Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Ստացվում է՝ թուղթ են վաճառում մարդկանց վրա»

«Ստացվում է՝ թուղթ են վաճառում մարդկանց վրա»
22.02.2019 | 03:32

Համատիրությունների հարցը դարձյալ օրակարգում է: Կարելի է ենթադրել, որ լուծարվելու են դրանք, կամ փոխվելու է կառավարման մոդելը: Պետք է նաև հուսալ, որ խնդիրների լուծման նոր ու արդյունավետ ձևեր կառաջարկվեն: Փաստն այն է, որ բնակիչ-համատիրություն կապը մշուշոտ ու ձևական բնույթ է կրում: Նախ` բնակիչներից շատերը գումար են վճարում գլուխն ազատելու համար, այնպես էլ չհասկանալով` ու՞ր են գնում վճարված գումարները, ինչի՞ համար են համատիրությունները: Վերջիններս էլ աշխույժ ու պարտաճանաչ են դառնում միայն դռնեդուռ ընկած քաղաքացիներից վարձավճար պահանջելիս: Հիմնականում սրանով է սկսվում ու ավարտվում համատիրությունների հետ բնակիչների կապը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ բարձրացրել էր խնդիրը, նշել, որ տասնյակ նամակներ է ստացել բնակիչներից, որոնք խնդրում են ազատել իրենց համատիրություններից:


«Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ դեյուրե համարվում է, թե բնակիչները ժողով են արել ու ընտրել համատիրության ղեկավարին, բայց իրականում բնակիչները չեն ընտրել: Ավելին՝ վերջին շրջանում ստացած նամակ-բողոքներից պարզ է դարձել, որ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում իրենց համատիրությունը, հեռախոսահամար չունեն: «Բացի այդ, ունենք համատիրություններ, որտեղ, օրինակ, 100 շենք է ընդգրկված, և պարզ է, որ դրանք չեն կարող որակյալ ծառայություններ մատուցել բնակչությանը: ՈՒնենք խնդիր` կապված մարդկանց իրազեկվածության հետ. բնակիչը չգիտի՝ այս կամ այն խնդրի դեպքում դիմել համատիրությու՞ն, թաղապետարա՞ն, թե՞ քաղաքապետարան: Հիմնականում միանգամից դիմում են քաղաքապետարան»,- ասաց մեր զրուցակիցը, օրենսդրական խնդրին անդրադառնալով էլ նշեց, որ շատ թույլ է պետական վերահսկողությունը, հանրային հսկողությունն էլ գրեթե բացակայում է. բնակիչները չեն փորձում վերահսկել համատիրությունների գործունեությունը, պահանջել կատարված աշխատանքի հաշվետվությունը, թեև վերջիններս պարտավոր են շքամուտքերում փակցնել տեղեկություն, թե ինչ նպատակով և որքան գումար են ծախսել:


Իզաբելա Աբգարյանը մեջբերեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ հայտնաբերել է համատիրություն, որը երեք տարում ընդամենը մեկ դուռ է փոխել, բայց դուրս է գրել 3 միլիոն դրամ, ընդ որում, վարկով: ՈՒստի և առաջին հերթին իրականացվելու են օրենսդրական փոփոխութուններ, վարչական շրջանների ղեկավարներն էլ ֆինանսական հաշվետվություններ են պահանջելու համատիրություններից. «Որովհետև չի կարելի միանշանակ ասել՝ բոլորը վատ են աշխատել: Երևանում կան լավ համատիրություններ, ինչի մասին փաստում են նաև բնակիչները, և կան համատիրություններ, որոնք զբաղված են պարզապես բնակիչներից գումար շորթելով ու տեղեկանք վաճառելով, որովհետև միակ բանը որ բնակչին կապում է նրանց հետ, անշարժ գույքին առնչվող փաստաթուղթ ստանալն է: Եթե «պարտք» ես համատիրությանը, ստիպված ես հետին թվով վճարումներ անել, որ տեղեկանքը տան: Ստացվում է՝ թուղթ են վաճառում մարդկանց վրա»,- եզրահանգեց Իզաբելա Աբգարյանը:


«Համատիրություններից ազատվելով մեր քաղաքացիները կարո՞ղ են դրական փոփոխություններ ակնկալել». մեր այս հարցին ի պատասխան տիկին Աբգարյանն ասաց, որ պետք է լինի այդ օղակը` սպասարկելով 3, 4, 10 շենք, բայց հարցն այն է` կկատարի՞ իր գործառույթը, և արդյոք հավաքագրված գումարը բավարար կլինի՞ համապատասխան ծառայություններ իրականացնելու համար: «Օրինակ, բազմաբնակարան շենքի տանիքը, ըստ օրենքի, պետք է համատիրությունը փոխի, բայց չի կարող, որովհետև մեծ ծախսերի հետ է կապված: Դրա համար էլ օրենքը վերանայելիս պետք է ամրագրել, որ ծախսվող գումարն ու մատուցվող ծառայությունը համարժեք լինեն»:


Մինչ այդ՝ վճարե՞լ, թե՞ չվճարել համատիրությունների պահանջած վարձավճարը:
«Ես շատ վաղուց, նախքան ավագանու անդամ դառնալը, կոչ եմ արել, որ եթե տեսնում եք՝ ձեր համատիրությունը ոչ հաշվետվություն է ներկայացնում, ոչ էլ գործ անում, պետք է շենքով հավաքվել ու դուրս գալ համատիրությունից, միանալ այլ համատիրության կամ ստեղծել նորը: Այստեղ խնդիր կա. քաղաքապետարանը չի կարող շենքը հանել համատիրությունից, պետք է քաղաքացիները ժողով գումարեն, դուրս գան: Ես կոչ կանեի՝ չվճարել նման համատիրությանը, անպայման դիմել վարչական շրջան, տեղյակ պահել և անել ամեն ինչ, որ անպարտաճանաչ համատիրությունը հնարավորինս շուտ սնանկանա ու լուծարվի: Շատ անհարմար վիճակ է ստեղծվել, որովհետև հակասություն կա. եթե որոշում կայացնելու իրավունքը քաղաքային իշխանության ձեռքում լիներ, և օրենսդրությունը թույլ տար, մենք հենց հիմա կլուծարեինք բոլոր համատիրությունները»,- եղավ պատասխանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao