ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում
06.11.2019 | 15:00

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է անում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով: Դասադուլի կազմակերպիչներից, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող է: «Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ: Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում»,- ասաց Գյուլումյանը։ Դասադուլի մասնակիցներից ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սամվել Եղիազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով: Նա նշեց, որ այդ նպատակով ստորագրահավաք են կազմակերպել: «Նամակին կցելու ենք նաև ստորագրությունները: Ստորագրահավաքին այս պահին միացել է 700 ուսանող, որոնց թվում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բոլոր ուսանողներն են, Պատմության ֆակուլտետից ուսանողներ կան, այլ բուհերի ուսանողներ ևս»,-ասաց նա:


Սամվել Եղիազարյանը հայտնեց, որ իրենք ստորագրություններն ու բաց նամակը բարձրաստիճան պաշտոնյաներին կուղարկեն մոտ օրերս, իսկ իրենց ստորագրահավաքին զուգահեռ նման ակցիա է իրականացվում նաև դասախոսների կողմից:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao