։ Մենք էլ ուրախացանք, որ լուրջ խնդրից խուսափել ենք և եկանք տուն։
-Այդ ընթացքում ջերմությունը նորմայից բա՞րձր էր Ձեզ մոտ։
-Այո՛։ Եկանք տուն, տեսանք, որ ջերմությունը չի իջնում, որոշեցինք կրկին թեստ հանձնել՝ արդեն քթից և կոկորդից քսուք վերցնելու տարբերակով։ Նույն ԲԿ-ում վճարում կատարեցինք այս անգամ յուրաքանչյուրս 25 հազար դրամ և այդ անալիզն էլ հանձնեցինք։ Մեր բնակարանում ես և կինս ենք ապրում, դրա համար երկուսս էլ հանձնեցինք։ Եկանք տուն և մայիսի 13-ին զանգով տեղեկացրին, որ երկուսիս մոտ էլ դրական է։ Ասացին, որ կտեղափոխեն հիվանդանոց։ Հաջորդ օրը մեզ տարան Օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել էր և սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։
-Ի՞նչ հետազոտություններ անցաք և ինչպե՞ս էր ընթանում բուժումը։
-Շտապօգնության մեքենան, որ եկավ մեր հետևից, նաև այլ հիվանդ մարդու վերցրինք, բոլորս իրար հետ տեղափոխվեցինք հիվանդանոց։ Բարձրացրին մեզ 5-րդ հարկ, դուռը կողպված էր, բացեցին, մեզ ցույց տվեցին մեր սենյակը։ Այդ հարկ ոչ մեկ չէր կարող մտնել, միայն հիվանդներն էին։ Օրվա մեջ երկու անգամ այդտեղ մտնում էին հերթապահ բժիշկը և քույրը, որը սրսկումներն էր անում։ 24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվում ես 5-10 րոպե։ Ոչ մի հարցի պատասխան չես կարող իմանալ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր ես ստանում, ինչպիսին են հետազոտություններիդ պատասխանները։ Հերթապահ բժիշկները, որ ամեն երեկո և առավոտյան պալատ մտնելուց մասնագիտական հարցերի չէին պատասխանում, միայն ջերմության չափն էին ճշտում և արյան մեջ թթվածնի տոկոսն էին չափում ու նշում իրենց մոտ։ Բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա մեջ տեսնում էինք 2-3 րոպե։
Մեր թոքաբանը 40 հիվանդի էր սպասարկում։ Ֆիզիկապես չէր կարող հասցնել բոլորին պատշաճ ձևով սպասարկել։ 30 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերից էր գործուղվել, բացի դա, հերթապահում էր նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։
-Բայց դուք գիտե՞իք, որ երկկողմանի թոքաբորբ ունեք։
-Ինձ երկրորդ օրն ասացին, երկու օր հետո կնոջս էլ ռենտգեն արեցին և ասացին, որ իր մոտ էլ երկկողմանի թոքաբորբ կա։ Թոքաբորբի բուժման մեխն այն է, որ պետք է իմանան, թե քո մոտ ինչ ինֆեկցիա է, որ ըստ դրա ընտրեն, թե որ հակաբորբոքայինով պետք է բուժեն։ Դա բուժման ամենագլխավոր բաղադրիչն է։
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ դուրս գրվեցիք։
-Մայիսի 23-ին և 24-ին սկսեցին հիվանդներին զանգվածաբար դուրս գրել։ Մեր բաժանմունքից մոտ 15 անձի դուրս գրեցին: Ես հարց եմ ուզում տալ նախարարին։ Այդ մարդիկ, որ դուրս են գրվել, թեստավորված, դրական պատասխան ստացածները և ընդհանրապես չթեստավորվածները, իրենց հաղորդած վիճակագրության մեջ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում։ Առողջացածների մե՞ջ են, թե՞․․․ Այդ 15 հոգին անելանելի վիճակում էին։ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում։ Ասում էր՝ ո՞նց մեկուսանամ մեկ սենյականոց բնակարանում, որ տղայիս ընտանիքին չվարակեմ։ Մյուս մարդիկ էլ նույն խնդրին էին բախվելու, ապրում էին իրենց ընտանիքների հետ։ Միևնույն է, դուրս գրեցին բոլորին։ Զարմանալի չէ, որ վարակակիրների թիվը կտրուկ աճում է:
-Դուրս գրելիս ձեզ չե՞ն թեստավորել։
-Ինձ և կնոջս չեն թեստավորել, բայց դուրս գրվածների մեջ կային թեստավորված և դրական պատասխանով անձինք։
-Ստացվում է, որ դուրս գրվելու պահին, դուք երկկողմանի թոքաբորբ ունեիք, չունեիք մի շարք հետազոտությունների պատասխաններ։ Հիմա բերել են ձեզ տուն։ Կպատմե՞ք տանը ինչպես եք բուժվում, ձեզ ո՞վ է ներարկումներ անում, սննդի հարցն ինչպե՞ս եք կարգավորում։
-Մեզ դուրս գրելիս ասացին, որ երեք օր պետք է սիստեմաներ ստանաք, տվեցին դեղերի ցանկ։ Ասացինք՝ թեստ արեք, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք բժիշկ հրավիրել տուն։ Ասացին՝ ձեզ պոլիկլինիկայում թեստ կանեն։ Պոլիկլինիկայի հետ կապ ենք հաստատում և հայտնում, որ մեր բուժումը պետք է շարունակվի։ Ասում են՝ մենք այդպիսի ցուցում չունենք։ Ասում ենք, լավ իսկ մարդ ունե՞ք, որ կարող է ներարկումներ անել, մենք նույնիսկ չգիտենք մեր ներկայիս վիճակը։ Ասում են՝ չգիտենք։ Հաջորդ օրը իրենք են արդեն կապ հաստատում, ասում եմ, որ նախարարի ցուցումն է, որ պոլիկլինիկայից պետք է սպասարկեն, ասացի, որ երկու օր անտեր ու դուրս ո՛չ բուժում ենք ստանում, ո՛չ էլ։ Համաձայնեցին ինձ հետ, ասացին, որ այսօր նոր պետք է գլխավոր բժիշկը քաղաքապետարանում ժողովի մասնակցի այդ թեմայով։ Զարմանալի է, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին։
-Եթե անհանգստացնող հարցեր ունեք, կարո՞ղ եք դուրս գալ տնից, գնալ պոլիկլինիկա։
-Ոստիկանությունից եկան, զգուշացրին, որ տունը մնանք։ Ասում եմ՝ լավ, մնանք, բայց մեզ բժիշկ էլ է պետք։ Ասում է՝ մեր գործառույթը չի։ Այսինքն՝ մի կողմից ոստիկանությունը ստուգում է, որ դուրս չգաս տնից, մյուս կողմից էլ բուժման, հետազոտման կարիք ունես։ Հիմա չգիտենք՝ մեր երկկողմանի թոքաբորբն ինչ վիճակում է։ Բացի թոքաբորբը, իրենց «բուժման» արդյունքում առողջական նոր խնդիրներ ունեցա, որոնք կապված են լյարդի հետ, ինչպես նաև սնկային հիվանդություն սկսվեց, որի դեմ բուժումը սկսեցին միայն հակաբորբոքայինի կուրսի վերջին հատվածում։ Ուզում եմ ստանալ 10 օր հիվանդանոցում գտնվելու ընթացքում իմ ստացած բուժման սխեման, տեսնեմ՝ որ օրը ինձ ինչ դեղեր են ներարկել, ինչ չափաբաժնով, որն ինձ անհրաժեշտ է հետագա բուժումս կազմակերպելու համար։
-Ի՞նչ կուզեք ասել, որի մասին չհարցրի։
-Կուզեմ առողջապահության նախարարին հարց տալ։ Ինքը ռեալ պատկերացնու՞մ է՝ ինչ է կատարվում իր ենթակա հիմնարկներում։ Երբ որոշում են հիվանդներին ուղարկել ըստ բնակության վայրի, դա համաձայնեցրե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց ենթակայությամբ են գործում պոլիկլինիկաները, որ իրենք պետք է զբաղվեն այդ հիվանդներով։ Ես տեսնում եմ, որ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքն ինչ է անում։
Ինձ հետաքրքիր է վիճակագրությունը, որ ամեն օր նախարարությունը ներկայացնում է․ այդ բուժվածների մեջ մտնու՞մ ենք մենք, այս 15 հոգին, որ դուրս գրվեցինք և որոնց մասին ես գիտեմ, բայց իրականում այդ թիվն ավելի մեծ է։ Մենք ո՞ր կատեգորիայի մեջ ենք։ Լավ կլինի նախարարը հիվանդանոցներում մի գիշեր մնա և տեսնի, թե ինչպես են բուժում հիվանդներին, ի՞նչ է կատարվում հիվանդանոցներում։ Սրանք իմ անձնական հարցերը չեն, ինձ հետ այս վիճակով հարյուրավոր մարդիկ են եղել։

Դիտվել է՝ 2574

Մեկնաբանություններ