ReAnimania 2019
 

ԱՄՆ-ը դրսևորում է իր անպատասխանատու եսասիրությունը

ԱՄՆ-ը դրսևորում է իր անպատասխանատու եսասիրությունը
09.10.2019 | 11:10

Ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու Դոնալդ Թրամփի որոշումը քրդերին թողնում է հարձակվող Թուրքիայի իշխանության տակ: Դա անսպասելի հաջողություն է ԻՊ-ի 12 000 զինյալների համար, որ հիմա բանտարկված են սիրիական Քուրդիստանում՝ ասել է աշխարհաքաղաքագետ, Մոնտենի ինստիուտի հատուկ խորհրդական Դոմինիկ Մուազին՝ շվեյցարական Le Temps-ին հարցազրույցում: «Իհարկե, կա աշխարհաքաղաքական գործոն: Այն պահին, երբ Թուրքիան ուզում է խառնվել քրդերի գործերին, Վաշինգտոնն ասում է Անկարային. «Արեք ինչ ուզում եք, ես ձեռքերս լվանում եմ»: Դոնալդ Թրամփը քրդերի նկատմամբ հանդես է գալիս Պոնտացի Պիղատոսի դերում: Բայց կա և ամերիկյան ներքին քաղաքականությանը բնորոշ դինամիկա, խոսքը նախագահի դեմ իմպիչմենտի գործընթացի մասին է: Թրամփը ցանկանում է փոխել խոսակցության թեման: Նա իր քաղաքացիներին ասում է, որ դեմոկրատների դավաճանության դեմ հանդիման, ինքը հասկանում է՝ ինչն է կարևոր՝ չխառնվել աշխարհի գործերին: Նա ազդարարել է իր հավատամքը՝ «Ամերիկան նախևառաջ» և պնդում է, որ չափազանց բարդ երկրներում, ինչպես Սիրիան է, ոչինչ հնարավոր չէ շահել: Այսօր իր հեռանալով Սիրիայից ԱՄՆ-ը մեծացնում է քաոսի ռիսկը»՝ գտնում է Դոմինիկ Մուազին:


«Թուրքիայի համար Սիրիայում, ինչպես ամերիկացիների դեպքում է, նշանակություն ունի իր ներքին քաղաքականությունը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ թուրքերը ինչ-որ ուրիշ թեմայի մասին մտածեն, ոչ թե քաղաքական բռնությունների ու տնտեսական իրավիճակի: Նա խաղում է թուրքական ազգայնականության ու քրդերին անկախ տեսնելու վախի վրա: Որոշակի նմանություն կա Թրամփի ու Էրդողանի միջև»՝ նշում է փորձագետը:
«Ամերիկացիների որոշումը երկակի նշանակություն ունի: Մի կողմից դավաճանություն է քրդերին, երեկ նրանք դաշնակիցներ էին, իսկ այսօր նրանց լքում են: Մյուս կողմից՝ Ամերիկան նաև հրաժարվում է Մերձավոր Արևելքում իր դերից: Որոշակի զուգահեռ կա քրդերի վերաբերյալ որոշման և ուկրաինական գործի միջև: Մեսիջը պարզ է՝ «Այլևս ոչ ոք չի կարող վստահել ԱՄՆ-ին»՝ եզրակացնում է աշխարհաքաղաքագետը: «Տեսականորեն քրդերը կարող էին հույս դնել Եվրոպայի վրա: Բայց նրանք հասկանում են, որ Եվրոպան ոչինչ չի անի, որովհետև փախստականների հարցում կա թուրքական շանտաժը և որովհետև ոչ մի եվրոպական կառավարություն չի ցանկանում կռվի մեջ մտցնել իր ցամաքային զորքերը՝ նրանց պաշտպանելու համար: Սիրիացիներին կամ ռուսներին դիմելն այդքան հեշտ չէ: Սիրիացիներն այս փուլում շահագրգռված չեն քրդերի ուժեղացումով: Ռուսները շահագրգռված են մասնատված ու թուլացած Սիրիայում իրենց ներկայության կարևորությունը ուժեղացնելով: Հիմա քրդերը ծայրահեղ մենակ են միջազգային ասպարեզում»՝ նշում է փորձագետը: «Անկարգությունները, որ հետևելու են Թուրքիայի ռազմական գործողությանը, անկասկած, լավ նորություն են ջիհադականների համար: Նրանք այլևս քրդերի համար գերակայություն չեն, քրդերը ստիպված են իրենց ուժերը ու միջոցները կենտրոնացնել իրենց թուրքերից պաշտպանելու վրա»՝բացատրում է փորձագետը:


«Քանի որ քրդերը գիտեն, որ իրենց դավաճանել են, գլխավորը նրանք այլևս ի վիճակի չեն բանտարկված պահել 12000 ջիհադականների, նրանք կարող են նրանց ազատ արձակել կամ օգտագործել այդ հեռանկարը՝ Արևմուտքին շանտաժ անելու համար»՝ ենթադրում է Մուազին:
«Եզրակացությունը պարզ է՝ ամերիկյան եսասիրությունը անպատասխանատվություն է Մերձավոր Արևելքի նկատմամբ, Եվրոպայի նկատմամբ, ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ, ալյանսներին վստահելու նկատմամբ: Եթե մենք ուզում էինք ստանալ Թրամփի օրոք ամերիկյան դիվանագիտության անպատասխանատվության ևս մեկ ապացույց, մենք արդեն ստացանք»՝ ամփոփում է Դոմինիկ Մուազին:
Մարկ Ալգյովեր, Le Temps


Հ.Գ. ԱՄՆ հատուկջոկատայիններին Սիրիայի քրդաբնակ հյուսիս-արևելքից դուրս բերելու որոշումը շատերին շոկի մատնեց: Նույնիսկ Թրամփին հավատարիմ հանրապետականները՝ Սենատի մեծամասնության ղեկավար Միտչեմ Մակկոնելի ղեկավարությամբ, քննադատեցին այդ որոշումը և սպառնացին օրենք ընդունել, որ կարգելի նախագահին զորքը Սիրիայից հանել: Այդ օրենքը կարող է մեծամասնություն հավաքել ու հաղթահարել նախագահի վետոն, եթե նա վճռի օգտագործել այդ իրավունքը: Իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու դեպքում երկկուսակցական օրինագիծ ներկայացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու մասին: Սենատորը Twitter- ում գրել է. «Սիրիայում իրավիճակի շուրջ ես խոսել եմ սենատոր Քրիս Վան Հոլլենի հետ: Մենք կներկայացնենք երկկուսակցական օրինագիծ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ և կոչ կանենք կասեցնել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք մտնեն Սիրիա ու հարձակվեն քրդերի վրա, որ օգնել են ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում»:


Եթե սկզբում Թրամփը ասում էր, որ կատարում է արտասահմանյան կոնֆլիկտներում ամերիկացիների մասնակցությունը դադարեցնելու ու զինվորներին տուն վերադարձնելու իր նախընտրական խոստումը, երեկոյան նա Թվիթերում գրեց. «Ես հաստատուն հայտարարել եմ առաջ ու հիմա կրկնում եմ՝ եթե Թուրքիան ինչ-որ քայլ կանի, որ ես, իմ մեծագույն ու բացառիկ իմաստնությամբ, կհամարեմ անթույլատրելի, ես ամբողջությամբ կկործանեմ ու կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը (ինչպես նախկինում արել եմ)»:


Պենտագոնն ընդգծել է, որ բոլորովին չի աջակցում թուրքական ռազմական գործողությունը: Սպիտակ տանը երեկոյան հայտարարեցին, որ իրականում զորքերը դուրս չեն բերվում՝ ուղղակի 50 հատուկջոկատային թուրքական ռազմական գործողության վայրերից տեղափոխվում են Սիրիայի այլ շրջաններ: Սիրիայում 1000 ամերիկացի զինվորականներ կան: Թուրքիայի ՊՆ-ն արդեն հայտարարել է, որ երկուշաբթի ավարտել է ռազմական գործողության նախապատրաստումը՝: Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների անցկացմանը՝ ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Համոզված ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն նպաստի Թուրքիայի անվտանգությանը, այլ նաև նյութական վնասի և մարդկային զոհերի կհանգեցնեն: Իրանը դեմ է ռազմական որևէ գործողության անցկացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao