«Իսկանդերի» մշակողը՝ համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

«Իսկանդերի» մշակողը՝ համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
24.02.2021 | 22:26

«Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հարցազրույցում անդրադարձել է «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավետության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Հայտարարելով «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին, Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է տեր կանգնի իր խոսքերին: Նման լուրջ մեղադրանք ներկայացնել հրթիռային համակարգի վերաբերյալ և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը, Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է: Դե, «80-ականների զենքի» մասին նրա հայտարարությունն արդեն անհարգալից դատարկախոսության նշան է: Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն «Իսկանդերով» զինվելը ավարտել է միայն 2019 -ի վերջին: Արտահանման տարբերակով Հայաստանը մի քանի այդպիսի համալիրներ ստացել է նույնիսկ ավելի վաղ, ի վերջո, մենք դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։ Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։


«Գիտե՞ք էլի ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ հրթիռի մարտագլխիկը պայթել է ընդամենը 10% -ով: Որ վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Կրթական ծրագիր է պետք: Ըստ ամենայնի, նա կամ դպրոցում ծույլիկ աշակերտ է եղել, կամ ականջի ծայրով է լսել, որ արտահանման տարբերակի «Իսկանդեր» -ի մարտագլխիկի կարողությունը 10% -ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից: Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ: Նա լեզվից ծիծաղելի բան է թռցրել`ասելով, որ հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10% -ով: Նման անհեթեթություն գոյություն չունի նույնիսկ հայկական հայտնի անեկդոտներում:


Եվ վերջում... Փաշինյանը լռել է մի շատ կարևոր բանի մասին. երբ հայկական «Իսկանդեր»-ի մի զույգ վատ թիրախավորված հրթիռներ պայթել են Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավթագազային օբյեկտների մոտ, Բաքուն հստակ հասկացել է, որ իրենք պետք է վերջ տան պատերազմին: Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ ահռելի կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդեր»-ի մարտագլխիկը աշխատեր միայն Փաշինյանի ասած ծիծաղելի 10%-ով... Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի»,-ասել է փորձագետը:

Դիտվել է՝ 96077

Մեկնաբանություններ