Սաուդյան Արաբիան ու Իրանը սպառնալիքներ են փոխանակել

Սաուդյան Արաբիան ու Իրանը սպառնալիքներ են փոխանակել
23.09.2019 | 10:56

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել ի պատասխան իրենց նավթային օբյեկտների վրա հարձակման: Էր Ռիադը շարունակում է պնդել, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է Իրանը: Թեհրանը մեղադրանքներն անվանում է անհիմն: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ծանոթացել է նավթային օբյեկտների հարձակումից հետո կատարված հետաքննության նախնական արդյունքներին: Արդեն հաջողվել է հաստատել, որ հարձակման ժամանակ օգտագործվել է իրանական զենք: ԱԳՆ-ն լրագրողների ուշադրությունը հրավիրել է այն իրողությանը, որ իր տվյալներով՝ հարվածը եղել է հյուսիսից, ոչ թե հարավից, որտեղ հարձակման պատասխանատվությունը ստանձնած եմենցի ապստամբների բազան է:

Հետաքննությունը շարունակվում է, արդյունքները կհրապարակվեն հետաքննչական բոլոր գործողությունների ավարտից հետո: Համանման հայտարարություն էր արել Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն՝ ցույց տալով դրոնների ու թևավոր հրթիռների բեկորները և պնդելով, որ այդ զենքերը արտադրված են Իրանում ու Իրանից է եղել հարվածը: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխանությունները խորհրդակցում են իրենց դաշնակիցների հետ՝ քննարկելով պատասխանի տարբերակները: Դիվանագետը չճշտեց՝ ինչ տարբերակներ կան: ՙԹագավորությունը կոչ է անում համաշխարհային հանրությանը պատասխանատվություն դրսևորել, հաստատուն ու միանշանակ դիրքորոշում որդեգրել անպատասխանատու վարքագծի նկատմամբ, որ սպառնալիք է ամբողջ համաշխարհային տնտեսությանը և վճռականորեն դատապարտել նրանց, որ այս գործողությունների թիկունքում են՚՝ հավելել է Ադել ալ Ջուբեյրը:
ԱՄՆ-ը նույնպես գտնում է, որ պատասխանատուն Թեհրանն է: ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ, անանունության պայմանով, լրագրողներին տեղեկացրել են, որ հարվածները հասցվել են Իրանի հարավից: Ուրբաթ օրը Պենտագոնը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիա զորախումբ կուղարկի, որի նպատակը երկրի հակաօդային ու հակահրթիռային պաշտպանունակության ամրապնդումն է: Թվաքանակն ու մեկնումի ժամկետը դեռ որոշարկված չէ: Դոնալդ Թրամփն էլ նոր պատժամիջոցներ հավելեց Իրանի դեմ:


Սաուդյան Արաբիայի նավթագործարանի վրա հարձակման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել են Եմենի ապստամբ հուսիտները, որ վայելում են Իրանի աջակցությունը: Թեհրանը հայտարարում է, որ կապ չունի կատարվածի հետ: Իրանի զինված ուժերը սպառնացել են որ կոչնչացնեն ցանկացածին, որ իրենց վրա կփորձի հարձակվել: ՙԶգույշ եղեք: Մենք թույլ չենք տա ագրեսիայի սահմանափակ ակտը սահմանափակ մնա և մտադիր ենք ոչ միայն հակադարձել ցանկացած ագրեսորի, այլև շարունակել ռազմական գործողությունները մինչև լիակատար ոչնչացում՚՝ հայտարարեց Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին՝ բացելով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ամերիկյան խփված դրոնները: Կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն արձագանքեց Սաուդյան Արաբիա զորք ուղարկելու ԱՄՆ-ի խոստմանը: Հաջիզադեի խոսքով՝ ԱՄՆ-ը պիտի սովորի իր նախկին սխալներից, Իրանի վրա հարձակվելու ցանկացած փորձ վճռական հարված կստանա:
BBC


Հ.Գ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ-ը փորձելու է հակաիրանական նոր կոալիցիա ձևավորել՝ ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի: Իրանը մինչև տարեվերջ ՄԱԿ-ին կներկայացնի Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի անվտանգության ապահովման համագործակցության ծրագիր՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Այս տարի մենք ՄԱԿ-ին կապացուցենք, որ Իրանը, համագործակցելով տարածաշրջանի երկրների հետ, կարող է անվտանգություն ստեղծել Պարսից և Օման ծոցերում»՝ ասել է նա և հավելել, որ Պարսից ծոցի տարածաշրջանում օտարերկրյա զորքերի առկայությունը ուժեղացնում է «անապահովությունը» տարածաշրջանում: Արաբական կոալիցիան Իրանի դեմ է տրամադրված: Եվրոպան սպասում է հարձակման հետաքննության արդյունքներին, Ռուսաստանը հայտարարել է, որ չի հավատում Իրանին առաջադրված մեղադրանքներին: ԱՄՆ-ում վերսկսվել են Իրանի նավթային ու ռազմական օբյեկտները հրթիռակոծելու անհրաժեշտության մասին խոսակցությունները: Իսրայելը՝ Կնեսետի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի պատճառով, խառն է և հազիվ թե հիմա նույն ռազմատենչությամբ պայքարի Իրանի դեմ: Ռուսաստանը փորձում է չեզոքացնել նաև Թուրքիային՝ հետ պահելով Էրդողանին Իրանի դեմ հանդես գալուց: Սպասենք իրադարձությունների ընթացքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao